«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2004-10-02 | #174, 2004-10-05 | #175, 2004-10-06


«ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԸ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ»

Այս հարցն ուղղեցին Ռոբերտ Քոչարյանին բուլղարացի լրագրողները

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Անցած մեկ տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ աճել է երեք անգամ: Երեկ երկու երկրների նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Գեորգի Պրվանովի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին նշեց Բուլղարիայի նախագահը, ավելացնելով, որ այդ ծավալներն ավելացնելու համար հարկ է լուծել տրանսպորտային հարցերը: Իսկ մամուլի ասուլիսը բացեց Հայաստանի նախագահը: Նա նույնպես ընդգծեց լուրջ տեղաշարժը երկու երկրների տնտեսական հարաբերություններում: Ռոբերտ Քոչարյանը ողջունեց Բուլղարիայի անդամակցումը Եվրոմիությանը, ինչպես նաեւ կարեւորեց Բուլղարիայի գործունեությունը որպես ԵԱՀԿ նախագահող երկրի: Մասնավորապես նա նշեց, որ Բուլղարիան, ներկայումս լինելով այդ կառույցի նախագահող երկիր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն ակտիվացնելու լուրջ աշխատանք է տարել: Այս թեմային անդրադառնալով, Գեորգի Պրվանովն ավելացրեց, որ հարկ է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը հակամարտության քաղաքական լուծումը գտնելու ուղղությամբ: Երկու նախագահները համատեղ հայտարարության մեջ իրենց աջակցությունն են հայտնել այս նպատակով ձեռնարկվող համանախագահների ջանքերին:

Տնտեսական համագործակցության թեմային անդրադառնալով, Բուլղարիայի նախագահը տեղեկացրեց, որ հայկական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Երեւան-Սոֆիա չվերթի բացման, նաեւ ռուսական կողմի մասնակցությամբ լաստանավային հաղորդակցության աշխուժացման ուղղությամբ: Գեորգի Պրվանովը կարեւորեց բուլղարահայերի գործոնը, նշելով, որ նրանք կարող են կապող օղակ դառնալ երկու երկրների միջեւ:

Հայաստանի նախագահին ուղղված բուլղարացի լրագրողների հարցն այն էր, թե ինչո՞ւ հայկական կոնյակը չի վաճառվում Բուլղարիայի խանութներում: Դրան Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ հարկ է այդ հարցը քննարկել հայ արտադրողների հետ եւ տեսնել, թե որն է դրա պատճառը: Սակայն առաջ անցնելով, նախագահը նշեց, որ մեր համար ավանդական շուկաներում կոնյակի պահանջարկն այնքան մեծ է, որ հայ արտադրողները չեն հասցնում բավարարել: Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանն այն կարծիքը հայտնեց, որ երկու երկրների գործարարները կարող են համագործակցել զբոսաշրջության, գյուղատնտեսության, արդյունաբերության եւ մասնավորապես քիմիական արդյունաբերության ոլորտներում:

Գեորգի Պրվանովը նշեց եւս մեկ հետաքրքրական փաստ, ասելով, որ 2000 թ.-ից հետո արտահանումը Հայաստանից Բուլղարիա ավելացել է 100 անգամ: Այսինքն առկա է դրական տեղաշարժը: Նա նաեւ հայտնեց, որ կան բուլղար գործարարներ, որոնք կցանկանան ներդրումներ կատարել Հայաստանում: Իսկ գործարար կապերի խորացմանն ուղղված հարցերն ավելի մանրամասն քննարկվեցին նույն օրը տեղի ունեցած հայ-բուլղարական գործարար համաժողովի ընթացքում:

Գործարար պայմանավորվածությունների արդյունավետությունն ավելին էր սպասվածից

Հայ-բուլղարական գործարար համաժողովը բացեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը: Նա հավաստիացրեց, որ հայ եւ բուլղար գործարարների հանդիպումները սպասվածից արդյունավետ էին, որից հետո թվարկեց կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունները: Մեքենաշինության բնագավառում կհամագործակցեն բուլղարական «Սպորտինվեստը» եւ հայկական «Մշակն» ու «Ֆլեշը», շինարարական արդյունաբերության բնագավառումՙ բուլղարական «Տրանսկոմպլեկտն» ու հայկական «Էլիտշինը», «Եվրոպրոֆայլը», «Էլիպսը»: Նախատեսված է նաեւ հայկական շինանյութերի արտահանում Բուլղարիա: Դեղագործության եւ կոսմետիկայի ոլորտում պայմանագրային հարաբերություններ հաստատեցին բուլղարական «Դիտ կոսմետիկսը» եւ հայկական «Բիո ֆարմը»: «Պոլիքրոմն» արդեն աշխատում էր «Փրինթինֆո» եւ «Տիգրան Մեծ» ընկերությունների հետ: Այստեղ քննարկվել է նոր տեխնոլոգիաներ ներկրելու ծրագիրը: Բուլղարիայից ապակու տարա կներկրվի Հայաստանի պահածոների եւ խմիչքների արդյունաբերության համար: ՀԱԳՄ նախագահն առանձնապես կարեւորեց բուլղարական «Սոմատ» ընկերության ցանկությունը, ի թիվս ներկայումս գործող Բուրգաս-Փոթի-Նովոռոսիյսկ երթուղով լաստանավի, որն այժմ նորոգվում է, գործարկել եւս մեկ լաստանավ: Արսեն Ղազարյանը հույս հայտնեց, որ դա տեղի կունենա շատ շուտով, ինչի անհրաժեշտությունը, նկատի ունենալով Ռուսաստանի հետ Վրաստանի ցամաքային սահմանի փակումը, ներկայումս խիստ կարեւորվում է: Կապի միջոցների արտադրության ոլորտում գործող հայ-բուլղարական «Էլտա Էռ» ընկերությունում նոր ներդրումներ կարվեն: Ինչ վերաբերում է Երեւան-Սոֆիա չվերթին, ապա, ըստ միության նախագահի, եթե դա տնտեսապես շահութաբեր լինի, կսկսի գործել:

Հայ-բուլղարական հարաբերություններն ու Հայաստանում ընթացող տնտեսական գործընթացները ներկայացրեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա ընդգծեց, որ չորրորդ տարին է, ինչ Հայաստանում երկնիշ թվով տնտեսական աճ է արձանագրվում, եւ հույս հայտնեց, որ այդ տեմպերը կպահպանվեն առաջիկա 3-5 տարիներին:

Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովն էլ վստահություն հայտնեց, որ Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ կզարգանան որակապես նոր հարաբերություններ: Սակայն նա նշեց, որ ամենաբարի ցանկություններն անգամ չեն իրականանա, եթե չզարգացնենք ժամանակակից տրանսպորտային սխեմաներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4