«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2004-10-13 | #181, 2004-10-14 | #182, 2004-10-15


ՀԱՅԿԱՎԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

Նախորդ ու նոր ժամանակների միաձուլման սահմանին

Նախկինում ադրբեջանաբնակ Սիրիկ, այժմ` Հայկավան գյուղը անտառներով ծածկված լեռների մեջ է, ծովի մակերեւույթից 1220-1250 մ բարձրության վրա: 12 հայ ընտանիքներ են ապրում այստեղ: Նրանք Հայաստանի անկախությանն ու արցախյան պատերազմին հաջորդած սոցիալական ճգնաժամից քշվածներն են, ում տնտեսական անսպասելի շրջադարձը նետեց Հադրութի շրջանի այս հեռավոր գյուղը: Այս ընտանիքներն ապրում են տասնյակ կիլոմետրերով անջրպետված ժամանակակից իրողություններից, ստեղծելով իրենց գյուղ-պետությունը, կենցաղավարության ու վարքաձեւի սեփական, չգրված օրենքները: Հակառակ Արցախի շրջանների մյուս մոռացված բնակավայրերի, Հայկավանի բնակիչները գոհ են համառության ու հնարամտության արդյունք սեփական կացութաձեւից:

«Թալին ի՞նչ կա, քար է, ոչ վառելիք, ոչ խմելու ջուր ունեինք, ոչ ոռոգման ջուր կար. կարո՞ղ էի երեխեքիս պահել, էստեղ գոնե յոլա ենք գնում», ասում է 7 երեխաների մայր Ռոզա Պետրոսյանը: Նրա երեք երեխաներն այստեղ են ծնվել:

Արդեն ամուսնացած տղայի հետ 10 հոգով ապրում են հողաշեն հատակով, գերանակապ առաստաղով, խոնավությունից ուռած պատերով, նվազագույն հարմարություններից զուրկ տան մեջ: Կենցաղային պակասությունները ընտանիքի համար էական չեն, էականը վայրի բնության մեջ անկաշկանդ մեծացող մեծ ու փոքր երեխաներին օրվա հաց հասցնելն է: Գյուղից գյուղ տրանսպորտ չկա, մինչեւ հարեւան Խանձաձոր գյուղը 7 կմ ճանապարհ է, միայն այստեղից կարող են ավտոբուս նստել եւ Հադրութ գնալ` ամենաանհրաժեշտ գնումներ կատարելու: Ավտոբուսն էլ շաբաթը միայն 2 անգամ է աշխատում: «Էնպես ժամանակ է եղել, որ շաբաթներով սոված նստել ենք, մենք մեզումեզ, հարեւաններով իրար օգնելով, ապրել ենք: Գնացել ենք կողքի գյուղերը, կարտոֆիլ ու ցորեն խնդրել, յոլա գնացել», պատմում է Ռոզայի երիտասարդ հարսը:

Գյուղը բուժկետ չունի, վիճակն անելանելի է դառնում, եթե գյուղացիներից մեկնումեկը հիվանդանում է: Հյուղակներից մեկն էլ դպրոց են սարքել ու իրենք իրենց հավատացնում են, թե գյուղի դպրոցահասակ երեխաներից 7-ն ուսում են ստանում:

Դժվար կյանքի մանրամասներին հաղորդակցելով, հայկավանցիներն, այնուամենայնիվ, գոհությամբ թվարկում են նաեւ իրենց վայրի կենցաղի առավելությունները: Անասուն ինչքան ուզես կարող են պահել, կերն առատ է կանաչ դաշտերում ու մարգագետիններում, նունիսկ ձմռանն այնքան տաք է, որ գոմ կառուցելու հոգսից էլ են ազատվել: Ցրտից չեն բողոքում, փայտը միշտ էլ կա: Խմելու ջուրն իրենց ուժերով են սարերից քաշել, հասցրել տների բակերը: Տնամերձ հողամասերում, որոնց սահմաններն ինչքան ուզեն կարող են ընդարձակել, ամեն ինչ աճեցնում են, կարտոֆիլ, լոբի, կաղամբ ու նույնիսկ ձմերուկ: Միրգն էլ առատ է հենց տան գլխավերեւի թավ անտառներում:

Ինչպես Հայաստանի ու Արցախի մյուս հեռավոր գյուղերում, այստեղ էլ իշխում է բնատնտեսությունը: Հայաստանի մերձակա մարզերից, Կապանից ու Գորիսից, նույնիսկ Երեւանից գալիս են իրենց սարքած պանիրն ու յուղը, բեղուն անտառների ընկույզն ու հոնը տանելու, փոխարենը ալյուր, վերմիշել, լուցկի, սուրճ ու հագուստ տալով: Դաշտերը լիքն են բոխիով ու ղանձիլով, որ պարկերով հավաքում են. քաղաքաբնակները լավ գին են տալիս:

Գյուղի վերաբնակների մի մասն աղճատված ճակատագրերով մարդիկ են: Զեմֆիրա Մանգուլյանը արցախյան պատերազմում կորցնելով ամուսնուն ու 2 որդիներին, երկրորդ անգամ է ամուսնացել եւ ամուսնու հետ արդեն 6 տարի տեղափոխվել է այստեղ: Անձրեւն իսկական պատուհաս է դառնում միայնակ ամուսինների համար: Գյուղապետարանում անտարբերությամբ են լսում Զեմֆիրայի բողոքները մշտական խոնավությունից փրկելու, օգնության ձեռք մեկնելու մասին: «Անձրեւը որ գալիս է, տունը ջրով է լցվում, ասում են, ամուսինդ մեծահասակ է, էն ժամանակ թող սպիտակ մազ ունեցողներին բոլորին ավտոմատի տակ դնեն, գյուլլեն, մեծահասակը ապրել չի՞ ուզում», ասում է դեռ բավական երիտասարդ կինը, որ Բաքվից փախել է Գյումրի, այստեղից էլ երկրաշարժն է շպրտել Հայկավան:

Հայկավանի ընտանիքներից մեկում 70-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանն ապրում է 27-ամյա հոգեգար դստեր հետ: Հիվանդության նոպաների ժամանակ ծերունին միանգամայն անպաշտպան է` հաճախ դառնալով խելագար աղջկա կատաղության զոհը: Հարազատներից ու հասարակությունից լքվածներին, սակայն, հարեւանները չեն մերժում` ամեն անգամ հաց ու կարտոֆիլով, մանր-մունր պիտույքներով հասնելով նրանց:

Այնուամենայնիվ, ծայր կարիքներով գոյատեւող հայկավանցիների հոգում նոր կյանքով ապրելու հույսեր են ճառագել: Գյուղն արժանացել է հայրենադարձության ու հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպության ուշադրությանը: Հիշեցնենք, որ այս կազմակերպությունը սփյուռքից եւ Հայաստանից ներդրումներ ու ֆինանսներ որոնելով, փորձում է խախտել ազատագրված տարածքների գոնե մի հատվածի հավիտենական թվացող անշարժությունը: Հայկավանի 12 բնակիչներից 4-ը տարեվերջին Լոս Անջելեսից «Հայ բուժքույրերի միության» եւ Անատոլյան ընտանիքի բարերարությամբ կառուցված նոր բնակարաններ կտեղափոխվեն: Գյուղը շուտով նաեւ բուժկետ ու դպրոց կունենա: Դրանց կառուցման ծախսերն էլ հոգացել են ԱՄՆ-ի «Հայ տարեցների միությունն» ու տեր եւ տիկին Վիլյամ Սո եւ Աստղիկ Տատրյանները: Հիրավի աստվածային պարգեւ կենսաձեւի հետնախորշերը նետված մարդկանց համար:

Նոր բնակարան է ստանալու նաեւ Ռոզա Պետրոսյանի ընտանիքը:

Նոր բնակարան ստացող երջանիկների թվում հայտնվել է շնորհիվ իր 7 երեխաների: ԼՂՀ օրենքների համաձայն, 7 երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին բնակարաններ են շնորհվում: 8 երեխայի դեպքում` նաեւ ավտոմեքենա: Տիկին Ռոզան պատրաստվում է իրականացնել իր ընտանիքի համար անիրական այդ շքեղությունն էլ:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4