«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2004-10-08 | #178, 2004-10-09 | #179, 2004-10-12


ԴՍԵՂՈՒՄ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 135-ԱՄՅԱԿԸ

Անցած կիրակի ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայր Դսեղում տեղի ունեցավ թումանյանական օրերի եզրափակիչ տոնակատարությունը: Միջոցառումների կազմակերպիչներն էին Լոռու մարզպետարանը եւ ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքը:

Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագՙ ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի: Կատարվեց նաեւ հոգեհանգստյան արարողություն:

Թումանյանի 135-ամյակին նվիրված տոնակատարությանը մասնակցում էին ՀՀ աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, մշակույթի եւ երիտասարդության նախարար Հովիկ Հովեյանը, կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը, Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, բազմաթիվ գրողներ, գիտնականներ, հյուրեր Երեւանից եւ մարզի բնակավայրերից:

Թումանյանի տուն-թանգարանի բակում, ուր ամփոփված է բանաստեղծի սիրտը, ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դրվեցին մարզի ղեկավարության, հյուրերի կողմից: Ելույթ ունեցավ Գուգարաց թեմի հոգեւոր երգչախումբը:

Հետաքրքիր թատերականացված դրվագ ներկայացրին Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնի դերասանները:

Խորհրդանշական գրքի միջից դուրս եկան Թումանյանը (դերասանՙ Մայիս Սարգսյան) եւ նրա ստեղծագործությունների հերոսները, որոնց խաղն անմոռանալի պահեր պարգեւեց ներկաներին:

Թումանյանի արձանի մոտ, հրապարակում, մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել: Միջոցառումը բացեց ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Հրաչյա Սարուխանը:

Արտաշես Թումանյանը, ողջունելով հյուրերին, կարդաց Հովհ. Թումանյանի քառյակներից երկուսը:

- Մենք բոլորս ապրում ենք Թումանյանի աշխարհում, եւ ես ուզում եմ, որ մենք բոլորսՙ զինվոր, մշակ, աշակերտ, ուսուցիչ, ապրենք Թումանյանի օրենքներով, ասաց նա:

Իր օրհնանքի ու բարեմաղթանքի խոսքն ասաց Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը:

Ներկաներին իրենց ողջույնի խոսքը հղեցին եւ օրվա խորհուրդը կարեւորեցին «Թումանյան» հայրենակցական միության նախագահ Սուրեն Մամիկոնյանը, Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը եւ ուրիշներ: Վերջինս հայտարարեց, որ «Պատվավոր դսեղցու» կոչում է շնորհվել Արտաշես Թումանյանին:

- Աշխարհային ոգուն ընդառաջ գնացած Թումանյանն այսօր, առավել քան երբեւէ անհրաժեշտ է մեր ժողովրդին, մեր ընթերցողին, ասաց Հովիկ Հովեյանը, մեր հասարակության մեջ տեղ գտած քաղքենիական, օտարածին շատ հատվածներ չգիտեն, թե ի՞նչ է Թումանյանը: Նա յուրաքանչյուրիս մեջ է, եւ մեր սերունդն առաջին հերթին պետք է սնվի թումանյանական աշխարհից:

Խոսք ասացին Սերգո Երիցյանը, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Մելս Սանթոյանը, Դավիթ Գասպարյանը, բանաստեղծ Սուրեն Մուրադյանը եւ Երեւանի Հովհ. Թումանյանի թանգարանի գիտքարտուղար Նաիրա Ազարյանը: Վերջինս պատմեց մի գեղեցիկ ավանդույթի մասին, որը շարունակում են Թումանյանի հարազատներըՙ մեծ բանաստեղծի անձնական իրերը նման առիթներով նվիրաբերելով թանգարանին: Ն. Ազարյանըՙ Թումանյանի կրտսեր թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանի ուղարկածՙ բանաստեղծի գնած երկու բաժակները եւ բաժակակալները նվիրեց Դսեղի թանգարանին:

Հայտարարվեց, որ Թումանյանի 135-ամյակի առթիվ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Աղվան Հովսեփյանը Դսեղի միջնակարգ դպրոցին նվիրել է համակարգիչ, իսկ թանգարանինՙ հեռուստացույց:

Տոնակատարությանն առանձնակի շուք հաղորդեցին Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական համույթի կատարումները, մենակատար Ստեփան Դալլաքյանի երգերը, ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի ասմունքը, իսկ մարզկենտրոնի երգի թատրոնի մենակատար Աննա Ղեւոնդյանը կատարեց հատվածներ «Անուշ» օպերայից: Հոկտեմբերի 10-ին մեծ բանաստեղծի արվեստի հարյուրավոր երկրպագուներ պարուրվեցին թումանյանական շնչով, վայելեցին նրա ստեղծագործության անկրկնելի բերկրանքը:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4