Եթե այդպես էլ չեն նշմարվում քաղաքացիական հասարակության ստվերները
Երեկ կառավարության նիստերի դահլիճում կայացավ ՀԿ-ների երկրորդ հանրապետական համաժողովը, որին մասնակցում էին 280 կազմակերպություններ: Զուգահեռ կազմակերպված ցուցահանդեսում ՀԿ-ները ներկայացրել էին իրենց կողմից իրականացվող ծրագրերը, ծառայություններն ու խնդիրները:
Հայաստանում այսօր հասարակական կազմակերպությունների թիվը հասնում է 3,5 հազարի: Բայց ՀԿ-ների բազմացման աշխույժ տեմպերը ամենեւին չեն համապատասխանում հասարակության` իր իրավունքների համար կռվելու պատրաստակամության մեծացմանը: ՀԿ-ների բազմահազարանոց բանակի առկայության պայմաններում քաղաքացիական հասարակության ձեւավորման հեռանկարը չի նշմարվում:
Սեմինարներն ու դասընթացները ուղեկցվում են ճոխ սպասարկումով
Նշված քանակի ՀԿ-ների միայն 10-15 տոկոսն է լիարժեք գործում: Մի հատվածը հասարակության հետ կապերը սերտացնելու փոխարեն նախընտրեց սերտաճել կառավարության կամ իշխանության այլ օղակների հետ: Այսօր նրանք միասին են իրականացնում Աղքատության հաղթահարման ռազմավարական, հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրերը, որոնց դեմ պայքարելը նման է մաղով ջուր կրելուն` մի կողմից պայքարում են, մյուս կողմից կաշառք վերցնում:
Առկա է նաեւ հասարակական կազմակերպության միջոցով դրամաշնորհ հայթայթելու եւ այն ընտանիքի ու հարազատների խմբի համար ապրուստի միջոց դարձնելու պրակտիկան: Այս իմաստով ՀԿ-ները ոչ միայն աշխատատեղ են ապահովում, այլեւ լուրջ գործոն են դարձել աղքատության մեղմացման գործում: Ամենատարբեր ծրագրերի իրականացման համար ամեն տարի հարյուր հազարավոր դոլարներ են տրամադրվում: Հայաստանի ՀԿ-ների ամենախոշոր սնուցողները ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի, Մեծ Բրիտանիայի զարգացման գործակալություններն են, Նիդեռլանդների Միացյալ Թագավորությունը, Եվրոմիությունը` ՏԱՍԻՍ ծրագրի շրջանակներում:
Իհարկե, կան կազմակերպություններ, որոնց հնչուն անվանումներին բավական ճանաչ է հասարակությունը` իրավապաշտպան կազմակերպություններ, կանանց իրական ու մտացածին հիմնախնդիրներով զբաղվող միություններ, էկոլոգիական կազմակերպություններ: Իբրեւ ընդհանուր համախտանիշ, բոլոր կազմակերպությունների նախընտրած անելիքը սեմինարների, կլոր սեղանների, դասընթացների կազմակերպումն է, ուր տարբեր տրամաչափի վճարներով խորհրդատվություններ են անցկացնում տեղացի եւ արտասահմանցի փորձագետները: Ծաղկաձորում կամ հանրապետության գեղատեսիլ հանգստավայրերից որեւէ մեկում պարբերաբար կազմակերպվող այդ միջոցառումներն ուղեկցվում են ճոխ սպասարկումով: Բայց հասարակական կարիքների մասին օրուգիշեր թութակային շատախոսությամբ զբաղված այդ ՀԿ-ները միայն այստեղ չէ, որ մսխում են միջոցները: Եթե որեւէ մեկը հաշվեր, թե ամեն տարի ինչքան գիրք ու գրքույկ, բրոշյուրներ, տեղեկատվական ժուռնալներ ու թղթեր են հրատարակվում: Հավանաբարՙ տոննաներով: Սովորաբար, թիթեռի կյանք ունեցող այդ հրատարակությունների իրացնողը միայն լրագրողներն են, մեկ էլ` պատվիրատուները: Դժվար է չկասկածել, որ ՀԿ-ների հովանու տակ փողերի ակտիվ լվացում են անում ե՛ւ տեղացիները, ե՛ւ դրսեցիները, իհարկե, ամեն մեկն իր զորություններին համապատասխան: Դժվար է նաեւ ենթադրություններ չանել, թե վերջիններս այդ տեղեկություններն օգտագործում են անմեղ նպատակներով: Դրամաշնորհներ պարգեւող կազմակերպությունները շատ խնդիրների մասին մեզնից ու մեր իշխանություններից լավատեղյակ են: Տարածաշրջանում որոշակի հետաքրքրությունների առնչվող մեր երկրում արտասահմանյան հետախուզական ծառայությունները հեշտությամբ կարող են տեղեկանալ ամեն ինչի մասին: Հանգամանք, որ անմիջականորեն շոշափում է ազգային անվտանգության խնդիրը:
Անկախ ամեն ինչից, Հայաստանում, այնուամենայնիվ, կան կայացած հասարակական կազմակերպություններ: Երեկվա ցուցահանդեսին ամենամեծ ներկայացուցչական կազմ ունեին սոցիալական ուղղվածության ՀԿ-ները` մոտ 44 կազմակերպություն: Նրանցից մի քանիսը իսկապես ծանրակշիռ գործ են անում: Հիշատակենք միայն «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը, որի գոյությունը վերջին տարիներին շուրջ 6 հզ. 500 միայնակ տարեցների եւ 10 հզ. փախստականների համար իսկական մխիթարություն դարձավ: Հանրապետության 9 մարզերում հիմնել է 26 բարեգործական ճաշարաններ, 43 բուժկետ, 9 համայնքային սոցիալ-առողջապահական կենտրոններ եւ այլն: Սոցիալ-առողջապահական կենտրոններում միայնակ, անօգնական ու անապահով ծերերին օգնություն տրամադրվում է անմիջապես նրանց տներում:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ