Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը հոկտեմբերի 9-ին Տամպերեումՙ ֆինների հետ եւ հոկտեմբերի 13-ին Երեւանում չեխերի հետ կայանալիք ընտրական մրցախաղերին: Մեր ընտրանին հանգրվանել է «Հրազդան» հյուրանոցում: Երեկ «Փյունիկի» մարզադպրոցի խաղադաշտում ազգային հավաքականը Բեռնար Կազոնիի գլխավորությամբ իր առաջին մարզումն անցկացրեց: Ի տարբերություն ուսումնամարզական նախորդ հավաքի, հավաքականի կազմում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել: Առաջին անգամ ազգային հավաքական է հրավիրվել «Միկայի» նախկին հարձակվող Արամ Ոսկանյանը, որը ներկայում իր արդյունավետ խաղով (10 գոլ) աչքի է ընկնում Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից «Եսիլ Բոգատիրում»: Որոշ ընդմիջումից հետո կրկին հավաքականի կազմում են «Միկայի» հարձակվող Արմեն Շահգելդյանը եւ Բելառուսի ՄՏԶ-ՌԻՊՕ թիմում իրեն լավագույն կողմերով դրսեւորող «Արարատի» նախկին կիսապաշտպան Համլետ Մխիթարյանը: Վնասվածքից ապաքինվելուց հետո կրկին հավաքական է հրավիրվել Բուխարեստի «Ռապիդում» հանդես եկող Արման Քարամյանը: Ցավոք, նրա եղբայրըՙ Արտավազդը վնասվածքի պատճառով չի կարող մասնակցել առաջիկա հանդիպումներին: Նույն պատճառով բացակայում է նաեւ հավաքականի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին:
Մեր մրցակիցների կազմերում եւս կորուստներ կան: Ֆուտբոլասերները Երեւանում չեխերի կազմում չեն տեսնի Եվրոպայի անցյալ տարվա լավագույն ֆուտբոլիստ, հավաքականի ավագ, Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պավել Նեդվեդին, որն օրերս պաշտոնապես հայտարարել է հավաքականին հրաժեշտ տալու իր վերջնական որոշման մասին: Նեդվեդը Չեխիայի հավաքականում խաղում էր 1994 թ.: Այդ ընթացքում նա մասնակցել է 83 խաղի եւ խփել 17 գնդակ: Հարցականի տակ է նաեւ Կարել Պոբորսկու մասնակցությունը երեւանյան խաղին, քանի որ վերջինս վնասվածք ունի:
Ֆինների կազմում բացակայում է հարձակվող Միքայել Ֆորսելը, որը Երեւանում բացել էր խաղի հաշիվը: Նա ծնկահոդի լուրջ վնասվածք է ստացել եւ մոտ 6 շաբաթ խաղադաշտ դուրս չի գա:
Առաջիկա ընտրական մրցախաղերին է նախապատրաստվում նաեւ երիտասարդական հավաքականը, որը եւս ազգային հավաքականի նման անհաջող է մեկնարկել ընտրական մրցաշարում: Այնպես որ մեր երկու հավաքականներն էլ պետք է ձգտեն առաջիկա հանդիպումներում վերականգնել սասանված հեղինակությունը: Ներկայացնում ենք ուսումնամարզական հավաքի հրավիրված ֆուտբոլիստների ցանկը:
Ազգային հավաքական
Դարպասապահներՙ Արմեն Համբարձումյան («Սլավիա» Սոֆիա), Ապուլա Բետե, Նիկոլայ Սարգսյան (երկուսն էլՙ «Փյունիկ»):
Պաշտպաններՙ Սարգիս Հովսեփյան, Ալեքսանդր Թադեւոսյան (երկուսն էլՙ «Փյունիկ»), Հարություն Վարդանյան («Արաու» Շվեյցարիա), Կարեն Դոխոյան («Կռիլյա Սովետով» Ռուսաստան), Արթուր Մկրտչյան («Դարիդա» Բելառուս):
Կիսապաշտպաններՙ Ռոմիկ Խաչատրյան («Օլիմպիակոս» Կիպրոս), Արթուր Պետրոսյան («Ցյուրիխ» Շվեյցարիա), Եղիշե Մելիքյան («Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա), Ռաֆայել Նազարյան («Դարիդա» Բելառուս), Դավիթ Գրիգորյան («Միկա»), Կարեն Ալեքսանյան («Փյունիկ»), Համլետ Մխիթարյան (ՄՏԶ-ՌԻՊՕ Բելառուս), Ալբերտ Սարգսյան («Ալանիա» Ռուսաստան):
Հարձակվողներՙ Գալուստ Պետրոսյան, Էդգար Մանուչարյան (երկուսն էլՙ «Փյունիկ»), Արմեն Շահգելդյան («Միկա»), Արամ Ոսկանյան («Եսիլ Բոգատիր» Ղազախստան), Անդրեյ Մովսիսյան («Մոսկվա» Ռուսաստան), Արա Հակոբյան («Ստալ» Ուկրաինա), Արման Քարամյան («Ռապիդ» Ռումինիա):
Երիտասարդական հավաքական
Դարպասապահներՙ Էդգար Գասպարյան, Արմեն Խաչատրյան (երկուսն էլՙ «Փյունիկ»):
Պաշտպաններՙ Ռոբերտ Արզումանյան, Կառլ Լոմբե (երկուսն էլՙ «Փյունիկ»), Արման Մինասյան («Կոտայք»), Կարեն Յայլոյան («Կիլիկիա»), Բարսեղ Կիրակոսյան («Ավտոդոր» Ռուսաստան), Արարատ Առաքելյան («Բանանց»):
Կիսապաշտպաններՙ Խորեն Վերանյան, Անդրանիկ Թադեւոսյան (երկուսն էլՙ «Փյունիկ-2»), Մխիթար Գրիգորյան, Լեւոն Փաչաջյան, Արմեն Տիգրանյան (բոլորն էլՙ «Փյունիկ»), Սուրեն Սարգսյան («Բանանց»), Արման Մինասյան, Հրաչյա Վարդազարյան, Արմեն Բաբայան (բոլորն էլՙ «Կոտայք»):
Հարձակվողներՙ Սամվել Մելքոնյան («Բանանց»), Ալեքսանդր Պետրոսյան, Տիգրան Դավթյան (երկուսն էլՙ «Փյունիկ»):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ