«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2004-10-19 | #185, 2004-10-20 | #186, 2004-10-21


ՎԱՏԻԿԱՆՆ ՈՒ ԻՍՐԱՅԵԼԻ ՌԱԲԲՈՒՆԱՊԵՏԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ

Իսրայելական «Հաարեց» թերթը երեկ հաղորդել է, որ Վատիկանը եւ Իսրայելի գլխավոր ռաբբունապետը միասնաբար դատապարտել են Երուսաղեմի հայոց պատրիարքարանի լուսարար Նուրհան արք. Մանուկյանի դեմ Հին քաղաքի հրեական կրոնական ուսումնական հաստատության ուսանողի կատարած արարքը:

Հռոմում երեքշաբթի արված հայտարարության մեջ նրանք կրոնական առաջնորդներին կոչ են արել հրապարակավ բողոքել, երբ հոգեւորականների, կրոնական խորհրդանիշների եւ Սուրբ վայրերի հանդեպ կատարվում են անհարգալից արարքներ: Իբրեւ օրինակներ հայտարարության մեջ նշվել են գերեզմանները պղծելու եւ հայոց պատրիարքարանի եպիսկոպոսի վրա հարձակվելու վերջին դեպքը:

Հռչակագիրը միաժամանակ իշխանություններին հորդորում է հարգել Երուսաղեմի սրբազան բնույթը եւ բացահայտորեն կանխել բոլոր անհարգալից գործողությունները, որոնք կարող են վիրավորել Երուսաղեմի կրոնական տարբեր համայնքների անդամների զգացմունքները:

Հռչակագիրը կազմվել է կաթոլիկ եւ հրեական կրոնական առաջնորդների եռօրյա հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Գրոտա Ֆերատայում, Հռոմից հարավ: Այս անգամ քննարկվել են հուդայիզմի եւ քրիստոնեության դրույթներում սոցիալական արդարության եւ էթիկայի հարցերը, իսկ նախորդ հանդիպումները նվիրվել են մարդկային կյանքի եւ ընտանիքի արժեքներին, ինչպես նաեւ հասարակության մեջ Ավետարանի կարեւորությանը:

Վատիկանի պատվիրակությունը գլխավորել է Վատիկանի նախկին գործիչ կարդինալ Խորխե Մեյիխան, իսկ իսրայելյան պատվիրակությունըՙ Հայֆայի գլխավոր ռաբբի Շար Յիշուվ Կոհենը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4