«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2004-10-09 | #179, 2004-10-12 | #180, 2004-10-13


ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԸ ԿՐԿԻՆ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Թուրքիայում վերջնագիծը հատեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որի պարգեւներն էին վիճարկում տղամարդկանց 36 եւ կանանց 10 ակումբներ: Երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի ուժեղագույն ակումբ ճանաչվեց ֆրանսիական NAO Chess Club-ը, որին հովանավորում է Ֆրանսիայի մուլտիմիլիոնատեր մադամ Նահեդ Օժեն: Այս թիմը հիմնադրվել է 3 տարի առաջ եւ նրա կազմում հիմնականում հանդես են գալիս այսպես կոչված շախմատային լեգեոներներ: Եվ չնայած թիմի առաջատարներ Վլադիմիր Կրամնիկի եւ Պյոտր Սվիդլերի բացակայությանը, ֆրանսիական ակումբը պահպանեց ուժեղագույնի տիտղոսը: 6-րդ տուրում Ֆրանսիան ներկայացնող թիմն անսպասելիորեն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Վարշավայի «Պոլոնիայի» հետ, ընդ որում բոլոր վեց պարտիաներում էլ խաղաղ դաշն կնքվեց: Ավարտական տուրում NAO Chess Club-ին բավարարում էր ոչ-ոքի արդյունքը: Եվ Կազանի «Լադյայի» հետ մրցավեճում մրցակիցները կրկին բոլոր պարտիաներում հաշտություն կնքեցին: Այսպիսով, անցկացրած 7 հանդիպումներից 5-ում հաղթելով, 2-ն ավարտելով ոչ-ոքի, NAO Chess Club-ը 12 միավորով գրավեց առաջին տեղը: 11-ական միավոր էին վաստակել Սարաեւոյի «Բոսնիան», Կազանի «Լադյան» եւ Եկատերինբուրգի «Մաքս Վենը»: Սակայն վաստակած ընդհանուր միավորների քանակով (30) արծաթե մեդալները բաժին հասան «Բոսնիային»: Վերջինիս կազմում գերազանց ելույթ ունեցավ Սլովակիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը, որի ներդրումը թիմային հաջողությունում մեծ էր: Հանդես գալով բոլոր 7 հանդիպումներում, Սերգեյը 5-րդ խաղատախտակի վրա վաստակեց 5,5 միավորՙ չկրելով ոչ մի պարտություն: 6-րդ տուրում նա հաղթեց «Լադյայի» շախմատիստ Արտյոմ Իլյինին, իսկ 7-րդ տուրում ոչ-ոքի խաղաց լեհ Ռոբեն Կեմպինսկու հետ:

27,5 միավորով 3-րդ տեղը զբաղեցրեց Կազանի «Լադյան», իսկ Եկատերինբուրգի «Մաքս Վենը» 25 միավորով 4-րդն էր: Այս թիմի առաջատար Գարի Կասպարովը տարավ ընդամենը մեկ հաղթանակ, չորս պարտիա ավարտեց ոչ-ոքի, մեկում պարտվեց: Ավելի հաջող էր 2-րդ խաղատախտակի վրա հանդես եկած Ռաֆայել Վահանյանի արդյունքը: Նա տարավ 3 հաղթանակ, մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի, կրեց մեկ պարտություն: Ավարտական երկու տուրերում Վահանյանը պարտության մատնեց Իգոր Սթոլին եւ Սեմյոն Դվոյրիսին:

Կանանց մրցապայքարում, ինչպես եւ սպասվում էր, չեմպիոն հռչակվեց Թբիլիսիի NTN-ը: Թբիլիսցիներն էլ հանդես եկան առանց պարտությանՙ 7 հանդիպումներում տանելով 6 հաղթանակ, մեկն ավարտելով ոչ-ոքի: Նրանք վաստակեցին 13 միավոր, իսկ բոլոր պարտիաներում նրանց ընդհանուր ավարը 19,5 միավոր էր: Հետաքրքրական է, որ 2-րդ տեղը գրաված Սանկտ Պետերբուրգի «Ֆինեկն» ավելի շատ միավոր էր վաստակել բոլոր պարտիաներում (21), քան թբիլիսցիները, սակայն նրանք հանդիպումներից մեկը տանուլ էին տվել, ինչն էլ ճակատագրական եղավ թիմի համար: 3-րդ տեղը 10 միավորով զբաղեցրին «Լադյայի» շախմատիստուհիները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4