«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2004-10-09 | #179, 2004-10-12 | #180, 2004-10-13


ՉԵԽԵՐԸ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՆ

Այսօր, ժամը 20:20-ին, «Հանրապետական» մարզադաշտում կտրվի ֆուտբոլի աշխարհի առաջնության Հայաստան-Չեխիա ընտրական մրցախաղի մեկնարկը: Նույն երկրների երիտասարդական հավաքականների հանդիպումը կկայանա «Նաիրի» մարզադաշտում, ժամը 15-ին:

Չեխական ֆուտբոլը մեծ ճանաչում ունի ողջ աշխարհում, իսկ ազգային հավաքականն աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում բազմիցս է դարձել մրցանակակիր: Առաջին լուրջ հաջողությանը չեխերը հասել են 1934 թ. աշխարհի առաջնությունում, որտեղ նվաճեցին արծաթե մեդալներՙ միայն եզրափակիչում զիջելով (1-2) իտալացիներին: Այդ արդյունքը հավաքականը կրկնեց նաեւ 1962 թ. Չիլիում կայացած աշխարհի առաջնությունումՙ վճռորոշ խաղում պարտվելով բրազիլացիներից (1-3): Այդ տարի թիմի լեգենդար ֆուտբոլիստ Յոզեֆ Մասոպուստը ճանաչվեց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ:

Չեխերը հաջող են հանդես եկել նաեւ Եվրոպայի առաջնություններում: Լավագույն արդյունքը 1976 թ. Հարավսլավիայում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին արժանանալն է: Այդ տարի չեխերը եզրափակիչում 11 մ հարվածներով (հիմնական ժամանակումՙ 2-2) հաղթեցին ԳՖՀ-ի հավաքականին: Եվս երկու անգամ նրանք դարձել են Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր (1960, 1980 թթ.ՙ բրոնզե, 1996 թ.ՙ արծաթե): 1980 թ. Չեխոսլովակիայի ընտրանին դարձավ նաեւ մոսկովյան օլիմպիադայի չեմպիոն:

Այս տարի Պորտուգալիայում կայացած Եվրոպայի առաջնությունում էլ չեխերը շատ մոտ էին հաջողությանը: Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ Պավել Նեդվեդի գլխավորությամբ չեխերը հարձակողական հիանալի ֆուտբոլ ցուցադրեցին եւ չեմպիոնի գլխավոր հավակնորդներից մեկն էին համարվում: Արդեն նախնական փուլում նրանք ուշադրության արժանացանՙ հաղթելով Լատվիայի (2-1), Հոլանդիայի (3-2) եւ Գերմանիայի (2-1) ընտրանիներին: Քառորդ եզրափակիչում չեխերը գեղեցիկ ոճով պարտության մատնեցին դանիացիներին (3-0), սակայն կիսաեզրափակիչում չկարողացան հաղթահարել հունական արգելապատնեշը: Լրացուցիչ ժամանակում հույների խփած միակ գնդակը չեխերին զրկեց առաջնության պարգեւներից: Արդյունավետ խաղով աչքի ընկավ չեխերի հարձակվող, անգլիական «Լիվերպուլում» հանդես եկող Միլան Բարոշը, որը 5 գնդակով ճանաչվեց Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը չեխերն անհաջող սկսեցինՙ հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվելով հոլանդացիներից: Չեխիայի հավաքականում ներկայումս կազմի հետ կապված որոշակի դժվարություններ են ծագել: Հավաքականին հրաժեշտ է տվել ամենավառ «աստղերից» մեկըՙ բազմամյա ավագ Պավել Նեդվեդը: Վնասվածքի պատճառով բացակայում են հավաքականում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր Կարել Պոբորսկին եւ Վլադիմիր Շմիցերը: Սակայն, չնայած դրան, 2-րդ խաղում չեխերը սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթեցին խմբի առաջատար ռումինացիներին: Այդ խաղում Նեդվեդի եւ Պոբորսկու փոխարեն խաղադաշտ էին մտել Հայնցն ու Վախոուշեկը, իսկ թիմի ավագի թեւկապը կրում էր խաղացողներից ամենափորձառունՙ Գալասեկը: Որոշ ընդմիջումից հետո կրկին հավաքական է հրավիրվել Մոսկվայի ԲԿՄԱ-ի հարձակվող Իրժի Յարոշիկը, որը խաղավերջում փոխարինեց «Լիվերպուլի» հարձակվող Միլան Բարոշին: Ի դեպ, վերջինս ռումինացիների հետ խաղում 2-րդ դեղին քարտը ստացավ եւ չի մասնակցի երեւանյան հանդիպմանը: Դա, ինչ խոսք, մեծ կորուստ է չեխերի համար, քանի որ այսօր Բարոշը Յան Կոլերի հետ հավաքականի հիմնական գրոհային ուժն է կազմում: Հենց այս երկու հարձակվողների ջանքերով էլ ապահովվեց հաղթանակը ռումինացիների նկատմամբ: Հենց Բարոշին վայր գցելու համար նշանակվեց 11 մ հարվածը, որն իրացրեց Կոլերը: Ի դեպ, մինչ այդ Չեխիայի հավաքականը 345 րոպե շարունակ չէր կարողացել գրավել մրցակիցների դարպասները հույների հետ անցկացրած 2 խաղերում եւ հոլանդացիների հետ մրցավեճում: Իսկ Կոլերը հավաքականում իր 30-րդ գոլը խփեց:

Ինչ խոսք, այսօր Հայաստանի հավաքականին լուրջ փորձություն է սպասում: Եվ չնայած կազմի կորուստներին, Չեխիայի ընտրանին մեծ ներուժ ունի: Կհաջողվի՞ արդյոք մեր ընտրանուն առաջին միավորը վաստակել:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4