«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2004-10-09 | #179, 2004-10-12 | #180, 2004-10-13


ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆՙ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՋ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՄԵՆԱԼԱՎ ԴԻՐՔՈՒՄ Է

«Եվրոխորհրդի պարտավորությունների կատարման տեսանկյունից սա աննախադեպ բանաձեւ է դրական առումով», ստրասբուրգյան առաքելությունից նոր վերադարձած Տիգրան Թորոսյանը այսպիսի բարձր գնահատական է տալիս հայտնի բանաձեւին:

Մեր պարտաճանաչության մասին եվրոպացիներն ավելի բարձր կարծիքի են, քան հարեւան Ադրբեջանի ու Վրաստանի: «Եթե նման փաստաթուղթ լիներ Հայաստանի վերաբերյալ, ինչ եղավ Ադրբեջանի, Հայաստանում շատերը կուշաթափվեին»: Պարտավորությունների կատարման տեսանկյունից բացարձակ աննպաստ է եղել նաեւ Վրաստանի վիճակը: Մի խոսքով, Տիգրան Թորոսյանը Ստրասբուրգից վերադարձել էր այն համոզմամբ, որ տարածաշրջանի երկրների մեջՙ Եվրոպա տանող ճանապարհին Հայաստանն ամենալավ դիրքում է:

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի պատգամավորները լուրջ չեն ընդունել նաեւ ադրբեջանցի Հուսեյնովի հայտարարությունը Հայաստանին Եվրոխորհրդից վտարելու մասին: Այնպես որ, ըստ Թորոսյանի, Ստրասբուրգի շուրջն առաջացած աղմուկը անհիմն է եղել:

Հայ պատգամավորների զեկույցի վերաբերյալ 11 փոփոխություն է առաջարկվել, որոնցից հիշատակելի է վարչական կալանքի վերացման հետ կապված օրենսգրքի, Ժողովների, հանրահավաքների, երթերի ու ցույցերի մասին օրենքի վերաբերյալ սրբագրումների անհրաժեշտությունը:

Առաջարկվել է ընդհանրապես հանել այն ձեւակերպումը, թե Հայաստանում ազատ երթեր ու ցույցեր են անցկացվում:

Անդրադառնալով նույն թեմայով հունվարյան բանաձեւին, Տիգրան Թորոսյանը նոր բանաձեւն ավելի նպաստավոր համարեց. «Մենք ստացանք մի բանաձեւ, որի բացասական գնահատականը վերաբերում է հիմնականում 2003 թ. ընտրությունների ժամանակ խախտումների համար պատասխանատու անձանց ոչ համարժեք պատիժներին»: Նա նշեց, որ բացասական ակնարկ է եղել նաեւ ղարաբաղյան հարցի վերաբերյալ, որ չնայած հայտարարություններին, թե Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են ընդառաջելու իրար, վերջին շրջանում առաջընթաց չի նշմարվում:

Եվրոպացիները ողջունել են իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչ հայ պատգամավորների համերաշխ կեցվածքը եւս: Այս մասին Տիգրան Թորոսյանը ջերմությամբ հիշատակեց, ասելով, թե այդ համագործակցությունն անհրաժեշտ է ոչ միայն ներքաղաքական կյանքն առողջացնելու, այլեւ Հայաստանի համար ներկա պահին գլխավոր մարտահրավերին` ղարաբաղյան խնդրին դիմագրավելու համար: Հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր պատվիրակ Շավարշ Քոչարյանը ստրասբուրգյան բանաձեւը որակել է նաեւ իբրեւ մահակ իշխանությունների գլխին: Չնայած «համերաշխությանը», Տիգրան Թորոսյանը մնում է իր համոզմանը, թե նման կարծիքը ֆանտազիայի ոլորտից է, եւ ինքն իր գլխին նման մահակի սպառնալիք չի տեսնում:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4