Գերմանական «Շպիգել» հանդեսի քաղաքական բաժնի խմբագիրներից Վոլֆգանգ Գուստը շուտով Համբուրգում լույս կընծայի Հայոց ցեղասպանությանը նվիրված 2000 էջանոց աշխատություն: Փարիզի «Աշխարհ» թերթի ստացած տվյալների համաձայն, գիրքը պարունակում է բազմաթիվ վավերագրեր, որոնց մի մասը եզակի նյութեր են: Աշխատության մեջ մասնավորապես ներկայացվում են գերմանացի արեւելագետ, Մեծ եղեռնի ականատես Յոհաննես Լեփսիուսի (1858–1926) կյանքն ու գործերը, Հայաստանի եւ նահատակ հայ ժողովրդի օգտին նրա ծավալած գործունեությունը: Վոլֆգանգ Գուստը Հայկական հարցի մասնագետ է, բազմաթիվ հոդվածների եւ աշխատությունների հեղինակ: Երեւանում 2002 թ. լույս է տեսել նրա «Հայոց ցեղասպանություն. աշխարհի հնագույն քրիստոնյա ժողովրդի ողբերգությունը» գիրքը: Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը վերջերս գերմանացի հեղինակին պարգեւատրեց «Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ» շքանշանով, գնահատանքի արժանացնելով առհասարակ նրա աշխատությունները եւ մասնավորապես հայերի նկատմամբ հանդես բերած հետաքրքրությունը:
Պ. Ք.