Խորհրդարանում երեկ բառացիորեն մեռած օր էր, այն ոչ հազվադեպ օրերից, երբ գրեթե դատարկ դահլիճում մի քանի պատգամավորներ են նշմարվում, այն էլ պատշաճությունը պահելու համար: Իհարկե, մեր խորհրդարանականները այնքան խիղճը չեն կորցրել, որ բացակայեին նաեւ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի առաջին ընթերցման քվեարկությունից: 95 կողմ, 0 կողմ, 0 ձեռնպահով ընդունեցին բազմաթիվ տարակարծությունների արժանացած կիսահում նախագիծը: Օրվա առաջին կեսին հորով-մորով արեցին մի քանի այլ օրինագծեր եւս, եւ 1,5 ժամ անց դահլիճն ամբողջությամբ ամայացավ:
Ու խորհրդարանն ընկղմվեց անխռով առօրյայի մեջ: Ողջ օրվա ընթացքում 10-12 պատգամավորներից 1-2-ը հազվադեպ խախտում էին համերաշխ լռությունը, ելույթներ ունենալու, հարցեր տալու ցանկություն ոչ ոք չուներ: Նույնիսկ դահլիճից դուրս, պատգամավորների կաբինետներում հեռախոսների մոտ նստած ննջում էին միայն գործավարուհիները: Իսկ քննարկվող նախագծերը հենց այն էին, ինչ այնքան մտահոգում են ընտրողների բազմահազարանոց բանակներին` գյուղատնտեսության մասին օրինագծեր, ջրային օրենսգիրք, ոստիկանության մասին կանոնակարգ եւ այլն: Թերեւս հենց սա է անկատար օրենքների ծնունդի գլխավոր պատճառը:
Բոյկոտ-բոյկոտ ասելով ու ընդդիմությանը վերադարձի հրավերներ հղելով, պատգամավորներն իրենք էլ դեմ չեն ողջ օրը դահլիճում նստելու ձանձրույթից գլուխներն ազատելու:
Այդպես մի քանի պատգամավորներով քննարկումների իմիտացիայի ենթարկվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Նախագիծը ներկայացրեց ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը:
2003 թվականին ՀՀ ոստիկանապետի հրամանով հաստատվել եւ գործել է ոստիկանական էթիկայի մասին կանոնագիրքը: Այն ժամանակ, երբ Հայաստան են այցելել Եվրոպայի նախարարների խորհրդի ներկայացուցիչները, առաջարկել են էթիկայի գիրքը հասցնել օրենքի, այսինքն իրավական ավելի բարձր աստիճանի: Հենց եվրոպացիներին համահունչ լինելու համար մշակվել է օրինագիծը: Օրենքը հետաքրքրական է այն առումով, որ ոստիկանին հենց վերադասի կամայականություններից պաշտպանելու գործառույթ է նշում: Մեղանչած ու կարգապահական խախտում թույլ տված ոստիկանին նրա ղեկավարը կարող է պատժել միայն ծառայողական մանրակրկիտ քննություն անցկացնելուց հետո, ոչ թե երբ քեֆն ուզում է կամ ինչպես ուզում է: Օրենքը սահմանում է ոստիկանի իրավասությունները, դրանք իրականացնելու կարգը եւ հնարավոր շեղումների դեպքում` պատժամիջոցները:
Եթե ոստիկանը իսկապես լուրջ խախտում է կատարել, այդ դեպքում նրան եւս սպառնում է կալանքը: Սակայն այս դրույթը չի կիրառվելու կին ոստիկանների եւ փոխգնդապետ կամ դրանից բարձր կոչում ունեցող անձանց հանդեպ: Մարդկանց, ովքեր բաժնի պետեր ու վարչության պետեր են: Նրանց կարգապահական կալանքի ենթարկելը կբացառի ստորադրյալների հետ հետագա նորմալ աշխատանքի հնարավորությունը, եւ այդ դեպքում օրինագիծը միանգամից առաջարկում է կամ պաշտոնանկություն կամ կոչման իջեցում նրանց համար:
Ավելի ուշ, ոստիկանապետի տեղակալից փորձեցի պարզել, թե քանի ոստիկան է այս տարվա ընթացքում տույժերի ու կալանքների ենթարկվել: Պարզվեց, որ առաջին կիսամյակի ընթացքում ընդամենը 2 ոստիկան է կալանվել, իսկ 459 այլ աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական տարբեր պատասխանատվությունների, սկսած նկատողությունից մինչեւ աշխատանքից զրկվելը:
«Ազգը» հետաքրքրվեց նաեւ, թե այդ ոստիկանների մեջ կա՞ն հանրահավաքային սեզոնի ու ապրիլի 12-ի գիշերվան մասնակից ոստիկանների անուններ, եւ ոստիկանապետի տեղակալն անձամբ ինչպե՞ս է գնահատում այդ օրերին ոստիկանների վարքագիծը: «Այդ օրերի հետ կապված մանրակրկիտ ուսումնասիրություններ ու ծառայողական քննություններ են անցկացվել, եւ հաստատվել է, որ ոստիկանության աշխատակիցները ոչ մի սխալ թույլ չեն տվել, աշխատել են օրենքի շրջանակներում», պատասխանեց Արարատ Մահտեսյանը: Ինքը համամիտ է ծառայողական քննության արդյունքներին:
Անկախ ամեն ինչից, մեր հասարակության մեջ ոստիկանն ընկալվում է վայրագ ու դաժան կերպարով, որից ամենատհաճ անակնկալներ կարելի է սպասել: Իզուր չէ, որ ժողովուրդն ասում է` ոստիկանի ու բժշկի դուռ չընկնես:
- Սովորական քաղաքացին, եթե բարեկիրթ ոստիկան է տեսնում, որ պոեզիայից կամ երաժշտությունից է խոսում, ասում է` ոնց որ ոստիկան չլինի: 70 տարի ապրել ենք այնպիսի համակարգում, որ ոստիկանները դարձել են այդպիսին,-խորհրդային տարիների վրա գցեց մեղքը ոստիկանապետի տեղակալը, չժխտելով, որ կան այդպիսի ոստիկաններ, ու օրենքը գալիս է մարդկանց փրկելու նրանցից: Ոստիկանապետը սակայն չկարեւորեց կրթական ցենզի պարտադիր առկայությունը հայ ոստիկանի համար, ասելով, թե շարքային «չկրթված» անձնակազմում կան բարոյական բարձր նկարագրով, պարկեշտ ոստիկաններ, իսկ սպայակազմում հաճախ են հանդիպում հակառակ նկարագրի տեր մարդիկ:
Բարեկրթության, գիտելիքի որոշակի ցենզի կարիք մեր ողջ հասարակությունը եւ առավել եւս ոստիկանները ամենից շատ ունեն: Դրանից աղքատացել ու բարոյալքվել է մեր իրականությունը, դարձել դաժան ու պակաս մարդասեր, եւ ոչ մի օրենք փրկություն չի դառնա: Այս հարցում ոստիկանապետի տեղակալը հաստատապես սխալվում է:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ