Ավ. Իսահակյանի անվան գրադարանի փակման թե տեղաշարժման խնդիրը իշխանությունների համար խոստանում է դառնալ դանդաղ գործողության հաջորդ ականը Հյուսիսային պողոտայից, Դալմայի այգիներից, Պարարվեստի ուսումնարանից հետո: Երեկ փոխքաղաքապետ Կամո Արեյանը լրագրողների առջեւ հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, որի ողջ իմաստն այն էր, թե քաղաքապետարանը գրադարանի շենքի ճակատագիրը տնօրինելու որեւէ իրավասություն չունի (շառից, փորձանքից հեռու): Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Ամիրյան 2 հասցեի Ավ. Իսահակյանի գրադարանը պետական ոչ առեւտրային կազմակերպություն է, որի շենք-շինությունները ընդամենը անհատույց օգտագործման են տրամադրվել նրան: «Շենքը ՀՀ-ի սեփականությունն է, եւ շենքի տնօրինման լիազորությունները վերապահված են լիազոր մարմնին` պետական գույքի կառավարման վարչության», մի քանի անգամ շեշտեց փոխքաղաքապետը: 1998 թ. Երեւանի քաղաքապետի որոշմամբ, «Կրեդիտ Երեւան» բանկին թույլատրվել է վերակառուցել շենքի 3-րդ հարկ, եւ փոխանակել գրադարանի 1-ին հարկի (285 քառ.մ) եւ նկուղային հարկի 88 քառ. մ-ի հետ: 2003 թ. աշնանը, երբ բանկը սնանկացել էր, ավարտվել է տարածքների փոխանակումը:
«Քաղաքապետարանը սեփականության որեւիցե իրավունք չունի այդ շենքի նկատմամբ: Շենքի օգտագործման եւ հետագա ճակատագրի տնօրինման վերաբերյալ քաղաքականությունը վերապահված է ՀՀ կառավարությանը: Շենքի վերաբերյալ որեւէ պաշտոնական առաջարկ չի եղել քաղաքապետին եւ չէր էլ կարող ստացվել», հայտարարեց Կամո Արեյանը:
Ասենք, որ վիճահարույց շենքն ընդգրկվել է վերջերս հաստատված` Երեւանի պահպանության ենթակա պատմական հուշարձանների ցուցակում, կամայական որեւէ որոշման ենթակա չէ, եթե այդ մասին չկա կառավարական որոշում:
Ինչո՞ւ է չքմեղանում քաղաքապետարանը
Շարունակելով նախապատմությունը հիշեցնենք, որ «Կրեդիտ բանկի» լուծարումից հետո շենքը վաճառվել է «Յունիբանկին»: Ըստ գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի, ամեն ինչ սկսվել է գրադարանին «Յունիբանկի» առաջարկից` շենքի տեղում առեւտրա-զվարճանքային կենտրոն կառուցելու մասին: Հասմիկ Կարապետյանը բացասական պատասխան է տվել: Մեր հարցին, թե ինչ են մտադիր անել, եթե կառավարությունը որոշի շենքը, այնուամենայնիվ, տրամադրել «Յունիբանկին», տիկին Հասմիկը պատասխանեց.«Ես համոզված եմ, որ կառավարությունը նման որոշում չի կայացնի, որովհետեւ ամեն գնվող իր ու առարկա իր սահմաններն ունի»:
Ավ. Իսահակյանի անվան քաղաքային գրադարանի տնօրենը փոխքաղաքապետի հայտարարությանն ի պատասխան ասաց. «Ինձ կանչել են քաղաքապետարան եւ ասել, դուք ո՞վ եք, որ որոշեք շենքի ճակատագիրը, ի՞նչ իրավունք ունեք մերժելու բանկին, երբ այդ հարցը միայն քաղաքապետարանում է լուծվում: Իմ ներկայությամբ քաղաքապետը կարգադրեց իր 2 փոխքաղաքապետներին` հրավիրել բանկի ներկայացուցիչներին եւ քննարկել նրանց առաջարկն առանց տնօրենի:
Քաղաքապետարանը հանկա՞րծ հասկացավ իր իրավասությունների սահմանի մասին»:
Ավ. Իսահակյանի անվան գրադարանը Երեւանի տարբեր թաղամասերում 7 մասնաճյուղեր ունի 1997 թ. 40 մասնաճյուղերի փոխարեն: 7 տարվա մեջ 13 մասնաճյուղ փակվել է: Համայնքները մեկը մյուսի հետեւից փակեցին այդ մասնաճյուղերը, պատճառաբանելով, թե դրանք պահելու միջոցներ չունեն:
Այսօր գրադարանը 31 հզ. ընթերցող ունի: Այս պահին մարզային գրադարանների, բուհական հաստատությունների, գիտնականների ու գրողների նախաձեռնությամբ ակտիվ ստորագրահավաքներ են կազմակերպվում ի պաշտպանություն գրադարանի: Փակվելու խնդիր չկա, բայց գրադարանի տեղափոխվելու մասին ոչ կոլեկտիվը, ոչ էլ ընթերցողները չեն ուզում անգամ լսել:
«Յունիբանկը» այս պատմության հետ ոչ մի կապ չունի», ասում է Վարդան Աթայանը
Անսպասելի էր «Յունիբանկի» գործադիր տնօրեն Վարդան Աթայանի արձագանքը: «Հասմիկ Կարապետյանին «Յունիբանկը» նման առաջարկ չի արել, մենք ինքներս այստեղ վարձակալ ենք: Ես զարմացած եմ, որ հեռուստաալիքներով անընդհատ «Յունիբանկ» են փնովում: Ինչ կապ ունի այստեղ բանկը»: Վարդան Աթայանը հայտնեց, որ ինքն այսօր մամուլի ասուլիս է հրավիրելու, որի ընթացքում մանրամասն պարզաբանումներ կանի:
Համենայն դեպս, անկախ նրանից, թե ի վերջո, ինչ կպարզվի այս խառնափնթոր, տեղ-տեղ անհասկանալի դրվագներով պատմությունից, զարգացումները խոստանում են հետաքրքրական բացահայտումներ:
Նաեւ անկախ ամեն ինչից, մշակութային օջախները բանկերին վաճառելը կարծես ավանդույթ է դառնում մեզանում: Նախադեպը 1996 թ. էր, երբ Երեւանի պատմության թանգարանը տրվեց Վաչե Մանուկյանին: Չնայած մեծ աղմուկին, անցած տարի հանրագիտարանի շենքը վաճառվեց «Ինեկո» բանկին: Հետաքրքրական է, որ բանկիրները նախընտրում են նման գործարքներ կնքել անպայման պետական ենթակայության կառույցների հետ եւ ոչ մասնավորի: Թե փոխադարձ շահագրգռությունների ինչ մեխանիզմ է գործում, կարելի է միայն ենթադրություններ անել: Համենայն դեպս, քաղաքի կենտրոնում գտնվող, առավել եւս պահպանության ենթակա հուշարձանների համար դրանց սեփականատեր պետությունը արժեքին ու նշանակությանը համապատասխան գներ պիտի սահմանի, որպեսզի դրանք հեշտությամբ գայթակղության ավար չդառնան:
Վաղվա համարում առիթ կունենանք առավել հանգամանալի ներկայացնելու «Յունիբանկի» տեսակետը:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ