Հայաստանի քաղաքային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների փորձի փոխանակմանն ու օրենսդրական փոփոխություններին առնչվող հարցերը քննարկելու նպատակով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հովանավորությամբ գործող Ուրբան ինստիտուտը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում երեկ հրավիրել էր «Քաղաքը քաղաքին. կառավարման փորձի փոխանակում համայնքների միջեւ» երկօրյա կոնֆերանսը, որին մասնակցում էին քաղաքային 59 համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, տեղական եւ միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ:
Ուրբան ինստիտուտի «Տեղական ինքնակառավարման ծրագրի» ղեկավար Ֆրեդ Վան Անթվերփը «Ազգի» հետ զրուցելիս նշեց, որ կոնֆերանսը նպատակ է հետապնդում մեկտեղելու բոլոր 59 համայնքների ղեկավարներին, նրանց փորձի փոխանակման հնարավորություն տալու, միաժամանակ պետական պաշտոնյաների հետ երկխոսություն սկսելուՙ օրենսդրական փոփոխությունների, նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ իրականացվող քաղաքականության վերաբերյալ: Քննարկման գլխավոր թեմաներն ենՙ տնտեսական զարգացում, փոխառու միջոցներով համայնքային ենթակառուցվածքների ֆինանսավորում, բազմաբնակարան շենքերի կառավարում, համայնքային ծառայություններ եւ քաղաքացիների մասնակցությունը որպես ժողովրդավարության հիմքՙ իրազեկությունից դեպի որոշումների կայացում:
Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի համար այս հավաքը յուրահատուկ է նրանով, որ առաջին անգամ փորձ է արվում սահմանազատելու քաղաքային խնդիրները: «Վաղուց արդեն անհրաժեշտ է տարանջատել քաղաքների եւ գյուղերի խնդիրները, չի կարելի 100-200 բնակիչ ունեցող գյուղի խնդիրները համեմատել 15-25 հազար բնակիչ ունեցող քաղաքի հետ: Երբ անդրադառնում ենք ապակենտրոնացման խնդիրներին, մեր ղեկավարներն անմիջապես խոսում են գյուղական խնդիրների մասին: Առ այսօր իրականացվող ապակենտրոնացման քաղաքականությունը մեր աչքի առաջ ունենալով, մտածում ենք նախ վերացնել Երեւանի եւ մյուս քաղաքների տարանջատումը, որից հետո միայն անցնել փոքր համայնքներին: Մենք ունենք ներքին մեծ ռեսուրսներ, որոնց օգտագործմամբ կարող ենք զարգացնել համայնքները, այլ ոչ թե շարունակ մտածել միջազգային կազմակերպությունից գումար ստանալու մասին: Ամենակարեւորն այն է, որ յուրաքանչյուր համայնք կարողանա ինքն իր խնդիրները տեղում լուծելՙ առանց մայրաքաղաք հասնելու: Համայնքի սեփական եկամուտները պետք է լինեն այնքան, որ բավարարեն լիազորությունների իրականացմանն ու քաղաքի խնդիրների լուծմանը», նշեց նա:
Սիսիան քաղաքի համայնքի ավագանու անդամ Համլետ Բաբայանը նույնպես համոզված է, որ ծրագիրը արդյունավետ կլինի հատկապես մեծ համայնքների համար, քանի որ փոքր համայնքներիՙ գյուղերի բյուջեն չափազանց քիչ է: Սիսիանում արդեն իսկ սկսվել են համատիրությունների կազմավորման աշխատանքները: Քաղաքն ապահովված է բյուջեով եւ եթե հատկացումներ կատարվեն, ֆինանսական ինքնուրույն գործունեությունն ավելի դյուրին կդառնա:
Սիսիանի քաղաքապետարանի ծրագրերի եւ կանխատեսումների բաժնի պետ, բիզնեսի եւ տուրիզմի աջակցման կենտրոնի ղեկավար Կարեն Հովհաննիսյանի ասելով, վերջին 2 տարիներին ակնհայտ է դարձել, որ Սիսիանում լուրջ նախադրյալներ կան զբոսաշրջության զարգացման համար: «Ունենք բազմաթիվ տեսարժան վայրեր, դրանց թվում են 7 հազար տարվա պատմություն ունեցող Քարահունջի աստղադիտարանն ու Հայաստանի ամենաբարձր ջրվեժը: Ուրբան ինստիտուտի հովանավորությամբ երկու օր առաջ ավարտեցինք Սիսիանի տեսարժան վայրերի մասին պատմող ֆիլմը, որը նախատեսել ենք տրամադրել Հայաստանի տուրիստական գործակալություններին, որպեսզի մեր երկիր այցելող զբոսաշրջիկները ճիշտ կողմնորոշվեն, թե որտեղ ինչ կարող են տեսնել: Առաջին հերթին անհրաժեշտ է լրացնել զբոսաշրջիկների տեղեկատվական պակասը», ասաց նա:
Ալավերդու քաղաքապետարանի ծրագրերի եւ վերլուծությունների բաժնի վարիչ, բիզնեսի եւ տուրիզմի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գոռ Հովվյանի կարծիքով, այսօր Երեւանի եւ Ալավերդու հիմնական տարբերությունը ֆինանսական միջոցների ներդրման մեջ է, եթե իրենց քաղաքին նման ֆինանսական միջոցներ տրամադրվեն, բնականաբար, ավելի կզարգանա: «Ցավոք, ներդնողները ձգտում են կենտրոնական քաղաքներ: Ալավերդին, իհարկե, եղել է լեռնամետալուրգիական խոշոր կենտրոն, սակայն այսօր բացի հումքի եւ արտահանման խնդիրներից, կան նաեւ էկոլոգիական խնդիրներ: Հետեւաբար համայնքի զարգացման ռազմավարության գլխավոր շեշտը դրել ենք փոքր եւ միջին բիզնեսի, ինչպես նաեւ տուրիզմի վրա», կարծում է նա:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ