Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությունը, Անի Թոթահի գլխավորությամբ, եռօրյա այցով ժամանել է Ստեփանակերտ: Այցի շրջանակներում նախատեսված են ինչպես պաշտոնական, այնպես էլ ճանաչողական հանդիպումներ:
Առաջին օրը պատվիրակության անդամները եղան The HALO Trust կազմակերպության գրասենյակում, Ստեփանակերտի մանկական ստեղծագործության կենտրոնում, այցելեցին Հուշահամալիր, այնուհետեւՙ Շուշի:
Հանրապետության առաջին տիկին Իննա Ղուկասյանի ուղեկցությամբ նրանք եղան նաեւ Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցում, որի վերանորոգման աշխատանքներում ԱՀՀ-ն իր ուրույն ներդրումն ունի: Ի. Ղուկասյանի նախաձեռնությամբ եւ Ամերիկայի հայկական համագումարի օժանդակությամբ Լոս Անջելեսում հանգանակվել էր 120 հազար դոլար հիշյալ դպրոցի վերանորոգման նպատակով, որտեղ, կառուցումից ի վեր, ավելի քան երեք տասնամյակ ոչ մի նորոգման աշխատանք չի կատարվել: Այս տարվա օգոստոսից արդեն այստեղ ընթանում են շինարարական աշխատանքներ: Հյուրերը ծանոթացան աշխատանքների ընթացքին եւ գրենական պիտույքներ բաժանեցին աշակերտներին:
Անի Թոթահը հայտարարեց, որ ամերիկահայ բարերարներից մեկը խոստացել է շուրջ 270 հազար դոլար ներդնել Ստեփանակերտի որեւէ դպրոցի վերանորոգման համարՙ պայմանով, որ կրթօջախը վերանվանվի իր անունով: Այս կապակցությամբ որոշվել է առաջարկությունն իրականացնել մայրաքաղաքի թիվ 6 դպրոցում, հաշվի առնելով այս կրթօջախի ոչ բարվոք շենքային պայմանները:
Երեկ պատվիրակության անդամները այցելեցին Գանձասար, եղան Ստեփանակերտի գորգագործական ֆաբրիկայում, իսկ Ասկերանումՙ ՀՕՖ-ի տեղի գրասենյակում: Օրվա վերջին հյուրերին ընդունեցին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը եւ Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Ամերիկայի հայկական համագումարը ինչպես է վերաբերվում Ադրբեջանում ամերիկյան ռազմակայաններ տեղադրելու մասին Ադրբեջանի կողմից շրջանառվող լուրերին, Անի Թոթահը նշեց, որ իրենք տեղյակ չեն այդ ծրագրին: Բայց եթե դա տեղի ունենա, ըստ Ա. Թոթահի, կայանալու է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: Այդուհանդերձ, ավելացրեց պատվիրակության ղեկավարը, համագումարը կձգտի, որպեսզի ռազմակայանն օգտագործվի միայն նախատեսված նպատակով, քանի որ իրենք Ադրբեջանին չեն վստահում:
Համաձայն ժամանակացույցի, ԱՀՀ պատվիրակությունն այսօր պետք է այցելի Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարան, որից հետո նախատեսվում է նրանց մեկնումը Արցախից:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ