«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2004-10-06 | #176, 2004-10-07 | #177, 2004-10-08


ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԻՆ

Արդեն 3-րդ տարին Երեւանի հանրակրթական դպրոցների միջեւ անցկացվում են մարզական խաղեր: Ավանդույթի համաձայն, այդ մրցումների եզրափակիչ ակորդը հնչեց մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում, որտեղ անցկացվեցին բասկետբոլի եզրափակիչ հանդիպումները: Մրցումներին ներկա էին հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ՀՀ սպորտկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: Այս տարի մարզական 3-րդ խաղերի ծրագրում ընդգրկված էին երեք մարզաձեւերՙ բասկետբոլ, վոլեյբոլ եւ կրոսավազք:

Աղջիկների բասկետբոլի եզրափակիչում միմյանց հետ մրցեցին մայրաքաղաքի թիվ 161 եւ թիվ 6 դպրոցների թիմերը: 5028 հաշվով հաղթողի կոչումը նվաճեցին թիվ 6 դպրոցի աղջիկները: Տղաների մրցավեճում Շենգավիթի համայնքի թիվ 161 դպրոցի բասկետբոլիստներն ավելի ուժեղ գտնվեցին Կենտրոնի թիվ 8 դպրոցի թիմից (5024): Վոլեյբոլի մրցումներում ուժեղագույնն էին ճանաչվել թիվ 170 դպրոցի աղջիկներն ու թիվ 82 դպրոցի տղաները: Կրոսավազքում լավագույնը թիվ 189 դպրոցի աղջիկներն էին, իսկ տղաների մրցաշարում հաղթող էին ճանաչվել թիվ 161 դպրոցի աշակերտները:

Բասկետբոլի մրցումների ավարտից հետո ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պարգեւատրեց առաջին եւ եզրափակիչ փուլերում հաջողության հասած դպրոցների տնօրեններին: Ընդհանուր թիմային հաշվարկով հաղթող ճանաչված Շենգավիթի թիվ 161 դպրոցի կոլեկտիվը պարգեւատրվեց 3000 դոլարով: 2500 դոլար ստացավ 2-րդը ճանաչված Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կոլեկտիվը, իսկ 3-րդ տեղը գրաված թիվ 82 դպրոցը պարգեւատրվեց 2000 դոլարով: Հանձնելով պարգեւները, ՀՀ վարչապետը շնորհավորեց թե՛ հաղթողներին, թե՛ խաղերի բոլոր մասնակիցներինՙ հույս հայտնելով, որ հետագա տարիներին կավելանա մարզաձեւերի թիվը, իսկ օգտագործելով այս մրցումների փորձըՙ հնարավորություն կստեղծվի անցկացնելու հանրապետական մարզական խաղեր, որոնց ոլորտը կներգրավվեն նաեւ մարզերի դպրոցների աշակերտները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4