«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2004-10-08 | #178, 2004-10-09 | #179, 2004-10-12


ԱՐՑԱԽԻ ԶՈՐԱՑՈՒՄԸ ՆԱԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՁԵՌՔԻՆ Է

Հայկական բարեգործական ընդհանուր միության 100 անդամներից բաղկացած պատվիրակությունը կարճատեւ այցով եղավ Արցախում: Հյուրերն այցելեցին Հադրութի շրջանի Նորաշեն գյուղ, որն, ի դեպ, վերականգնվել է ՀԲԸՄ նյութական հովանավորությամբ: Կազմակերպվեց այցելություն նաեւ Գանձասար:

Այնուհետեւ տեղի ունեցավ հանդիպում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Հանրապետության ղեկավարը նշեց Հայաստանի եւ սփյուռքի անգնահատելի դերը ղարաբաղյան պատերազմում Արցախի ժողովրդի տարած հաղթանակում: Այդ պատերազմը շարունակվում է նաեւ տնտեսական, մշակութային եւ քաղաքական ասպարեզում, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ սփյուռքի դերը Ղարաբաղին աջակցելու գործում ավելի է մեծանում: Ա. Ղուկասյանը համագումարի պատվիրակներին, որոնք ժամանել էին աշխարհի 24 երկրներից, դեսպաններ համարեց իրենց երկրներում, ակնկալելով նրանց բոլորի աջակցությունը ԼՂՀ-ի համապարփակ խնդիրների լուծման գործումՙ առաջին հերթին կարեւորելով ստեղծված քաղաքական իրավիճակում լոբբիինգի նշանակությունը: Նախագահի խոսքերով, պարտադիր չէ, որ սփյուռքահայերը Արցախ այցելեն նյութական որեւէ ծրագրի շրջանակներում: Կարեւորն այն է, որ Արցախի ժողովուրդը զգա իր թիկունքին սփյուռքի զորակցությունը:

ԼՂՀ նախագահը մեծ գնահատական տվեց ՀԲԸՄ գործունեությանը Արցախում: Միեւնույն ժամանակ, պատասխանելով նրանց հարցերին, մասնավորապես Շուշիի վերականգնման վերաբերյալ, Ա. Ղուկասյանն ասաց, որ Շուշիի վերականգնման համար անհրաժեշտ է 100 մլն դոլար: Անշուշտ, այս գումարի հայթայթումը առանց սփյուռքի օժանդակության հնարավոր չէ, ուստի եւ Շուշիի վերհառնումը պետք է կայանա արտերկրում ապրող մեր հայրենակիցների օգնությամբ:

Հյուրերը այն կարծիքն հայտնեցին, որ Ղարաբաղը պետք է կարողանա պատշաճ ձեւով ներկայացնել իր խնդիրները, ինչը, ոչ միայն նրանց գնահատմամբ, դեռեւս լիարժեք չի իրականանում:

Պատվիրակները հետաքրքրվեցին նաեւ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ընթացքով: Այս առնչությամբ Ա. Ղուկասյանը նշեց, որ անհրաժեշտ է, որ Ղարաբաղը դառնա բանակցող կողմ, ինչպիսին եղել է 1992-97 թթ.: Այլընտրանքը, ըստ ԼՂՀ նախագահի, պատերազմն է: «Մենք պատրաստ ենք քննարկելու ամեն մի հարց առանց նախապայմանների», ասաց Ա. Ղուկասյանը, ընդգծելով նաեւ փոխզիջումների հավանականությունը:

ՀԲԸՄ համագումարի պատվիրակների պատվին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի ունեցավ Արցախի նորաստեղծ կամերային նվագախմբի անդրանիկ համերգը: Նվագախմբի հովանավորը Հայկական բարեգործական ընդհանուր միությունն է:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4