«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2004-10-14 | #182, 2004-10-15 | #183, 2004-10-16


ՍՊԱՆՎԱԾ ԱՄԵՐԻԿԱՑՈՒ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ

«Մեր ծանոթները մեզ խորհուրդ չէին տալիս Հայաստան գալ, սկզբում մենք էլ էինք վախենում մեր կյանքի համար, սակայն այստեղ տեսանք, որ մարդկանց վրա Ջոշուայի սպանությունն իսկապես ազդել է, նրանք ամաչում են դրա համար»:

Երեւանում այս տարվա մայիսի 17-ին սպանված Մ. Նահանգների 33-ամյա քաղաքացի Ջոշուա Հագլանդի մայրըՙ Մաքսին Հագլանդ - Բլոմերը եւ երկու եղբայրներըՙ Ջեյմս եւ Ջոն Հագլանդները երեկ «Արմենիա նաու» ինտերնետային շաբաթաթերթի խմբագրատանն էին:

2003 թվականի սեպտեմբերից ԱՄՆ պետքարտուղարության լեզվի ծրագրով նա անգլերեն է դասավանդել Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանության համալսարանում: Այդ ընթացքում հարազատներին Ջոշուան հուսահատական ոչ մի նամակ չի գրել, չի դժգոհել, ավելինՙ նրան դուր է եկել հայերի ջերմ ու ընկերական վերաբերմունքը: Նրան հատկապես զարմացրել է, թե ինչպես են հայաստանցիները դիմանում կյանքի այսչափ դժվարություններին ու առաջ գնում:

«Մենք գիտենք, որ նա շատ ընկերներ է ունեցել, դրանց թվում եղել են թե ամերիկացիներ, թե այլ երկրներից եկած երիտասարդներ: Նա գոհ էր իր ընկերներից, աշխատանքից: Մենք արդեն հանդիպել ու զրուցել ենք նրանց հետ, սակայն Ջոշուայի սպանության մասին ոչ մի նոր բան չենք իմացել», ասում է մայրը:

ՀՀ դատախազությունը հարազատների հետ անմիջական կապի մեջ չի եղել, ինչը վերջիններիս շատ է զարմացրել ու դարձել այստեղ գալու հիմնական դրդապատճառը: Երեկ առավոտյան նրանք զրուցել էին դատախազի հետ, որը նրանց որոշակի տեղեկություններ հաղորդել էր, սակայն խնդրել էր պահել դրանց գաղտնիությունը: Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Ջոն Էվանսը նրանց վստահեցրել է, որ Ջոշուայի սպանության բացահայտումը առաջնային հարց է, եւ ամեն ինչ արվում է հետաքննությունը շուտ ավարտելու համար: Հարազատներին հատկապես հուզել է Ջոշուայի ուսանողների հետ հանդիպումը, նրանց հուշերում ամերիկացի դասախոսը մնացել է որպես սրտաբաց, անկեղծ, իր գործին նվիրված անձնավորություն:

Որ Ջոշուան միասեռական էր, գիտեին նրա բոլոր հարազատներն ու ծանոթները թե Ամերիկայում, թե Հայաստանում, բայց որ նրա միասեռական լինելը կարող էր սպանության շարժառիթ դառնալ, հարազատները չեն պատկերացնում: «Կարեւորն իմ որդու սեռական կողմնորոշումը չէ, այլ այն, որ նա ցանկանում էր փոխել աշխարհը ճանապարհորդելով ու ուսուցանելով: Մենք չգիտենք, թե սպանությունը ի՞նչ հողի վրա է կատարվել»:

Նրանք, իհարկե, գիտեն, որ Հայաստանում միասեռականների նկատմամբ ընդգծված անբարյացակամ վերաբերմունք կա, բայց քանի դեռ սպանությունը չի բացահայտվել, դժվարանում են ենթադրություններ անել սպանության պատվիրված կամ պատահական լինելու մասին, սպանողի ազգության մասին: Համոզված չեն, որ սպանողն անպատճառ հայ է եղել: Ո՞վ է եղել Ջոշուայի ամենամտերիմ զուգընկերը Հայաստանում հարցի պատասխանը հարազատները չգիտեին, թեպետ հանդիպել են նրա բոլոր մտերիմ ընկերների հետ:

Հարազատների ամենամեծ խնդրանքն այն էր, որ սպանության մասին որեւէ տեղեկություն ունեցողները դիմեն կամ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությանը (Մաշտոցի 2, բն. 40, հեռախոսՙ (3741) 563149), կամ էլ «Հելսինկյան ընկերակցությանը» (Մոսկովյան 31, բն. 74, հեռ.ՙ (3741) 536797):

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4