Փարիզի շրջանում բնակվող դոկտոր Կլոդ Ադամյանը, որը բանաստեղծ Սիամանթոյի քրոջ թոռն է, օրերս բաց նամակ է հղել «France Culture» ռադիոալիքի ծրագրերի տնօրեն տկն Լոր Ադլերին: Նամակում մասնավորապես նշվում է, որ հոկտեմբերի 6-ին նախորդած շաբաթվա ծրագրերը հիմք են տալիս պնդելու, որ ֆրանսիական մշակութային գլխավոր ռադիոալիքը վերածվել է թուրքական քարոզչության խոսափողի:
Ռադիոալիքը 3 ժամանոց 5 դասախոսություններից կազմված հատուկ հաղորդաշարի ընթացքում ունկնդիրներին հորդորում էր թողնել, որ թվացյալ ժողովրդավարական երկիր Թուրքիանՙ այդ նոր Տրոյական ձին, մուտք գործի Եվրոմիություն:
Հաղորդաշարը վարում էր Փարիզի «Քոլեժ դը Ֆրանս» ուսումնական հաստատության թուրքական եւ օսմանյան պատմության ամբիոնի վարիչ Ժիլ Վենսթենը (կամ Վայնշթայնը): Թեման կոչվում էր «Օսմանյան կայսրության եւ Եվրոպայի հարաբերությունների հարցը»:
Նամակագիրը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության հարցում իր ժխտողական կեցվածքի պատճառով Ժիլ Վենսթենը 1998 թ. մեծ դժվարությամբ էր ընտրվել հիշյալ ամբիոնի վարիչի պաշտոնում: Ֆրանսիական ռադիոալիքի եթերում նա միեւնույն թուրքամետ դիրքերից օրեր շարունակ ներկայացրեց Արեւելյան Եվրոպայի թուրքական նվաճման մանրամասն պատմությունը:
Բայց, ըստ նամակագրի, առավել ցավալի է եղել հաղորդավարուհու պահվածքը, որը յուրաքանչյուր դասախոսությունից առաջ յուրովի վերլուծել է դրա «փիլիսոփայական իմաստը», իսկ Ժիլ Վենսթենին ներկայացրել է որպես մասնագետ պատմաբանի, որն առաջարկում է վերանայել անցյալի իրադարձությունները:
Մասնավորապես սեպտեմբերի 29-ին հաղորդավարուհին հայտարարել է. «Վերջին դասախոսության ընթացքում ապացուցվեց, որ թուրքերն ու եվրոպացիները երկու առանձին միավորներ չեն»: Այսինքնՙ զավթիչները եւ նվաճված ժողովուրդները չափվում են նույն արշինով: Պատմության վերանայման որպիսի՜ փայլուն օրինակ:
Մինչդեռ հայտնի է, որ թուրքական նվաճումների հինգդարյա մղձավանջը եվրոպացիներն անվանում են «Օսմանյան գիշեր»: Ի դեպ, Վենսթենը եւս օգտագործում է տվյալ բնորոշումը: Կլոդ Ադամյանը շեշտում է, որ հայ ժողովուրդը լիուլի «ճաշակել» է օսմանյան թուրքերի բերած «խաղաղությունը»ՙ կորցնելով իր պատմական տարածքի 90 տոկոսը եւ տալով միլիոնավոր զոհեր:
Բաց նամակում խոսվում է նաեւ Ֆրանսիայում հայտնի քաղաքագետ Ալեքսանդր Ադլերի հաղորդումների մասին, որն աչառու է դառնում, հենց որ խոսք է բացվում Թուրքիայի մասին: Ինքըՙ Ադլերը, ամիսներ առաջ կայացած հեռուստաբանավեճերից մեկի ժամանակ խոստովանել է, որ իր հարազատներից (կամ մերձավորներից) մի քանիսը Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստներից փախչելով ապաստան են գտել Թուրքիայում:
Բայց դա արդյոք բավարա՞ր պատճառ է, որպեսզի Ադլերը կորցնի ողջամտությունը եւ ոճրագործների վերաբերյալ հայտարարի. «Չպետք է մոռանալ, որ միայն լավ արարքներով հայտնի երիտթուրքերի կարգախոսն էրՙ ազատություն, հավասարություն, եղբայրություն»:
Նույն տրամաբանությամբ կարելի է հայտարարել. «Չպետք է մոռանալ, որ միայն լավ արարքներով հայտնի նացիստներն Օսվենցիմի մուտքի մոտ փակցրել էին «Աշխատանքն ազատագրում է» կարգախոսը»:
Ի դեպ, Թուրքիայի քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածը 10 տարվա բանտարկություն է նախատեսում «այն քաղաքացիների համար, ովքեր կհայտարարեն, որ իրոք Հայոց ցեղասպանություն է եղել Առաջին աշխարհամարտի ժամանակ»: Նամակագիրը մեջբերում է «Աշխարհի բժիշկներ» միջազգային ոչ կառավարական կազմակերպության վերջին հաշվետվության այն մասը, որ վերջին 80 տարում Թուրքիայում քրդերն անդադար հալածվում են, քանզի Փոքր Ասիայում բնաջնջման ենթակա քրիստոնյաներ այլեւս չկան:
Պ. Ք.