«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2004-10-02 | #174, 2004-10-05 | #175, 2004-10-06


ՎԻՐԱՎՈՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ

13 հազար ազատամարտիկներ բնակարան չունեն

«Տեղ չունենք բնակվելու, հիմա ապրում եմ Նոր Նորքի II զանգվածի ուսանողական հանրակացարանում, որտեղ սանիտարական վիճակն անտանելի է: Ունեմ 24 տարեկան տղա, որը շուտով պիտի ամուսնանա, բայց մեր պայմաններում դա ուղղակի անհնար է: Շատ տեղեր եմ դիմել, բայց միշտ բացասական պատասխան եմ ստացել: Իսկ պաշտպանության նախարարությունից ստացանք հետեւյալ պատասխանը.«Ազգի նվիրյալ հաշմանդամներն իրենց խնդիրներն առաջնահերթ են կարծում, քան զոհված անօթեւան ընտանիքներինը: Սրանց ազգանվեր խելքին աշեցեք»: Մինչեւ այսօր գիտեի, թե պաշտպանության նախարարությունում աշխատում են միայն զինվորականներ, բայց այս գրությունը ստանալուց հետո համոզվեցի, որ այնտեղ աշխատում են ոչ միայն զինվորականներ, այլեւ աշուղներ», պատմում է «Ադանա» ջոկատի ազատամարտիկ, երկրորդ խմբի հաշմանդամ Ասյա Բուդաղյանը: Զոհված, վիրավոր ու հաշմանդամ ազատամարտիկների խնդիրներով զբաղվող մի քանի հասարակական կազմակերպությունների հետ նա այսօր կմասնակցի կառավարության շենքի մոտ կայանալիք ակցիային:

«Ոչ մի հաշմանդամ ազատամարտիկ տուն չի ստանում: Դիմեցինք պաշտպանության նախարարությանը, որ գոնե նրա աջակցությամբ մի քանիսին բնակարանով ապահովենք, բայց այդպես էլ ոչ մի օգնություն չստացանք», ավելացնում է «Ազատամարտիկ» հասարակական կազմակերպության նախագահ Յուրա Պապյանը, որի կարծիքով զոհված ազատամարտիկների ընտանիքներին առավել ուշադրություն եւ օգնություն հատկացնելու կառավարության միտումը էապես ազդում է զոհվածների եւ հաշմանդամների ընտանիքների հարաբերությունների վրա եւ կարող է վերաճել սուր հակասությունների: Զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու համար կառավարությունը 200 մլն դրամ հատկացրեց միայն իրենց կազմակերպած բողոքի ակցիայից հետո, որին մասնակցում էին հիմնականում հաշմանդամ ազատամարտիկները: Հարցն այն է, որ զոհված ազատամարտիկների «օրինական» կանանց թիվն անընդհատ աճում է, պարզվում է, որ զոհվածներից շատերն ունեցել են ոչ թե մեկ, այլ նույնիսկ 5 կինՙ բոլորն էլ «օրինական»:

Հայ արիական միաբանության գրասենյակում երեկ ընթերցվեց «Ազատամարտիկ», «Փառապանծ մարտիկներ», «Արարատ կանչ», «Հույս հայության», «Հայ որդիներ», «Նժդեհյան ցեղակրոն» հասարակական կազմակերպությունների եւ Հայ արիական միաբանության 6 կետից բաղկացած առաջարկըՙ ուղղված նախագահ Քոչարյանին, վարչապետ Մարգարյանին, ԱԺ նախագահ Բաղդասարյանին եւ պաշտպանության նախարար Սարգսյանին:

Առաջարկի բովանդակությունը հետեւյալն էՙ 2005 թվականը հայտարարել ազատամարտիկների տարի, ընդունել օրենք ազատամարտիկի կարգավիճակի մասին, վերականգնել ՀՀ նախագահի 1992 թվականի հունիսի հրամանագրով նախատեսված արտոնությունները զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների (զինծառայողների) վերաբերյալ, վերանայել ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 778 որոշման 5-րդ կետը եւ հաշմանդամ ազատամարտիկների նվազագույն թոշակը (3-րդ խումբ) հավասարեցնել ներկայումս թոշակի գնացող զինծառայողների նվազագույն թոշակին (ենթասպա), իսկ մնացած խմբերին հաշվարկել գործող սանդղակով, բավարարել զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների բնակարանային հարցը, որը ստուգվել եւ հաստատվել է ՀՀ պաշտպանության նախարարության կազմած հանձնաժողովով: Հաշվարկվող եւ վերոհիշյալ հարցերի ծախսերն ընդգրկել 2005 թվականի բյուջեում:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4