«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2004-10-15 | #183, 2004-10-16 | #184, 2004-10-19


ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԻՆ ՔԱՂԱՔԻ ՀՐԵԱ ՌԱԲԲԻՆԵՐԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԽՆԴՐԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՑ

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի լուսարար Նուրհան արքեպիսկոպոսի եւ խաչի վրա հրեա ուսանողի թքելու պատմությունը բացասական արձագանք ունեցավ իսրայելական, հայկական ու միջազգային մամուլում, քանի որ երեւույթը կրում էր հակաքրիստոնեական բնույթ եւ ուղղված էր ոչ միայն հայերի դեմ: Ինչպես գրել էինք մեր նախորդ համարներից մեկում, Թարգմանչաց տոնի օրը, հոկտեմբերի 10-ին Երուսաղեմի Հին քաղաքում հայերի կրոնական ծիսակատարության ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո Նուրհան սրբազանը Իսրայելի կառավարությանը մեղադրել էր Իսրայելի քրիստոնյաների նկատմամբ դրսեւորած խիստ անտարբեր վերաբերմունքի համար, միաժամանակ հայտարարելով, որ հոգեւորականներն անկարող են հանդուրժել խաչի վրա թքելու նվաստացումը:

Իսրայելական «Հաարեց» թերթի երեկվա համարից տեղեկացանք, որ Երուսաղեմի Հին քաղաքի «Հար Համոր» կրոնական ուսումնական հաստատության ռաբբիները ներողություն են խնդրել հայ համայնքից իրենց ուսանողի արարքի համար: Հանդիպումը տեղի է ունեցել ոստիկանության Հին քաղաքի բաժանմունքում, որը գտնվում է Յաֆայի դարպասից հայկական եւ հրեական թաղամասեր տանող ճանապարհի վրա: Ներկա է եղել նաեւ ուսանողըՙ Նատան Ցվի Ռոզենտալը, որն իր արարքը բացատրել է ստացած կրոնական դաստիարակությամբ, համաձայն որի քրիստոնեությունը համարվում է կռապաշտություն: Ռաբբիները նախ ցավ են հայտնել կատարվածի համար, ապա պնդել, որ դա առաջին դեպքն է: Նրանց ասելով, «Հար Համորը» էլիտար կրոնական հաստատություն է, որը բարձր է գնահատում հասարակության ուլտրա օրթոդոքս ազգայնական խավը:

Նուրհան արք. Մանուկյանն ասել է, որ ինքը ներում է Ռոզենտալին, քանի որ դա բխում է քրիստոնեության էությունից ու պատգամներից:

Ինչպես նշում է «Հաարեցը», հանդիպումը կայացել է հինգշաբթի, սակայն ոստիկանությունը որոշել է այդ մասին որեւէ տեղեկություն չհաղորդել: Ոստիկանության խոսնակը հայտնել է, որ հայ համայնքից ռաբբիների ներողություն հայցելը որեւէ ազդեցություն չի ունենա Ռոզենտալի արարքի կապակցությամբ նրա դեմ մեղադրական եզրակացություն կազմելիս:

Քնեսեթի (Ազգային ժողով) ներքին հարցերով զբաղվող հանձնաժողովը կիրակի արտահերթ նիստ է հրավիրել քննարկելու քրիստոնյա հոգեւորականների դեմ հրեա օրթոդոքսների կատարած չարամիտ արարքները, որոնց անդրադարձել է «Հաարեց» թերթը: Նիստին հրավիրվել են քրիստոնյա հոգեւորականներ, Իսրայելի տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ, Երուսաղեմի քաղաքապետարանի ղեկավարներ, նկատի ունենալով խնդրի բարդությունն ու ծավալը, որի մասին քիչ է հաղորդվում ոստիկանությանը: Հին քաղաքում հրեական կրոնական հաստատությունների կողքին գործող եկեղեցու սպասավորները բողոքել են իրենց հանդեպ հրեա կրոնավորների միտումնավոր արարքներից եւ վերաբերմունքից: Մի կողմից նշվել են քրիստոնեական եկեղեցիների դեմ ընդվզելու նոր դեպքեր, մյուս կողմիցՙ պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ վերջին մի քանի տարիներին ոստիկանությունում գրանցվել է ընդամենը 3 բողոք: «Թող որեւէ մեկը չակնկալի, որ ամեն մի հոգեւորականի կցելու ենք մեկ ոստիկան», ասել է նա:

Քնեսեթի ներքին հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Յորի Շատրանը շեշտել է, որ Իսրայելի կրթական համակարգում քրիստոնեության դասավանդումը կարիք ունի բովանդակային փոփոխությունների: Այդ նպատակով որոշում է կայացվել կրթության նախարարության հետ առաջիկայում հրավիրել ֆորումՙ քրիստոնյա եւ հրեա հոգեւորականների մասնակցությամբ:

Չմոռանանք նշել, որ Երուսաղեմի քրիստոնեական համայնքը վերջին դեպքի առիթով դիմել է Իսրայելի կառավարությանը, պահանջելով միջոցներ կիրառել իրենց նկատմամբ հրեա օրթոդոքսների ուժգնացող հետապնդումները կանխելու համար: Հայ եկեղեցու եպիսկոպոս Արիս սրբազանն ասել է. «Մեծամասնությունը բարեկիրթ է կամ անտարբեր: Խնդիրը խիստ կրոնական է: Դա կրթության հետ է կապված: Ի՞նչ կրթություն պիտի ստացած լինեին նրանք, այդկերպ վարվելու համար»:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4