«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2004-10-19 | #185, 2004-10-20 | #186, 2004-10-21


ԱՆՊԱՐՏԱԴՐԱՆՔ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ. ԻՆՉԻ՞Ց Է ԴԱ

«- Օգնի՛ր ինձ,- ասաց պատանին: - Ես մի անգամ քո մեջ լսել եմ իմ սիրածի ձայնը:

- Քեզ ո՞վ է սովորեցրել խոսել անապատի ու քամու լեզվով:

- Իմ սիրտը,- պատասխանեց Սանյագոն»:

Կլինե՞ր արդյոք մեզանում անդրադարձ բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյին եւ իր գրականությանը, եթե Հայաստան նա չայցելերՙ դժվար թե: Իսկ կլինե՞ին նման արձագանքներ եւ նույնիսկ վիրավորական արտահայտություններ ընթերցողի հասցեին, եթե գրողը նման ընդունելության չարժանանարՙ գուցե ոչ: Ընդ որում երկու հանդիպումներինՙ թե՛ ՀԳՄ-ում, թե՛ ԵՊՀ-ում գերակշռում էր երիտասարդությունը:

Արվեստասերի իմ համեստ փորձառությունը գոնե հաստատել է մի բան, որ իրական արվեստը սահման չի ճանաչում, ազգային պատկանելությունՙ առավելապես: Նույնքան սքանչացում պարգեւեց ինձ «Խոան Միրո. Սա իմ երազների գույնն է» գրքի ընթերցումը, որքան Վիլհելմ Մաթեւոսյանի «Զրույցներ Մարտիրոս Սարյանի հետ» գրքի, նույնքան հոգեհարազատ է Արշիլ Գորկու արվեստը, որքան Օգյուստ Ռոդենի: Նարեկացին Նարեկացի է ու Մեծարենցը Մեծարենց, անկախ ազգային պատկանելությունից (ազգային հպարտության, ոչ երբեք սնապարծության մասին է խոսքը): Կոելյոյինՙ հայ ընթերցողի ջերմ ընդունելությունը ոմանց մոտ տարօրինակորեն զայրույթ է առաջացրել այն աստիճանի, որ ոչ միայն գրողի ստեղծագործության, նաեւ ընթերցողի հասցեին հնչում են ոչ այնքան կոռեկտ արտահայտություններ հեռուստատեսությամբ, մամուլում, առանձին խոսք ու զրույցներում:

Մինչեւ մեր բրազիլացի հյուրի այցելությունը, նրա գրականությունն արդեն ծանոթ էր հայ ընթերցող որոշակի շրջանակներին, մի մասն էլ շտապեց կարդալ նախընթաց օրերին հայերենով հրատարակված «Ալքիմիկոս» վեպը: Եղան, անշուշտ, կարծիքներ, թե այս ինչ աղմուկ են բարձրացրել, ինչ մի բան է գրել որ: Սանտյագոն Իսպանիայից վեր է կենում գնում բուրգերի միստիկական երկիրն ու ոչ մի գանձ էլ չի գտնում: Եվ կային այնպիսիք, որոնք ամեն գնով ուզում էին հանդիպել գրողին: Գրքի ազդեցության ուժը սյուժեի, լեզվի կամ գրական արտասովոր հնարանքի կամ այլ երեւույթի մեջ չէր բնավ, այլ վեպի հոգեւոր ներշնչանքի, այն ուժեղ դրական լիցքերի, որ կրում է պարզ, անպաճույճ լեզուն, այն մոգական թովչանքի, որով գրողը մոտենում է մարդունՙ դուրս բոլոր տեսակի կեղծ կաղապարներից, շինծու դիմակներից, ազատ, ինչպես հոգինՙ իր նախաստեղծ վիճակով: Պաուլո Կոելյոն սովորեցնում է ինքնաճանաչման բարդագույն արվեստի այբուբենը, ազատագրում ներքին կապանքներից ու պարտադրանքներից, լսելի դարձնում աստվածային խորհրդի շշուկները, այդ պատճառով են նրան կոչել «Բառի ալքիմիկոս»:

Սերը պարտադրանքի ուժով չի կայանում, ասում են զոռով սիրելի չես դառնա: Այս հանդիպումներում, բարեբախտորեն, սարքովի ոչինչ չկար (սա դրոշներով եւ կարգախոսներով մարդկանց ստիպելով փողոց հանելը չէր), սա ինքնակամ սեր էր, հիացմունք, երբ փակ դռների հետեւում անհամբեր սպասում էին երիտասարդ աղջիկներ ու տղաներ, թեկուզ գրողի մակագրությունն ունենալու: Հայաստանում Կոելյոյին, ինչ է, պետք է շա՞տ զարմացներ նման վերաբերմունքը միլիոնավոր տպաքանակով բազմալեզու հրատարակություններից հետո: Ինչ-որ համեմատություններ են արվում նրանից առաջ եղած գրողների հետ (Մարկես, Կորտասար, Բորխես), ընդվզում, թե ինչու ակտուալ նյութերի նկատմամբ հետաքրքրություններ չունենք, մեր գրողներին ինչո՞ւ չեն կարդում ու չեն սիրում: Տեսեք նոր ժամանակներում ի՜նչ գրականություն ենք ստեղծել, Հրանտ ունենք, Աղասի Այվազյան ունենք, Գուրգեն Խանջյան, Լեւոն Խեչոյան էլ ունենք: Լավ, հետո՞ ինչ: Ի՞նչ կապ ունեն Հրանտ Մաթեւոսյանը կամ, ասենք, Մարկեսը: Եթե մի հրաշքով Մարկեսը գար ու սրանից «խայտառակ» ջերմ ընդունելություն լիներ, նույնկերպ էին «վարվելու» հեղինակի եւ իր ստեղծագործության հետ: Հայաստանյան հյուրամեծարո՞ւմ է սա կոչվում, թե՞ պարզապես հայաստանյան ակտուալ իրականության հարազատ դրսեւորում: Մի հայ նկարիչ Հայաստանում անհատական ցուցահանդես չկազմակերպելը պատճառաբանում էր իր շուրջն ավելորդ լարվածություն ու նախանձի մթնոլորտ չստեղծելու հանգամանքով: Ծայրահեղությո՞ւն էՙ բնավ: Ուշադրությամբ հետեւեք հայ հասարակության մթնոլորտին, անտարբերների ու հիասթափվածների կամ կույր ինքնասիրահարվածների, ոչինչը, պարզունակն արժեք դարձնող միջակությունների մի ստվար բանակՙ մեկը մյուսին չնկատող, ոչնչացնող, ինքնավերլուծումից եւ ինքնադատումից իսպառ զուրկ:

Գիտեինք, որ քար ենք շպրտում մեր մեծերի ճամփեքին, բայց օտարներին էլՙ այ դա չգիտեինք: Հիմա էլ պարզվում է, որ գրաքննադատը պետք է ճաշակ ձեւավորի կամ ընթերցողի գրական նախասիրություններն ուղղորդի (Կոելյոյի պարագայում գրաքննադատները դերակատարում չունեցան, վերաբերմունքը չմիջնորդավորված էր): Եվ զարմանում են, թե ինչպես է հնարավոր, որ վերջին տարիների հայ իրականության. շրջափակման, արցախյան գոյամարտի, զրկանքի, սովի ու մթան գեղարվեստական արտացոլանքը հետաքրքրություն չառաջացնի: Պարզվում է, որ հնարավոր է: Այդ ամենը մերկ իրականության մեջ տեսած, ապրած ու կրկին վերապրող սերունդն արվեստի մեջ դա փնտրելու անհրաժեշտություն այլեւս չի տեսնում, գուցե արվեստն ավելիին է կոչված, եւ վերջապես գուցե հոգնել ենք ակտուալ կոչված սոցիալականացումից, մարդկային փոխհարաբերությունների ահռելի փլուզումներից, կամ թայֆաներից մաֆիոզ խմբերի ուռճացման մասին լսելուց, որը մեր ամենօրյա կյանքի մասն է կազմում: Ստեղծագործողին հայտնի չէ՞, որ մարդն արվեստում փնտրում է այլ սնունդՙ քաղաքականազերծ եւ «ոչ ակտուալ», այլՙ համաժամանակյա, իրական ապրում ու զգացում կրող, մարդկային ջերմություն, մտերմիկ, հարազատ վիճակներ, որ կխոսեցնի հոգին, կհուզի սիրտը: Դա հաջողվել է անել բրազիլացի գրողին, դրա համար էլ նա պարզապես սիրվեց:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4