«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2004-10-02 | #174, 2004-10-05 | #175, 2004-10-06


ՎԱՀԱՆՅԱՆԸ ՍԿՍԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Եկատերինբուրգի «Մաքս Վեն» թիմի կազմում շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում իր ելույթները հաղթանակով սկսեց Ռաֆայել Վահանյանը: Երկրորդ խաղատախտակի վրա նա հաղթեց «Լադյա» թիմի շախմատիստ Վալերի Վանդեմիրովին: Իսկ ահա առաջին խաղատախտակը ներկայացնող Գարի Կասպարովը զիջեց Սերգեյ Ռուբլյովսկուն: Այնուամենայնիվ, «Մաքս Վենը» Վահանյանի, Սակաեւի եւ Մոտիլյովի տարած հաղթանակների շնորհիվ 3,5-2,5 հաշվով շահեց մրցախաղը: Մեր մյուս հայազգի գրոսմայստերըՙ «Բոսնիայի» կազմում հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը մրցաշարում 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ պարտության մատնելով «Ադմիրալի» շախմատիստ Գյունտեր Կուբային: «Բոսնիան» այդ մրցախաղում հաղթանակի հասավ 5,5-0,5 հաշվով: Ֆրանսիական NAO Chess Club-ը 4,5-1,5 հաշվով առավելության հասավ «Մինատորիի» նկատմամբ: Ընդհանրապես 2-րդ տուրում էլ անակնկալներ չգրանցվեցին: 2 տուրից հետո 9 թիմեր վաստակել են 4-ական միավոր, որոնց թվում են նաեւ «Մաքս Վենն» ու «Բոսնիան»: Ի դեպ, 3-րդ տուրում այս թիմերը մրցելու են միմյանց հետ: Բոլոր պարտիաներում վաստակած միավորների քանակով (11-ական) աղյուսակը գլխավորում են «Տոմսկ-400»-ը եւ «Բեեր Շեւան»:

Կանանց մրցապայքարում առայժմ 4-ական միավոր են վաստակել վրացական NTN-ն եւ Սերբիայի «Ինտերնետ Պոդգորիցան»: Վերջինս միավորների ընդհանուր քանակով (7,5) գլխավորում է աղյուսակը: 2-րդ տուրում սերբական թիմը 4-0 հաշվով հաղթեց «Մարմարիսին», իսկ վրաց շախմատիստուհիները 2,5-1,5 հաշվով պարտության մատնեցին Սանկտ Պետերբուրգի «ՖԻՆԷԿ»-ին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4