«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2004-10-20 | #186, 2004-10-21 | #187, 2004-10-22


ՌԱՅՆԵՐ ՔՈԶԵԼ. «ԵՍ ՄԵԾ ԱԿՆԱԾԱՆՔ ՈՒՆԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ»

«Ինտերկապ» բարեգործական կենտրոնի նախագահ Նորայր Զուլոյանի հրավերով Վանաձորում է Գերմանիայում կենտրոնի մասնաճյուղի հիմնադիր, Բավարիայի Ունտերֆրանկոնիա մարզի Վյուրցբուրգ քաղաքի «Reinhart+Kosel» ֆիրմայի համանախագահ Ռայներ Քոզելը տիկնոջՙ Ուտայի հետ:

Երկրաշարժից ընդամենը 3 ամիս անց պրն Քոզելը ժամանեց Վանաձորՙ բերելով առաջին հումանիտար օգնությունն աղետյալների համար: Նրա համառ ջանքերով 1991-ին, կարճ ժամանակում, սերտ կապեր ստեղծվեցին «Ինտերկապի» եւ Բավարիայի Կարմիր խաչի, «Արբայթերովոլֆարդ» սոցիալ-բարեգործական միության, այլ կազմակերպությունների հետ: Արդյունքում ավելի քան 10 տարի հումանիտար մեծածավալ օգնություն է ցուցաբերվում Լոռու մարզին, Արցախին, Հայաստանի այլ բնակավայրերի:

Ռ. Քոզելի հրավերով 1989-ին «Լոռի» ֆուտբոլային թիմը հյուրընկալվեց Գերմանիայում, իսկ հաջորդ տարիՙ Սպիտակի համանուն թիմը, մասնակցելով ընկերական խաղերի: Բացի բոլոր ծախսերը հոգալուց, նա թիմերին նվիրեց նաեւ մարզահագուստ: Այն ժամանակ պրն Քոզելը «Հյոչբերգ» ֆուտբոլային ակումբի նախագահն էր:

Հոկտեմբերի 1-ին Բավարիայի Վյուրցբուրգ քաղաքում բացվեց Նիկոլ Աղաբաբյանի եւ Ֆերդինանդ Գյումրեցու գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որի կազմակերպմանը մեծապես նպաստել է Ռայներ Քոզելը:

«Ցուցահանդեսը, որը կրում էր «Կամուրջ դեպի Հայաստան» խորագիրը, բավականին ներկայացուցչական էր, հայ գեղանկարիչների գործերը ջերմ ընդունելություն գտան ե՛ւ մասնագետների, ե՛ւ արվեստասերների շրջանում,- ասաց նա:- Բացմանը ներկա էին Գերմանիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը, Վյուրցբուրգի քաղաքապետ Մարիոն Շեֆերը, արվեստագիտության դոկտոր Ալեքսանդր Քոպպը, այլ պաշտոնատար անձինք ու արվեսագետներ: Հոկտեմբերի 28-ին Հռոմում եւս կբացվի այս գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը»:

Պրն Քոզելն իր գոհունակությունը հայտնեց Գերմանիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների ուշադիր վերաբերմունքից, որի արդյունքն է Կարինե Ղազինյանի հրավերըՙ մասնակցելու Բեռլինում նոյեմբերի 17-ին կայանալիք մեծ համերգինՙ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի այցի առթիվ:

«Ինչպիսի՞ն տեսաք Վանաձորը Ձեր նախորդ այցից ավելի քան 15 տարի անց», հարցին նա պատասխանեց.

- Այն ժամանակ, իհարկե, վիճակը սարսափելի էր, մարդիկ անօթեւան էին, ապրում էին տնակներում եւ վրաններում: Այժմ քաղաքը բարետես է դարձել, զարգացել, մարդկանց դեմքերին ժպիտ է երեւում: Նախորդ այցիս ժամանակ քանդված շենքերի բազմաթիվ լուսանկարներ էի արել, նաեւՙ քիմիագործների մշակույթի պալատինը: Մեծ ուրախություն ապրեցի, երբ եզակի այդ շենքը տեսա վերակառուցված:

Այդուհանդերձ, Հայաստանում տնտեսությունը շատ դանդաղ է զարգանում եւ այս երկիրը դեռեւս օգնության կարիք ունի:

Ես լավ գիտեմ հայոց պատմությունը: Մեծ ակնածանք ունեմ հայ ժողովրդի նկատմամբ եւ մտադիր եմ Գերմանիա վերադառնալուց հետո մի նոր բարեգործական կազմակերպություն գրանցելՙ Հայաստանին, հատկապես Վանաձորին ու Լոռու մարզին օգնություն ցուցաբերելու համար: Նաեւ մտադիր եմ այստեղ հողամաս գնել, տուն կառուցել եւ ավելի հաճախակի այցելել Հայաստան:

- Իսկ մշակութային ուրիշ ի՞նչ ծրագրեր ունեք:

- Ծրագրել եմ եկող տարվա մեջ Հայաստանում առնվազն 10 հազար տպաքանակով գիրք հրատարակելՙ «Հայ գեղանկարչությունը հին ժամանակներից մինչեւ մեր օրերը» վերտառությամբ: Գիրքը կլինի երկլեզուՙ գերմաներեն եւ անգլերեն, կտարածվի աշխարհի շատ երկրներում: Այս գործում ակնկալում եմ համապատասխան ստեղծագործական միությունների ու մասնագետների համագործակցությունը:

Պրն Քոզելը հետաքրքրական այլ ծրագրեր նույնպես ունի, որոնց մասին գերադասում է խոսել այն ժամանակ, երբ դրանք իրականացման ճանապարհին կլինեն:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4