«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2004-10-07 | #177, 2004-10-08 | #178, 2004-10-09


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔՐԴԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ԶԱՅՐԱՑԱԾ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵԼՈՒՅԹԻՑ

«Մենք բնավ չենք զարմանա, եթե Թուրքիան դառնա Եվրոմիության անդամ, որովհետեւ միջազգային հզոր միություններն ու կազմակերպություններն արտահայտում են գերպետությունների շահերն ու կամքը: Մենք աշխարհի առջեւ ուզում ենք մեր ձայնը բարձրացնել, որպեսզի վերջ տրվեն քուրդ ժողովրդի նկատմամբ եղած անարդարություններին: Թուրքիան պարտավոր է հաշվի առնել 20 մլն ժողովրդի պահանջները:

«Աբդուլլահ Օջալանի եւ նրա ստեղծած կուսակցության համար գլխավոր հարցերը եղել են քուրդ ժողովրդի լեզվի եւ մշակույթի եւ իրավունքների պահպանումը», ասում է Կնյազ Հասանովը, որը ՀՀ նախագահի խորհրդականին կից ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի անդամ է, «Քուրդիստան» կոմիտեի ու քրդական համայնքի ներկայացուցիչը:

«Քուրդիստան» կոմիտեի անդամներին զայրացրել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի ելույթը Եվրոխորհրդարանում, որտեղ նա իր երկիրը գովաբանել ու ներկայացրել է որպես մարդու իրավունքների պահպանման ուժեղ ջատագովներից մեկը: Վարչապետի ասելով, Թուրքիայի բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն սովորելու տարբեր լեզուներ, պահպանելու իրենց կրոնը եւ այլն: «Նա կարծես մոռացել էր, որ այնտեղ բնակվող 20 մլն քրդերի լեզուն, մշակույթն ու պատմությունն արգելված է: Քրդերն իրավունք չունեն իրենց լեզվով կրթություն ստանալու, հեռուստատեսությունում ժամեր ունենալու, իսկ դրանք մարդու իրավունքների ոտնահարման վառ օրինակներ են: Թուրքիայի բանտերում 10 հազարից ավելի երիտասարդներ կտտանքների են ենթարկվում միայն նրա համար, որ կառավարությունից պահանջել են ընդունել իրենց ազգային ինքնությունն ու լեզուն: Դրա համար նրանց անվանում են ահաբեկիչներ եւ ցմահ բանտարկում», նշում է նա, ապա վերհիշում այն դեպքը, երբ Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր Լեյլա Զանանն իր երդման արարողության ժամանակ մի քանի քրդերեն նախադասություն ասելու համար դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման: Նրան ազատություն շնորհվեց միայն 10 տարի անց, այն էլՙ միջազգային հանրության միջամտությունից հետո: Նա համոզված է, որ թուրքական կառավարության նման դիրքորոշման ու վերաբերմունքի պայմաններում թուրք -քրդական հակամարտությունը դեռ երկար ժամանակ չի վերանա, ավելինՙ լուրջ վտանգ կդառնա այդ պետության գլխին:

Հայաստանում քրդական համայնքի նկատմամբ պետական վերաբերմունքը բարյացակամ է, համայնքի անդամների ասելով, ինչպես նախկինում, այժմ էլ դժգոհելու լուրջ պատճառներ չունեն: Վերջերս լուծվել է նաեւ նրանց համար ամենագլխավորՙ քրդերեն դասագրքերի հարցը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4