«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2004-10-02 | #174, 2004-10-05 | #175, 2004-10-06


«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ՏՐՎԻ ԱԶԳԱՅԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ»

Հարցազրույց ԳԱ ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն, բանասիրական գիտ. դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ Սարգիս Հարությունյանի հետ

- «Սասնա ծռեր» էպոսի մեկնաբանություններով վերջերս հանդես են գալիս ինքնուս էպոսագետներ, հանրությանը մատուցելով գերհրաշ հայտնություններ, համաձայն որոնց էպոսը պարունակում է հաղորդագրություն, որին ունկնդիր լինելով միայն կարելի է դուրս գալ ներկա ծանր վիճակից:

- Էպոսի նմանատիպ մեկնաբանությունները գիտական որեւէ հիմք չունեն, ամեն մեկն իր մտածածն է ուզում տեսնել էպոսում, եւ քանի որ այդ «էպոսագետներն» էպոսին որեւէ վնաս չեն տալիս, դեռ ավելինՙ բարձրացնում են էպոսի դերը, մասնագետներս չենք ուզում խառնվել: Առհասարակ, անկախությունից հետո մեր քաղաքական մտածողության մեջ այդպիսի երեւույթները շատացան, նույնիսկ մեկը Լեւոն Տեր-Պետրոսյանին առաջարկել էր հայոց դիվանագիտությունը զարգացնել Էպոսին հետեւելով, հատկապես Մեծ Մհերի օրինակով: Անշուշտ, հետաքրքրական է, որ էպոսի մեջ փորձում են տեսնել դարերի իմաստնությունը, դա լավ է, թող տեսնեն, բայց հիմնավորումները սիրողական մակարդակի են: Իբրեւ էպոսագետ ներկայացողների մեջ կա մեկը, որ վերջերս հաճախ է հեռուստատեսությամբ ելույթ ունենում: Նրան չեմ ճանաչում, բայց նկատեցի, որ լավ գիտի էպոսի պատումներն ու յուրովի է մեկնաբանում: Դրա մեջ դրականն այն է, որ էպոսի հանդեպ հետաքրքրություն է առաջանում, բայց նրանց էպոսագետ համարելն, իհարկե ճիշտ չէ, որովհետեւ դրա համար պետք է լինել բանահավաք, բանասացներից լսել կենդանի խոսքը, մեկ առ մեկ հետազոտել բոլոր պատումները եւ այլն: Էպոսի սիրողական մեկնաբանությունների տարածումը բացատրվում է մեր ապրած ժամանակաշրջանով. երբ մարդկանց սոցիալական, հոգեբանական վիճակը նեղանում է, ճգնաժամային պահերին միշտ պոռթկում է լինում եւ սկսում են եղածի մեջ փնտրել այնպիսի բաներ, որոնք իրականում գոյություն չունեն: Բանահյուսության մեջ հոգեբանական գործոնը շատ ուժեղ է, այնպես որ, դա միանգամայն բնական երեւույթ է:

- Վերջերս ժողովրդին ամեն ինչում մեղադրողները շատացել են, ոմանք նույնիսկ պնդում են, թե մեր ժողովուրդն իր որակը փոխել է: Համաձա՞յն եք նրանց հետ:

- Ժողովուրդ ասելով ես հասկանում եմ հողի աշխատավորին, որը երբեք քաղաքական խաղերի մեջ չի մտնում, այլ ազնիվ ու շիտակ իր գործն է անում, իսկ քաղաքականության մեջ մտնողներն ալիքի վրա բարձրացած թեթեւ տաշեղներ են, որ ամբոխավարություն են ստեղծում: Հայերիս կուսակցականությունը սոսկալի վնաս է տվել եւ տալիս է, իսկ ամենանողկալին այն է, որ ամեն մեկը խոսում է ժողովրդի անունից, ու երբ ժողովուրդը գլխի է ընկնում, հետ քաշվում, սկսում են մեղադրել, թե ժողովուրդն էր մեղավոր, իրենց չլսեց: Զարմանալի ու անընդունելի է, որ երկրի ղեկավար են ձգտում դառնալ առանց քաղաքական խոր գիտելիքների ու ժողովրդական հոգեբանության իմացության:

- Չե՞ք կարծում, որ ժողովրդական հոգեբանություն ուսումնասիրող ինստիտուտի բացակայության հետեւանքներն այսօր արդեն ուժգնորեն զգում ենք:

- Գիտության եւ մասնավորապես մեր երկրի հիմքն ու ելակետը համարվող հայագիտության նկատմամբ մեր պետական այրերի վերաբերմունքը թույլ է տալիս ասել, որ այդպիսի ինստիտուտ չունենք ու դեռ երկար ժամանակ չենք ունենա: Մեր չինովնիկների մեծ մասը հեռու է գիտությունից, նկատի չունեմ, որ բոլորը պետք է գիտնականներ լինեն, բայց նրանք պարտավոր են հարգել գիտությունը: Եթե այս մակարդակն է մեզանում, ի՞նչ կարելի է սպասել: Ժողովրդական հոգեբանությունը շատ լուրջ խնդիր է, որն արդեն մեզ մոտ ծագել է: Երբ խորհրդային տարիներին բանահյուսությունը կապում էի հոգեբանության հետ, շատերը դա համարում էին իդեալիստական մոտեցում, նույն ձեւով առասպելաբանությունը կապվում էր կրոնի հետ եւ արգելվում: Մենք դեռ չենք հասել այն մակարդակին, որ գիտակցենք հոգեբանության եւ հատկապես ժողովրդական հոգեբանության կարեւորությունը:

- Գուցե դրա արմատները պետք է փնտրել ժողովրդական բանահյուսությունից կտրվելու եւ այն որպես դաստիարակության գլխավոր միջոց չօգտագործելու մեջ: Ժողովրդական խաղիկներով, բառ ու բանով սերունդ կրթելու ժամանակներն անցած են համարվում, իսկ ռուսախոս ու անգլիախոս երեւալու քաղքենի ցուցամոլությունը նոր թափ է առնում: Մինչդեռ մեր ժողովրդին խորությամբ ճանաչելու համար պարտավոր ենք անգիր իմանալ ժողովրդական բանահյուսության լավագույն նմուշները, որոնց մեջ փայլուն երեւում են բոլոր գծերը, լավ ու վատ հատկանիշները: Ի՞նչ կասեք այս մասին:

- Միանգամայն համաձայն եմ, որ ազգային դաստիարակություն պիտի տրվի ժողովրդական բանահյուսությամբ: Մեզանում չկա բանահյուսություն քարոզելու որոշակի նպատակ: Այդ ուղղությամբ լավ գործ է կատարում միայն «Արեւիկ» հրատարակչությունը, որի պատվերով հրատարակվեց «Ասողին լսող է պետք» առածների փոքրիկ ժողովածուն: Դրա արագ սպառվելը պարզ դարձրեց, որ ժողովրդական բառ ու բանի կարոտ կա մեր ժողովրդի մեջ: Հիմա հանելուկների ժողովածու եմ պատրաստում: Մատաղ սերնդի դաստիարակության հրաշալի ձեւն ավանդական բանահյուսությունն էՙ իր համ ու հոտով, բարբառներով: Շուտով կվերահրատարակվի իմ «Հայոց հին վիպաշխարհը» գիրքը, որը մի քանի տարի առաջ արագորեն սպառվեց:

Մեր ազգային կրթության եւ դաստիարակության համար բանահյուսությունը շատ կարեւոր է ոչ միայն մանուկների, այլեւ մեծահասակների համար: Մեր բուն ազգային բանահյուսությունից չպետք է հեռանանք, արդեն մի անգամ կտրվել ենք գրերի գյուտի ժամանակ. փոխանակ մեր գրականությունը զարգանար հայ հին բանահյուսության ավանդների վրա, ընտրվեց օտար դիցաբանությունն ու պատմությունը: Նույն բանն էլ հիմա է կատարվումՙ ամենուրեք օտարաբանությունն է քաջալերվում:

- Միմյանց անհատականությունը չհարգելու ու անգամ ոչնչացնելու դրսեւորումներն այսօր սուր են մեր հասարակության մեջ: Ասպարեզ են դուրս եկել ինքնասիրահարված, նեղմիտ միջակությունները, որոնք իրենց կողքին խելացի մեկին հանդուրժել չեն կարող: Օրհնանք սիրող ու քացրալեզու մեր ժողովուրդն իսկապե՞ս այդքան արագ փոխվեց:

- Եթե ասեմ դա ազգային հատկանիշ է, բնավ չեմ սխալվի, որովհետեւ հնուց եկած արտահայտություն է, որ հայերն իրար չեն սիրում, նախանձը սարսափելի շատ է մեր մեջ: Ճիշտ է, դա միայն հայերիս չէ յուրահատուկ, բայց մենք փոքր ազգ ենք եւ պետականությունը կորցնելու փաստը մեծ դեր է կատարել: Խորհրդային տարիներին մեր ժողովուրդը ենթարկված էր խիստ ռեժիմի, իսկ անկախ պետականությունից հետո վերացան բոլոր խստություններն ու մեջտեղ եկան դիլետանտները: Ով ասես սկսեց գիրք հրատարակել, լավ մասնագետ լինելը դարձավ անկարեւոր, ավելորդ մի բան: Հենց այստեղից էլ սկիզբ առան ստորությունները, որովհետեւ այն պահին, երբ ժողովուրդը կորցնում է իր հեղինակություններին, ամեն ստորություն կարելի է սպասել: Սիլվա Կապուտիկյանի դեմ կատարված արշավանքն ամենաթարմ ապացույցն է: Ինչպես կարելի էր ուրանալ նրա վաստակն ու նրա հանդեպ արհամարհական վերաբերմունք դրսեւորել:

Խորհրդային տարիներին համոզված էի, որ մեր ազգն իր ազնիվ զավակներին փայփայում ու սիրում է: Մեր ժամանակներում թանն ու փոխինդը խառնվել են իրար, մերանը գնացել ու տակից թթու շիճուկն է դուրս եկել, ով ինչ ուզում անում է, ի՞նչ գիտություն, ի՞նչ հեղինակություն, ի՞նչ դասական բանաստեղծություն, ամեն բան արժեզրկվել է: Սա է ցավը, սրա դեմ պիտի պայքարի մեր հասարակությունը եւ ոչ թե լուն ուղտ դարձնի: Ամեն մեկի մտքով թագավորություն է անցնում, իրար չեն հանդուրժում եւ սա սոսկալի է: Իհարկե, նախկինում էլ դա կար, բայց այսքան ընդգծված չէր: Այսօրվա օլիգարխները լցվել են խորհրդարան, մի կողմ քշելով իսկական մտավորականներին: Մեր լավագույն ազգագրագետներից մեկըՙ Յուրա Մկրտումյանը, որը բացառիկ անձնավորություն է, անցյալ տարի իր թեկնածությունը դրեց Իջեւանում, որտեղ նրան հրաշալի են ճանաչում: Միայն պետք էր տեսնել, թե ովքեր ելան նրա դեմ ու ժողովրդին կաշառելով խորհրդարանում իրենց համար տաք տեղ ապահովեցին: Մտավորականությունն ինչքա՞ն պիտի հանդուրժի այս երեւույթները: Ծաղր ու ծանակ է այս ամենը: Այնպիսի տարօրինակ ու նողկալի հարցեր են այսօր ծագում, կարծես միջնադարում ենք ապրում: Բոլոր հարցերը խառնել են իրար ու ստեղծել անտանելի խառնաշփոթ, որից ոչ մեկը գլուխ չի հանում:

Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4