Ըստ պաշտոնական տվյալների, անցած 9 ամսում ԼՂՀ-ում գրանցվել է պատերազմից մնացած ականների պայթման 18 դեպք, տուժել է 34 մարդ, ընդ որումՙ 10 հոգի ականի պայթյունից զոհվել են: Ցավալիորեն, դրանցից տուժել են նաեւ երեխաներըՙ 5 տուժած երեխաներից մահացել են երկուսը: Պատկան մարմինների բացատրությամբՙ այդ դժբախտ պատահարները հիմնականում տեղի են ունենում բնակչության անվտանգության տարրական կանոնները չպահպանելու պատճառով:
Ականների վտանգն առավելապես առկա է հողահատկացման ոլորտում: Որոշ հողերի սեփականատերեր ոչ միայն անտեսում են այս առնչությամբ հաճախակի արվող բանավոր զգուշացումները, այլեւ տեղաշարժում են ականապատ վայրերում համապատասխան գրություններով ցուցանակներըՙ ապակողմնորոշելով բնակչությանը:
ԼՂՀ-ում ականազերծման աշխատանքներ իրականացնող The HALO trust կազմակերպությունն այս կապակցությամբ լուրջ մտահոգություններ ունի: Վերջին օրերին ականավտանգ գոտի է դարձել նաեւ Մարտակերտ քաղաքի կենտրոնում գտնվող նախկին խորհտնտեսության գրասենյակին հարող տարածքը, որտեղ երկու ամիս առաջ ական է հայտնաբերվել: Օգոստոսի 31-ից The HALO trust-ն այստեղ իրականացնում է ականազերծման աշխատանքներ: Այսօրվա դրությամբ արդեն հայտնաբերվել է 15 ական: Սակայն, թեկուզ վտանգն առկա է, քաղաքի բնակիչների համար նշված տարածքը դարձյալ շարունակում է մնալ բանուկ, իսկ երեխաների համարՙ ուղղակի խաղահրապարակ:
Այն, որ 1994 թվականից հետո Մարտակերտ քաղաքի նշված հատվածում դեռեւս ոչ մի քաղաքացի ականի զոհ չի դարձել, բնավ չի բացառում դրա վտանգի հավանականությունը: Իսկ ականազերծման աշխատանքների ընթացքում, որոնք տարվում են հիմա էլ, այստեղ երթեւեկելը եւ անասուններ արածեցնելը պարզապես վկայում են նրանց անտարբերության մասին:
Խնդրի առնչությամբ, շահագրգիռ հիմնարկների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, օրերս Մարտակերտում տեղի է ունեցել խորհրդակցություն: Արդյոք ձեռնարկվող միջոցառումները կվտանգազերծեն իրավացի մտահոգությունը: Ինչպես ասում են, բնակչության անվտանգությունը հենց բնակիչների ձեռքին է, իսկ դրա համար անհրաժեշտ է ավելի ակտիվացնել բացատրական ու քարոզչական աշխատանքը, մանավանդ անչափահասների շրջանում:
ԼՂՀ-ում ականից պայթելու վերջին դեպքը տեղի է ունեցել Մարտունու շրջանում, երկուշաբթի օրը, որից 2 հոգի վիրավորվել են: Իսկ անցած շաբաթ օրը, դարձյալ նույն շրջանի տարածքում, հերկի ժամանակ, ականի վրա պայթել է մեկ տրակտոր: Բարեբախտաբար զոհեր չեն եղել:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ