«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2004-10-21 | #187, 2004-10-22 | #188, 2004-10-23


ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ «ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ»

Կրոնական տարբեր կազմակերպություններն ու աղանդները, հանուն իրենց կազմակերպության գովազդի իրականացման, պատրաստ են ամեն հնարանքի ու խաբեության: Նրանք շատ լավ գիտակցում են, որ իրենց քարոզչությունն ավելի արդյունավետ կլինի, եթե նշեն Հայ առաքելական եկեղեցու կամ Մայր աթոռ Ս. Էջմիածնի անունը: Շատերի կարծիքով, դա հստակ միտում ունիՙ հասնել հավատացյալի վստահության եւ վերջնական հաջողության:

Աչքից ծածուկ վայրերում նրանք միշտ էլ հաջողում են իրենց նպատակի իրականացման մեջ, սակայն մի երկու շաբաթ առաջ պատահած միջադեպը պատռեց գառան մորթով գայլերից մեկի դիմակը:

Վերջերս Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այցելեց Գուգարաց թեմ: Նա իր բազմամարդ հանդիսախմբով եղավ Տավուշի մարզում: Գյուղական համայնքներ կատարած այցելությունները շատ կարեւոր եղան տավուշցիների համար: Վեհափառ հայրապետի ներկայությունն աշխուժացրել էր գյուղական միապաղաղ առօրյան, եւ ոգեւորված մարդիկ սիրով ու հետաքրքրությամբ, հայկական աղուհացով էին դիմավորում նրան:

Սակայն հայրապետական այցի ընթացքումՙ Ազատամուտ գյուղում պատահած մի միջադեպ տհաճ անակնկալի բերեց ներկաներին: Այստեղ Վեհափառ հայրապետին դիմավորեցին ոչ ավել, ոչ պակաս... ավետարանչականների երգասացությամբ: Հասկացողները տարակուսած իրար նայեցին, անտեղյակներն անհանգստացանՙ ի՞նչ է պատահել: Չէ՞ որ գյուղական համայնքը ցանկացել էր հպարտանալ իր մշակութային ակումբում գործող հոգեւոր երաժշտական եռյակով եւ «զարդարել Վեհափառի հանդիսավոր այցելությունը»: Եռյակի անդամ դեռատի աղջիկները չէին էլ կասկածել, որ իրենք երկար ժամանակ մասնակցել են բողոքականների դասընթացների եւ գյուղի համար պատմական այդ օրը Վեհափառ հայրապետի ու առաքելական եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաների համար երգում են ոչ թե մերՙ առաքելական եկեղեցու հայրերի ավանդած շարականները, այլ ընդամենը բողոքական երգասացություն, որ նրանց հրամցվել էր առաքելական եկեղեցու անվան տակ: Բնակիչները զարմացել էին, որ բողոքական եկեղեցու մի ներկայացուցիչՙ եռյակի խմբավարը, կարողացել է իրենց հավատացնել, թե ինքը Հայ առաքելական եկեղեցու անդամ է, իսկ իր խմբակը Հայ առաքելական եկեղեցուն կից մի կառույց է:

Երեւույթը հազվադեպ չէ, շատ բողոքականներ այս գործելաոճը որդեգրել են Հայաստանի հողին ոտք դնելուն պես: Դրա համար նրանք նախ ճարպկություն են ունեցել նկարվել բարձրաստիճան որեւէ հոգեւորականի հետ, ապա նկարը որպես հաղթաթուղթ օգտագործել կրոնական բավարար գիտելիքներ չունեցող հանրույթներում: Մինչդեռ իրականում ե՛ւ բողոքականները, ե՛ւ շատ այլ կրոնական օտարամուտ կազմակերպություններ հերձված կամ հերետիկոս են հայտարարված ուղղափառ եկեղեցիների կողմից:

Ահա այսպիսի ճարպիկ «համբավագողության» պատմություն, որի կրկնությունից խուսափելու համար անտեղյակներին հիշեցնենք, որ հայ եկեղեցու ճշմարիտ սպասավորը միշտ կրոնավորի հագուստով է լինում: Ճշմարիտ հոգեւորականը մարդուն առաջնորդում է դեպի աստվածաճանաչողություն, դեպի նրա տունըՙ մոտակա եկեղեցին եւ երբեք քարոզատեղի չի բացում պատահական վայրերում:

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4