Նոյեմբերի սկզբին Հայաստան է ժամանելու դաշինքի գլխավոր քարտուղարը
ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բարնսը «Մեդիամաքս» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ի հատուկ ուշադրությունը Կովկասի նկատմամբ չպետք է անհանգստություն առաջացնի Մոսկվայում»: «ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդի շնորհիվ դաշինքի անդամները եւ Ռուսաստանը պաշտպանում են մեր ընդհանուր շահերը եւ դիմակայում ընդհանուր սպառնալիքներին: Այս աշխարհամասի նկատմամբ ՆԱՏՕ-ի հատուկ ուշադրության պատճառը գիտակցումն է, որ այդ տարածաշրջանի երկրների հետ մենք բախվում ենք անվտանգության ընդհանուր այնպիսի սպառնալիքների, որոնց մեծ մասն ի հայտ է գալիս Եվրոպայի սահմաններից դուրս: Ռուսաստանը նույնպես բախվում է այդ սպառնալիքներին, եւ նա կարող է միայն շահել ՆԱՏՕ-ի աշխատանքից այս ոլորտում», ասել է Բարնսը:
«Էական տարբերություններ կան ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի զինված ուժերի ու պաշտպանական կառույցների կազմակերպման ձեւերում: Եթե Հայաստանը ցանկանում է էապես բարելավել իր համատեղելիությունը ՆԱՏՕ-ի հետ, նա ստիպված կլինի արդիականացնել այդ կառույցներից մի քանիսը: Այսպիսով կան գործնական հարցեր, որոնք կարող են համոզել ձեր կառավարությանն ավելի սեւեռուն հայացք գցել Հայաստանի զինված ուժերի ապագա կառուցվածքին», ասել է Բարնսը:
Հայաստանը եւ Ռուսաստանը համարվում են ռազմավարական դաշնակիցներ, ավելինՙ Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը, իսկ հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանները համատեղ վերահսկում են հայ եւ ռուս սահմանապահները: Մյուս կողմիցՙ Հայաստանը հայտարարում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելու ցանկությունների մասին:
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը սեպտեմբերի 22-ին մամուլի ասուլիսում հայտարարեց. «ՆԱՏՕ-ին անդամակցությունը չկա մեր արտաքին քաղաքականության մեջ: Կան ՆԱՏՕ-ի հետ առավելագույնս հարաբերությունների խորացումը, զարգացումը, համագործակցությունը, բայց ոչ անդամակցությունը»: Մեր մյուս հարեւաններից Վրաստանը հետեւողականորեն հայտարարություններ է անում ՆԱՏՕ-ին եւ ընդհանրապես եվրոպական կառույցներին անդամակցելու իր ցանկությունների մասին: Ադրբեջանը, որ մինչեւ Իլհամ Ալիեւի իշխանության գալը եւս իր տեղը տեսնում էր ՆԱՏՕ-ում, այսօր ակնհայտորեն ռեւերանսներ է անում Մոսկվային:
«Դեռեւս վաղաժամ է խոսել ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասի որեւէ երկրի անդամակցության հնարավորության մասին: ՆԱՏՕ-ի նպատակն այս տարածաշրջանում անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդումն է, եւ մենք պատրաստ ենք սերտորեն համագործակցել Կովկասի երկրների հետ խաղաղության եւ կայունության հասնելու համար», ասել է Բարնսըՙ հավելելով. «Համագործակցությունը դաշինքի հետ, որը Եվրոպայում խաղաղության եւ կայունության հիմնական երաշխավորն է, առավելությունների լայն շրջանակ է նախատեսում Հայաստանի համար»:
Վարդան Օսկանյանը վերջերս հայտարարել էր. «Եթե ստացվի այնպես, որ Վրաստանը եւ Ադրբեջանն ի վերջո դառնան ՆԱՏՕ-ի անդամներ, իսկ Հայաստանըՙ ոչ, ապա ակնհայտ է, որ դա նոր բաժանարար գծեր կառաջացնի Կովկասում»: Ի պատասխան Օսկանյանի վերոնշյալ հայտարարության Բարնսն ասել է, որ Ստամբուլում կայացած գագաթաժողովում ՆԱՏՕ-ն հաստատեց «բաց դռների» իր քաղաքականությունը եւ հայտարարեց, որ 7 նոր երկրների անդամակցությունը դաշինքի վերջին ընդլայնումը չէր:
ՆԱՏՕ-Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ) համագործակցության հեռանկարների մասին ամերիկացի դիվանագետն ասել է. «Սեպտեմբերին ՀԱՊԿ ներկայացուցիչը Եվրատլանտյան գործընկերության խորհրդում (ԵԱԳԽ) պատմեց կազմակերպության գործունեության տարբեր ուղղությունների մասին: Սակայն, քանի որ ՀԱՊԿ բոլոր անդամները նաեւ ԵԱԳԽ անդամ են, դժվարանում եմ ասել, թե ինչպիսի արժեք կարող է ունենալ այդ կազմակերպության հետ նոր կապող օղակների ստեղծումը:
ՀԱՊԿ-ն միավորում է նախկին խորհրդային 6 հանրապետություններիՙ Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղազախստան, Տաջիկստան, Կիրգիզիա: Հունիսի 18-19-ը Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթաժողովում Ղազախստանի նախագահ Նազարբաեւն ասաց, որ կազմակերպությունը կառուցողական համագործակցություն է ծավալելու միջազգային անվտանգության այլ կազմակերպությունների, այդ թվում ՆԱՏՕ-ի հետ: Աստանայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Հայաստանի նախագահը նշել էր. «Այսօր մենք ընդունեցինք փաստաթուղթ ՀԱՊԿ-ՆԱՏՕ համագործակցության հիմնական ուղղությունների մասին: Կազմակերպությունը հանգիստ է արձագանքում եւ դրական գնահատում ՀԱՊԿ-ՆԱՏՕ, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունը: Փաստաթղթում նշված են համագործակցության ուղղությունները. տարածաշրջանային եւ միջազգային անվտանգություն, պայքար ահաբեկչության դեմ եւ մի շարք այլ ուղղություններ»:
Նիկոլաս Բարնսը «Մեդիամաքսին» ասել է. «Մեզ տպավորել էր այն, թե ինչպես Երեւանն անցկացրեց «Համատեղ լավագույն ջանք-2003» զորավարժությունները նաեւ այն պատճառով, որ դրանց մասնակցեցին թուրք սպաներ, ինչպես նաեւ մասնակցության հրավեր ուղարկվեց Ադրբեջանինՙ չնայած լարված հարաբերություններին»:
«Մենք պաշտպանում ենք «Համատեղ լավագույն ջանք-2004» զորավարժությունների կասեցման ՆԱՏՕ-ի որոշումը եւ խոր ափսոսանք ենք հայտնում հայ մասնակիցներին մուտքի արտոնագրեր չտրամադրելու Բաքվի որոշման կապակցությամբ: Մեր կարծիքով, այդ որոշումը հակասում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության եւ դաշինքի հետ ավելի սերտ գործընկերության հաստատման Ադրբեջանի հաճախակի հայտարարություններին», ասել է Բարնսը: Ապրիլին Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի փոխհրամանատար Չառլզ Վալդը Երեւանում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Բարնսն անձամբ զբաղվում է Ադրբեջանի տարածքում ՆԱՏՕ-ի զորավարժություններին հայ զինծառայողների մասնակցության հարցով:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Բարնսն ասել է. «Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների պատմությունը չի կարող շտկվել մեկ օրում եւ նույնիսկ մեկ տասնամյակում: Սակայն մի մոռացեք, որ այնպիսի ավանդական թշնամիներ, ինչպիսիք են Գերմանիան եւ Ֆրանսիան կամ Հունաստանը եւ Թուրքիան, այժմ կողք-կողքի աշխատում են ՆԱՏՕ-ի կազմում: ՆԱՏՕ-ն ավելին է, քան մեկ առանձին երկիր»:
Ինչպես հայտնի է, Հայաստանի նախագահը չմասնակցեց հունիսի 28-29-ը Ստամբուլում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Պաշտոնական Երեւանն այդ որոշումը բացատրեց Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում չգրանցվող առաջընթացով:
Նոյեմբերի սկզբին սպասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Երեւան:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ