Տնտեսական ֆորումն իսկապես ե՛ւ հայկական էր, ե՛ւ միջազգային
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Երեկ Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) եւ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) օրերի շրջանակներում բացվեց Հայկական միջազգային տնտեսական ֆորումը: Այն բացեց ՀՀԿ նախագահ Արա Աբրահամյանը, իր ելույթում անդրադառնալով կոնգրեսի եւ տվյալ ֆորումի հիմնական նպատակներին: Այնուհետեւ ողջույնի ելույթով հանդես եկավ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նա այս ֆորումն առանձնահատուկ համարեց, քանի որ մասնակցում են ոչ միայն հայ, այլեւ բազմաթիվ օտարազգի գործարարներ:
Երեւանում բացված միջոցառմանը ողջույնի խոսք էր հղել նաեւ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովը: Այն ընթերցելուց հետո հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին եւ դրանց զարգացման խոչընդոտներին անդրադարձավ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը: Նա նշեց, որ ապրանքաշրջանառության ծավալները երկու երկրների միջեւ կազմում են մոտ 200 մլն դոլար: Այս տարվա առաջին կիսամյակին դրանք ավելացել են 5 տոկոսով: Հայաստանում անցյալ տարվա ընթացքում կատարված ռուսական ներդրումները կազմել են 68 մլն դոլար, որը կազմում է ընդհանուր ներդրումների 44 տոկոսը: Իսկ վերջին տարիներին կատարված ռուսական ներդրումների ընդհանուր արժեքը գերազանցում է 230 մլն դոլարը:
Երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող գլխավոր հանգամանքը Իգոր Լեւիտինը համարեց Հայաստանի հետ Ռուսաստանի ընդհանուր սահմանի բացակայությունը եւ Հայաստանի տրանսպորտային մեկուսացվածությունը: Նա տեղեկացրեց, որ այս համաժողովից հետո մեկնելու է Ադրբեջան, ապա Վրաստան եւ այնտեղ կոչ է անելու, որ բացեն բոլոր ճանապարհները: Ռուսաստանի տրանսպորտի նախարարը նշեց նաեւ, որ ճանապարհների փակ լինելու պատճառով 15 մլն տոննա բեռներ չեն մտնում տարածաշրջան եւ անցնում են այլ երկրներով:
Հայկական միջազգային համաժողովը ողջունել էին նաեւ Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման եւ վարչապետ Վիկտոր Յանուկովիչը, Յունեսկոյի նախագահ Կաետիրա Մացուրան: Ուկրաինայի ներկայացուցչի ելույթին հաջորդեց Սլովակիայի ստանդարտացման եւ սերտիֆիկացման կոմիտեի նախագահ Դուշան Պոդգորսկին, որը ներկայացրեց սլովակյան գործարարների արդեն կատարված եւ սպասվող ներդրումները: Մասնավորապես նա տեղեկացրեց, որ սլովակյան ընկերությունները պատրաստվում են ներդրումներ կատարել էներգետիկ ոլորտում, քիմիական արդյունաբերության մեջ: Իսկ Ուկրաինայի հրեական համայնքի ղեկավար Վադիմ Ռաբինովիչը նշեց, որ ինքը հանդես է գալիս որպես գործարար եւ Հայաստան է եկել գործարարների խմբի հետ: Նա հայտնեց, որ իր ղեկավարած հոլդինգի մեջ ընդգրկված է 27 երկրներում տարածվող թերթ, որի էջերում ինքը պատրաստ է մեկ տարի անվճար գովազդել հայկական բիզնեսը:
Սփյուռքի անունից տնտեսական համաժողովը ողջունեց ամերիկահայ ազգային գործիչ, ՌԱԿ կենտրոնական վարչության համաատենապետ Երվանդ Ազատյանը:
Համաժողովում Հայաստանի տնտեսության զարգացման անցած ուղին, ներկա վիճակը եւ հեռանկարները ներկայացրեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա անդրադարձավ վերջին տարիներին արձանագրված տնտեսական աճի բարձր տեմպերին, Հայաստանում կատարված ներդրումներին, արտաքին առեւտրի ծավալների մեծացմանը եւ տնտեսական մյուս ցուցանիշներին:
Հայաստանի ներդրումային վիճակի մասին առանձին զեկույցով հանդես եկավ զարգացման հայկական գործակալության գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը: Նա մեր երկրի ներդրումային առավելություններից նշեց բարձրորակ եւ էժան աշխատուժը, բնակչության կրթական բարձր մակարդակը, օտարերկրյա ներդրումների պաշտպանությունը օրենքով եւ այլն: Ներդրումների համար նախընտրելի ոլորտների թվում նշվեցին տեղեկատվական տեխնոլոգիաները, քիմիական եւ դեղագործական արդյունաբերությունը, թեթեւ արդյունաբերությունը, սննդարդյունաբերությունը, էլեկտրոնիկան, ոսկերչությունը, ակնագործությունը, տուրիզմը եւ այլն:
«Հայաստանի քաղաքական կյանքին չեմ մասնակցում»
Հայկական միջազգային տնտեսական ֆորումի ընդմիջմանը Արա Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Մամուլի ասուլիսին մասնակցում էր նաեւ Ռուսաստանում հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:
ՀՀԿ նախագահը ներկայացրեց կոնգրեսի հիմնադրմանը հաջորդած ժամանակահատվածում կատարված աշխատանքները: Նա մասնավորապես նշեց, որ սա երկրորդ միջոցառումն էր ցեղասպանությանը նվիրված համաժողովից հետո: ՀՀԿ-ի նպատակն է օգնել ոչ միայն սփյուռքին, այլեւ Հայաստանին: Կոնկրետ ծրագրերից Արա Աբրահամյանը հիշատակեց մասնակցությունը Հյուսիսային պողոտայի շինարարությանը, Ծաղկաձորի համալիրի կառուցումը եւ Եղեգնաձորում պահածոների գործարանի ստեղծումը: Ծրագրերի իրականացման ընթացքում չնախատեսված խնդիրներից խուսափելու նպատակով նա կարեւորեց Հայաստանի կառավարության հետ պայմանագրի ստորագրումը, որտեղ պետք է ընդգծվի, թե ինչ չափանիշներով պետք է գործի եւ ինչ պարտավորություններ վերցնի կոնգրեսը:
Ադրբեջանի եւ Վրաստանի կողմից ճանապարհների բացման մասին Ռուսաստանի տրանսպորտի նախարարի հայտարարության կապակցությամբ տրված հարցին Արա Աբրահամյանը պատասխանեց, որ պետք է փնտրել եւ գտնել մեր ճանապարհների բացման մեխանիզմը, իսկ Անդրանիկ Միհրանյանն ավելացրեց, որ իրենց առաջնահերթ խնդիրներից է Ռուսաստանի իշխանությունների մոտ լոբբիստական աշխատանքի կատարումը: «Ազգի» այն հարցին, թե ավելի նպատակահարմար չէ՞ աշխատանքներ տանել այլընտրանքային ճանապարհների ստեղծման ուղղությամբ, Արա Աբրահամյանը պատասխանեց, որ, բնականաբար, այդ աշխատանքները նույնպես, զուգահեռաբար տարվում են: Նա նաեւ տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն համագործակցում է ոչ միայն Ռուսաստանի իշխանությունների, այլեւ այդ երկրում բնակվող այլ ազգությունների ներկայացուցիչների հետ եւ նրանց ներկայացնում հայկական խնդիրները: Արա Աբրահամյանը հայտնեց, որ, օրինակ, իրեն հրավիրել են մասնակցելու Մոսկվայում կայանալիք ադրբեջանցիների միջազգային կոնգրեսին: Անդրանիկ Միհրանյանն ավելացրեց, որ կոնգրեսն աշխատում է նաեւ, որ հայերին ճանաչեն ոչ թե որպես «կովկասյան ազգության անձանց», այլ որպես հայերի: «Այսօր հայերին ավելի ու ավելի քիչ են անվանում «կովկասյան ազգության», ասաց Անդրանիկ Միհրանյանը:
Այն հարցին, թե Հայաստանի ներքաղաքական կյանքում Արա Աբրահամյանը տեղ զբաղեցնելու ակնկալիք ունի՞, ՀՀԿ նախագահը պատասխանեց, որ ինքն անձամբ Հայաստանի քաղաքական կյանքին չի մասնակցում, իսկ այն ամենը, ինչ արվում է, արվում է միայն Հայաստանի ժողովրդի եւ պետության համար: Հայաստանի կառավարության հետ հարաբերություններին վերաբերող հարցին էլ Արա Աբրահամյանը պատասխանեց, որ ինքը լավ հարաբերություններ ունի Հայաստանի կառավարության հետ, այլապես այստեղ չէր գա: «Խնդիրը դրանց առավել բարելավումն է», եզրափակեց ՀՀԿ նախագահը: