Ինչպես տեղեկացանք ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարությունը որոշել է «Արմենտելին» տրված լիցենզիայում փոփոխություններ կատարելու ժամկետը նախկին որոշմամբ հաստատված հոկտեմբերի 12-ի փոխարեն հետաձգել մինչեւ հոկտեմբերի 28-ը: Հիշեցնենք, որ այդ որոշմամբ նախատեսվում է «Արմենտելին» զրկել բջջային կապի եւ տվյալների փոխանակման (միջազգային ելքի) ոլորտներում ունեցած մենաշնորհից: Այդ որոշումը կյանքի չկոչվեց, որովհետեւ սկսվեցին ՀՀ կառավարություն-«Արմենտել» հերթական բանակցությունները, որոնք, փաստորեն, հետաձգվում են երկրորդ անգամ: Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ այսօր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այս կապակցությամբ որոշակի պարզաբանումներ կներկայացնի լրագրողներին:
Ա. Մ.