Տավուշի մարզի Ոսկեվան սահմանամերձ գյուղի բնակչուհի Սվետա Մարկոսյանի տունը կառուցված է Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան գյուղերը կապող ճանապարհի սկզբին: Ամիսներ շարունակ նա հետեւել է Ոսկեվան-Կոթի-Բարեկամավան 18118 մետր ընդհանուր երկարությամբ միջգյուղային ճանապարհի վերանորոգման աշխատանքներին: Պատմում է, որ գյուղի բնակիչները առիթը բաց չէին թողնում հյուրասիրելու շինարարներին, զրուցելու նրանց հետ, քանի որ վերանորոգման աշխատանքներում ներգրավված էին բանվորներ նաեւ շրջակա գյուղերից;
- Չեք պատկերացնում, թե մինչեւ վերանորոգումը ճանապարհն ինչ խորդուբորդ էր: Ձմռան ցուրտ օրերին հաճախ մնում էինք ճանապարհին,-ասում է Սվետա Մարկոսյանը:
Հոկտեմբերի 9-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա գտնվեց Ոսկեվան-Կոթի-Բարեկամավան ճանապարհի բացմանը: Ճանապարհի կառուցումը նախագահի նախընտրական խոստումներից էր: Պատվիրատուներն էին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, գյուղատնտեսության միջազգային հիմնադրամը եւ գյուղատնտեսության ծառայությունների ծրագիրը: Վերանորոգման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 986 հազար դոլար:
«Մի քանի ամիս հետո այս ճանապարհն արդեն սովորական կդառնա, եվ դուք կսկսեք մտածել գյուղի ակումբի, դպրոցի, ոռոգման համակարգի վերանորոգման մասին: Եվ դա բնական է, կյանքն առաջ է ընթանում», իր ելույթում նշեց Ռոբերտ Քոչարյանը:
Ոսկեվանցիներն արդեն սկսել են մտածել գյուղի հետագա բարեկարգման մասին: Միակ դպրոցի ուսուցչուհի Անահիտ Պապինյանը ոչ միայն իր աշակերտներին էր բերել ճանապարհի բացմանը, որպեսզի տեսնեն նախագահին, այլեւ նամակ էր պատրաստել, որով Ռ. Քոչարյանին խնդրում էր վերանորոգել դպրոցի 200 մետր երկարությամբ ճանապարհը:
Տավուշի մարզ այցելության ընթացքում Ռ. Քոչարյանը ծանոթացավ նաեւ Պառավաքար-Թովուզ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին: 19,5 կմ ճանապարհահատվածի կառուցման համար պետբյուջեից տրամադրվել է 1 մլրդ 360 մլն դրամ: 10 կմ ճանապարհի կառուցումն արդեն ավարտվել է, իսկ 9,5 կմ հատվածում դեռ պետք է դրվի ասֆալտի վերին շերտը: Ճանապարհը շահագործման կհանձնվի հոկտեմբերի վերջին: Խնայվել է 143 մլն դրամ, որի հաշվին վերանորոգվելու են Այգեհովիտ գյուղի ճանապարհները: Աշխատանքներում ներգրավված է մոտ 400 մարդ; Ինչպես նշում է «Իջեւանճանշին» կազմակերպության հիմնադիր տնօրեն եւ ԱԺ պատգամավոր Արծրունի Ղալումյանը վերջիններս միջինը ստացել են 100-120 դոլար աշխատավարձ: Խաչիկ Գրիգորյանը Ծաղկավան գյուղից է եւ արդեն 2 ամիս առավոտյան 8-ից մինչեւ երեկոյան ժամը 8-ը ճանապարհ է կառուցում: Աշխատավարձ դեռ չի ստացել եւ չգիտի էլ, թե ինչքան: «Մի բան կտան», ասում է Խաչիկ Գրիգորյանը եւ ավելացնում` կարեւորը աշխատանք ունենանք:
Ռ. Քոչարյանը գոհ է մարզում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքներից եւ հավաստիացնում է, որ առաջիկա 2-3 տարվա ընթացքում կվերակառուցվի նաեւ մինչեւ Բերդ ձգվող 23,5 կմ երկարությամբ հատվածը:
«Լավ ճանապարհների բացակայության դեպքում տնտեսությունը չի զարգանա եւ այս առումով սահմանամերձ շրջանները խնդիր չպետք է ունենան: Ճանապարհ, դպրոց, ոռոգում, խմելու ջուր եւ կապ, այս հարցերը եթե լուծենք դժգոհություններ քիչ կլինեն», փաստում է նախագահը:
Բերդում մասնաճյուղ է բացել կոնյակի գործարանը, մարզում կառուցվում է քարի մշակման գործարան: Հոկտեմբերի 9-ին Ռ. Քոչարյանն այցելեց նաեւ «Հայգյուղփոխբանկի» նորաբաց մասնաճյուղ: Բանկի ղեկավարությունն արդեն 800.000 դոլարի ներդրում է կատարել մարզում եւ նպատակ ունի կրկնապատկել այդ գումարներն առաջիկա տարվա ընթացքում:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ