«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2004-10-21 | #187, 2004-10-22 | #188, 2004-10-23


ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ ՈՒՌՈՒՏՈՒՄ

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տրամադրած դրամաշնորհի շրջանակներում Հույների համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ ARD (Միջազգային օգնություն եւ զարգացում) կազմակերպությունը Լոռու մարզի 12 գյուղական համայնքներում իրականացնում է առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) նախաձեռնության ծրագրեր: Ծրագրերից երկուսն իրականացվում են Ստեփանավանի, 10-ըՙ Թումանյանի տարածաշրջաններում: ARD-ի բժշկական շարժական թիմերը պարբերաբար շրջայցեր են կատարում նշված գյուղերՙ ցուցաբերելով բժշկական օգնություն եւ տրամադրելով առաջին անհրաժեշտության դեղորայք:

ԱԱՊ նախաձեռնության ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 21-ին Լոռու մարզի Ուռուտ համայնքում բացվեց ամբուլատորիա: Կառուցման եւ ներքին հարդարման աշխատանքների համար ծախսվել է շուրջ 3 մլն 400 հազ. դրամ:

Ամբուլատորիայի բացմանը ներկա էին Լոռու փոխմարզպետ Արամ Քոչարյանը, Հույների համաշխարհային խորհրդի նախագահ Էնդրյու Աթենսը, ԱՄՆ ՄԶԳ-ի ներկայացուցիչ Նիկ Բրունոն, ARD-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարիամ Սիանուլովան, Հայաստանում Հունաստանի դեսպանատան ներկայացուցիչներ, մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ռոբերտ Դիլբարյանը:

Ուռուտի ամբուլատորիայում աշխատում են 2 բժիշկՙ թերապեւտ եւ մանկաբույժ, 2 բուժքույր: Նրանք սպասարկում են գյուղի 230 բնակչի: Ամբուլատորիան թեեւ հագեցած է առաջին օգնության բուժպարագաներով, սակայն շատ խնդիրներ դեռեւս հարկ կլինի լուծել: Ի դեպ, ամբուլատորիայի գույքը համայնքի ներդրումն է. այն հիմնականում վերանորոգված է: Միջոցառման բոլոր ներկայացուցիչները ARD-ի նախաձեռնությամբ իրենց անուններով քարտեր փակցրին ամբուլատորիայի շրջակայքում տնկված սոճիների վրաՙ այդ կերպ պարտավորվելով պարբերաբար այցելել ամբուլատորիա եւ աջակցել խնդիրների լուծմանը:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4