«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2004-10-07 | #177, 2004-10-08 | #178, 2004-10-09


ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՀԵՏ ՀԵՏԱՁԳՎԵՑԻՆ ԵՐԵՔ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ

«Արմենտելի» հետ Հայաստանի կառավարության բանակցությունների հետաձգման երեք պատճառներ կան, որոնց մասին, ինչպես արդեն հայտնել էինք, երեկ լրագրողներին պարզաբանումներ ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա նախապես հայտնեց, որ բանակցությունների մանրամասների, այդ թվում րոպեավճարի չափի փոփոխության մասին ոչինչ չի ասելու, որովհետեւ դրանք շարունակվում են: Ինչ մնում է վերոնշյալ պատճառներին, ապա դրանցից առաջինը «Արմենտելի» կողմից բջջային կապի համար օգտագործվող 900 մեգահերց հաճախականության որոշ մասի ազատման եւ դրա հետ կապված տեխնիկական խնդիրների լուծմանն էր վերաբերում: Սա անհրաժեշտ է բջջային կապի ոլորտում արդյունավետ մրցակցություն ստեղծելու համար, որպեսզի մենաշնորհի վերացումից հետո այստեղ չառաջանան խնդիրներ, որոնք դատական վեճերի առիթ կտան:

Երկրորդը փոխկապակցման հարցն է, որը հնարավորություն է տալիս մեկ ցանցի բաժանորդներին կապվել մյուս ցանցի բաժանորդների հետ: Այստեղ առաջանում են ոչ միայն ֆինանսական, այլեւ տեխնիկական բազմաթիվ հարցեր:

Երրորդ խնդիրը «Արմենտելի» ստեղծած այսպես կոչված կապի ողնաշարային համակարգից այլ օպերատորների օգտվելու հնարավորություններին եւ ձեւերին է վերաբերում:

Ինչպես վերոնշյալ, այնպես էլ այլ խնդիրների Դավիթ Հարությունյանն առավել մանրամասն անդրադարձավ պատասխանելով լրագրողների հարցերին: Բջջային կապի վերաբերյալ նախարարը նշեց, որ կողմերը նպատակահարմար են գտնում միայն երկրորդ օպերատորի մուտքը թույլ տալ շուկա, նկատի ունենալով կապի ոլորտում հաջողություններ արձանագրած որոշ երկրների փորձը: Եթե մենաշնորհից միանգամից անցում կատարվի լիակատար ազատ մրցակցության, ապա, ըստ նախարարի, մի քանի ընկերությունների գործունեության արդյունքում ներդրումները փոքր կլինեն եւ անհամաչափ կբաշխվեն: «Ոչ բոլոր դեպքերում է անցումը ազատ շուկային դրական հետեւանքներ ունենում», նշեց Դավիթ Հարությունյանըՙ չբացառելով, որ երկու օպերատորների մրցակցությունն իրեն սպառելուց հետո կհայտարարվի երրորդ օպերատորի մրցույթ: Իսկ եթե նրանք հակամրցակցային ճանապարհով գնան, ապա այդ դեպքում կխախտեն Հայաստանի Հանրապետության օրենքը: «Մեր խնդիրն է ստեղծել ազնիվ մրցակցային դաշտ, բացառել անբարեխիղճ մրցակցությունը, մասնավորապես դեմպինգը», ասաց նախարարը, այնուհետեւ իրականությանը չհամապատասխանող համարեց մինչ մենաշնորհի վերացումը «Արմենտելի» կողմից ողջ շուկան ծածկելու հնարավորության տեսակետը:

Միջազգային ելքի (տվյալների փոխանակում) ոլորտում փնտրվում է փոխզիջումային տարբերակ, որը «ձեռնտու կլինի ե՛ւ տնտեսվարողներին, ե՛ւ «Արմենտելին»: Այսինքն դա կլինի այնպիսի տարբերակ, որը միաժամանակ մենաշնորհից չի զրկի «Արմենտելին», բայց վերջինս չի ունենա բացառիկ իրավունքներ: Նման, դեռեւս անհասկանալի տարբերակը նախատեսում է, որ կկարգավորվեն «Արմենտելի» օպտիկական մալուխից, արբանյակային կայաններից օգտվելու եւ տասնյակ այլ հարցեր: Ընդհանրացնելով, Դավիթ Հարությունյանը ընդգծեց, որ հիմնական խնդիրն արդյունավետ, որակով եւ մատչելի հեռահաղորդակցության ծառայություններ ունենալն է, այլ ոչ թե «Արմենտելին» վնասելը: Խոսքն ընդամենը որոշ բացառիկ ծառայություններից վերջինիս հրաժարվելու մասին է:

«Ազգի» հարցին, թե որքանո՞վ են բանակցություններն ընթանում բաց ժողովի եւ կառավարության որոշման դրույթներին համապատասխան, արդարադատության նախարարը պատասխանեց, որ բանակցությունների հիմքն այդ որոշումներն են: Իսկ մեկ այլ հարցի առնչությամբ էլ տեղեկացրեց, որ տրանսպորտի եւ կապի նախարարության հետ արդարադատության նախարարությունը որեւէ հակասություն չունի եւ տեխնիկական բոլոր խնդիրների առնչությամբ իրենք բանակցում են այդ նախարարության ներկայացուցիչների հետ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4