Երեկ «Անի պլազա» հյուրանոցում Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Ջեյմս Գորդոնի եւ Համայնքների պալատի անդամ, արտաքին գործերի եւ պաշտպանության Շոտլանդիայի ստվերային նախարար Անգուս Ռոբերտսոնի հետ տեղի ունեցած հանդիպմանը տեսաֆիլմի միջոցով ներկաներին ընդհանուր տեղեկություններ տրվեցին «Ջոն Սմիթի հիշատակի» հիմնադրամի մասին եւ հայտարարվեց 2005 թ. Ջ. Սմիթի կրթաթոշակի սկիզբը:
Միացյալ Թագավորության նշանավոր քաղաքական գործիչ, առաջնորդ, դեմոկրատական սկզբունքների ջատագով Ջոն Սմիթիՙ 1994 թ. անակնկալ մահից հետո իր համախոհ ընկերները ստեղծեցին «Ջոն Սմիթի հիշատակի» հիմնադրամըՙ հիմնականում կրթական նպատակներով:
Սկսած 1996 թ. հիմնադրամը ծրագրեր է իրականացնում նաեւ ԱՊՀ տարածքում, եւ ամեն տարի Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Հայաստանից, Մոլդովայից եւ Ղրղզստանից (այս տարի նաեւՙ Ադրբեջանից) մրցույթի միջոցով ընտրվում են 3-ական 25–30 տարեկան անձինք, որոնց պրոֆեսիոնալ ունակությունները (քաղաքագետներ, իրավաբաններ, ժուռնալիստներ) համապատասխանում են ծրագրի պահանջներին ու ներկայացված չափանիշներին:
Միացյալ Թագավորությանՙ նրանց վեց շաբաթյա այցի ընթացքում տեղի են ունենում աշխատանքային հանդիպումներ խորհրդարանում, համապատասխան մասնագիտական կառույցներում, փորձի փոխանակման, միմյանց փոխադարձ ճանաչելու նպատակով: Վերջին շաբաթում հանդիպումները տեղի են ունենում բրիտանական կառավարության պաշտոնատար ներկայացուցիչների, վարչապետի հետ, մասնակիցները ներկայացնում են իրենց հետագա գործունեության ծրագրերը:
Միացյալ Թագավորության խորհրդարանականները շահագրգռված էին հայ մասնագետներին ընդգրկելու իրենց ծրագրերում, նախորդ տարիների փորձից նրանց պրոֆեսիոնալ բարձր որակավորումը նկատի առնելով:
Մ. Բ.