«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2004-10-08 | #178, 2004-10-09 | #179, 2004-10-12


«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ» ՏՈՆՈՒՄ Է ԻՐ ՏԱՍՆԱՄՅԱԿԸ

Տարվա լավագույն բանկը Հայաստանում

 Հայաստանի խոշոր բանկերից մեկըՙ «Կոնվերս բանկն» այսօր նշում է իր հիմնադրման 10-ամյակը: Ստեղծվելով 1994 թ.-ին, «Կոնվերս» վերանվանված «Հյուսիս հայկական» բանկն ուներ ընդամենը երեք աշխատակից եւ 100 հազար դոլար կապիտալ: Ներկայումս բանկի կապիտալը կազմում է մոտ 10 մլն դոլար, իսկ աշխատակիցների թիվը գերազանցում է 250-ը: Սրանք, անշուշտ, «Կոնվերս բանկի» առաջընթացն արձանագրող միակ ցուցանիշները չեն, բայց պատկերացում են տալիս անցած տասնամյակում բանկի զարգացման ընթացքի, ձեռք բերած հաջողությունների, վստահության ամրապնդման մասին: Այդ ամենի վերջին ակորդը եղավ 2003 թ.-ին միջազգային հեղինակավոր «Ֆայնենշըլ թայմս» կորպորացիայի «The banker» ամսագրի կողմից Անգլիայում կազմակերպվող «Տարվա բանկ» մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանի լավագույն բանկ ճանաչվելը եւ ամսագրի հիմնադիր Բրենդեն Բրեքենի անվան «Բրեքեն» մրցանակին արժանանալը: Այս մրցանակը հանձնվում է, նկատի ունենալով բանկի գործունեության վերջին արդյունքները, տեխնոլոգիական եւ ռազմավարական առաջընթացը, որակական ձեռքբերումները:

Տեխնոլոգիական նորամուծություններ

 Տեխնոլոգիական նորույթների առումով «Կոնվերս բանկը» առաջիններից մեկն է Հայաստանում: Համեմատաբար վերջերս այստեղ ներդրվել են ֆաքսի, ինտերնետի միջոցով գործառնություններ կատարելու (Internet banking) եւ «Բանկ-հաճախորդ» համակարգերը: Օգտվելով բանկի գործողությունները ավտոմատացնող այս համակարգերից, բանկի հաճախորդները հնարավորություն են ստանում իրենց անհրաժեշտ տեղեկությունները ստանալ կամ գործողությունները կատարել ավելի արագ եւ հարմարավետ պայմաններով: Մասնավորապես, շնորհիվ այդ համակարգերի, համակարգչի միջոցով հնարավոր է օրվա յուրաքանչյուր ժամի ցանկացած վայրից կատարել եւ ընդունել փոխանցումներ, ուղարկել կանխիկ գումարի ստացման, արտարժույթի փոխանակման հայտեր եւ այլ հաղորդագրություններ: Մի խոսքով ստանալ միջազգային չափանիշներին համապատասխանող ծառայություններ:

Հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված տեխնոլոգիական վերջին նորույթը այս տարվա սեպտեմբերին հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրումն է: Այն հնարավորություն է տալիս խնայել հաճախորդների ժամանակը, խուսափել սպասարկման սեղանների առջեւ հերթերի կուտակումից եւ բացառել հաճախորդների կողմից միմյանց չզիջելու դեպքերը:

Ծառայությունների եւ մասնաճյուղերի ընդլայնում

 «Կոնվերս բանկն» անցած 10 տարիներին տարեցտարի ընդլայնել է իր ծառայությունների ցանկը: Ներկայումս բանկն իրականացնում է դրամական փոխանցումներ տարբեր համակարգերով (Converse transfer, Western union եւ այլն) թողարկում եւ սպասարկում «ԱրՔա» եւ «Վիզա» պլաստիկ քարտեր, բանկոմատների միջոցով իրականացնում կոմունալ վճարումներ, տրամադրում վարկեր տնտեսության տարբեր ճյուղերում գործող ինչպես փոքր ու միջին, այնպես էլ խոշոր ձեռնարկություններին: Բանկի տրամադրած սպառողական վարկերով հնարավոր է ձեռք բերել ավտոմեքենաներ եւ բազմաթիվ այլ ապրանքներ: Այս առումով պատահական չէ բանկի հաճախորդների աճի դինամիկան հատկապես վերջին երկու տարիների ընթացքումՙ 2002 թ. 5000-ի դիմաց ներկայումս «Կոնվերս բանկի» ծառայություններից է օգտվում 25-30 հազար մարդ:

Բանկն ակտիվորեն սկսել է գործել նաեւ Հայաստանի մարզերում, ինչը ենթադրում է 12-15 մասնաճյուղերի ստեղծում: 2001 թ. ստեղծվել են Գյումրու, Վանաձորի մասնաճյուղերը, 2002 թ.-ին «Ավիա» մասնաճյուղը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում եւ 2004 թ.-ին Սեւանի, Չարենցավանի, Մեծամորի, Արմավիրի, Հրազդանի մասնաճյուղերը:

Ցուցանիշների դինամիկան

 Այս տարվա առաջին կիսամյակում կտրուկ ավելացել է բանկի շահութաբերությունը: Եթե 2003 թ.-ի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշով «Կոնվերս բանկը» 7-րդն էր, ապա այս տարվա 6 ամսվա տվյալներով առաջինըՙ 1 մլրդ 66 մլն դրամ շահույթով: Հաճախորդներին տրված վարկերի ծավալով նախորդ տարվա առաջին կիսամյակին 4-րդը լինելով, այս տարի բանկը 2-րդն էր: Եվ վերջապես եւս մի կարեւոր ցուցանիշ: ՀՀ կենտրոնական բանկի սահմանած նորմատիվային պահանջը Հայաստանում գործող բանկերի կանոնադիր կապիտալը մինչեւ 2005 թ. 5 մլն դոլար հասցնելու մասին «Կոնվերս բանկն» արդեն իսկ կատարել է:

Տոնական համերգ Հանրապետության հրապարակում

Այսօր կայանալիք համերգը, որ մայրաքաղաքի բնակիչներին է նվիրում «Կոնվերս բանկը», խոստանում է աննկարագրելի լինել ինչպես տեխնիկական հագեցվածությամբ եւ հատկապես լազերային բազմերանգ ներկայացմամբ, այնպես էլ հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ: Իսկ մինչ այդ, 10-ամյակի միջոցառումների շրջանակներում բանկը կազմակերպել էր զանազան մրցույթներ, որոնց հաղթողները ստացան դրամական մրցանակներ, բարեգործական միջոցառումներ եւ վերջապես իր հաճախորդների համար անվճար ծառայությունների միամսյակ: Սեպտեմբերի 15-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը յուրաքանչյուր օր նրանց առաջարկվել է մեկ անվճար ծառայություն, իսկ բանկի հետ երկար տարիներ համագործակցող հաճախորդներին նաեւ տրվել են հուշանվերներ, շնորհակալագրեր եւ այլ խրախուսական պարգեւներ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4