«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2004-10-09 | #179, 2004-10-12 | #180, 2004-10-13


«ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐ» ԱՂԱՆԴԸ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԻ ՀԱՐԳԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՔՆԵՐՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Աղանդը զե՞րծ է նյութապաշտությունից եւ ուղղված է դեպի մաքուր հոգեւոր ոլորտնե՞ր

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանում գործող ամենաանհանդուրժողական կրոնական համայնքը գրանցվեց ՀՀ արդարադատության նախարարությունում: Այս կազմակերպությունն, ինչպես հայտնի է, աչքի էր ընկնում բանակային ծառայության նկատմամբ իր ընդգծված բացասական վերաբերմունքով եւ կրոնական քարոզչությունն իրականացնելիս այլ մարդկանց իրավունքների ոտնահարմամբ (հոգեորսություն, քարոզչություն մարդկանց բնակարաններ մտնելու կամ հեռախոսի միջոցով եւ այլն): «Եհովայի վկաները» հայտնի է նաեւ որպես տոտալիտար աղանդ, որտեղ առկա են հստակ հիերարխիա եւ խիստ կարգապահություն: Այն երկար ժամանակ չէր գրանցվում Հայաստանում, քանի որ կազմակերպության կանոնադրությունը չէր համապատասխանում մեր օրենսդրությանը:

Արդյոք «Եհովայի վկաներն» այժմ գործելու է հարգելո՞վ Հայաստանի օրենքները: Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանն, ի պատասխան գրանցման հիմնավորման վերաբերյալ մեր հարցին, ասաց, որ կազմակերպությունն իր կանոնադրությունը համապատասխանեցրել է օրենսդրությանը, իսկ եզրակացությունը ներկայացրել է ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով վարչությունը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի գործերի վարչության պետ Հրանուշ Խառատյանը մեզ տեղեկացրեց, որ իր ղեկավարած վարչությունը ներկայացրել է ընդամենը փորձագիտական եզրակացություն, որ «Եհովայի վկաները» կրոնական կազմակերպություն է: Այլոց իրավունքների խախտման հետ կապված մեր հարցին պատասխանելով Հրանուշ Խառատյանը հայտնեց, որ մի քանի ամիս առաջ վարչությունը դարձյալ իր եզրակացությունն է տվել, որ վերոնշյալ կազմակերպության ներկայացրած կանոնադրությունը խախտում է այլոց իրավունքները: Տկն Խառատյանը նշեց, որ ծանոթ չէ նոր կանոնադրությանը, բայց ենթադրեց, որ հավանաբար համապատասխանեցվել է Հայաստանի օրենսդրությանը: Նա նաեւ նշեց, որ միայն գրանցումից հետո կազմակերպության գործունեությամբ կսկսի զբաղվել իր ղեկավարած կառույցը:

Արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության ներկայացրած եզրակացության մեջ նշվում է, որ «Եհովայի վկաները» կրոնական կազմակերպություն է, որի գործունեությունը համապատասխանում է «Խղճի եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի բ-ից դ կետերին: Այսինքն, «կազմակերպության գործունեությունը հիմնվում է պատմականորեն կանոնացված որեւէ սուրբ գրքի վրա, իր դավանանքով մտնում է ժամանակակից կրոնական-եկեղեցական համայնքների մեջ, զերծ է նյութապաշտությունից եւ ուղղված է դեպի զուտ հոգեւոր ոլորտներ»:

Ինչ վերաբերում է «Եհովայի վկաների» կանոնադրությանը, ապա, ըստ Տիգրան Մուկուչյանի, այն համապատասխանեցվել է Հայաստանի օրենսդրությանը: Դա փոխնախարարի հավաստմամբ, նշանակում է, որ եթե կազմակերպությունը կանի այնպիսի քայլեր, որոնք կհակասեն Հայաստանի սահմանդրությանը եւ օրենքներին, կոտնահարեն այլոց իրավունքները, ապա կենթարկվի քաղաքացիական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության, ընդհուպ լուծարման:

Փաստորեն, «Եհովայի վկաների» օրինական գործունեությունն իր խիստ բացասական հետեւանքների հետ ունի մեկ կարեւոր առավելությունՙ այսուհետեւ հնարավոր կլինի իրավական ճանապարհով ստիպել նրան գործելու Հայաստանի օրենքների շրջանակներում: Մի բան, որ հնարավոր չէր, երբ կազմակերպությունը գրանցված չէր եւ խախտելով Հայաստանի օրենքներն, անխափան գործունեություն էր ծավալում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4