Որոշումները առաստաղին նայելով չեն ընդունում
Այսօր, ժամը 18-ից 19-ը, ընդդիմության հետ խաղաղ երթով դեպի ԱԺ շենք պիտի ուղեւորվեր երեկոյան կայանալիք հանրահավաքի մասնակիցների բազմությունը: Նախատեսվում էր 4-ամյա ողբերգական տարելիցը նշել հոկտեմբերի 27-ի զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելու արարողությամբ:
Հայտնի է, որ քաղաքապետարանն արգելել է երթի կայացումը:
Երթերի, հանրահավաքների, ցույցերի գծով քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ, կազմակերպա-տեսչական բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանին խնդրեցինք պարզաբանել նման որոշում կայացնելու հիմքերը, քանի որ խաղաղ երթերն ու ցույցերը նույնիսկ օրենքով չեն արգելվում: Նա ասաց. «Մեր ստացած հայտը բավարարում էր օրենքով նախատեսված պայմաններին: Բայց որոշումը կայացվել է ոչ թե առաստաղին նայելովՙ թույլատրե՞նք, թե՞ չթույլատրենք, այլ ՆԳ պետավտոտեսչությանը հարցում անելով, իմանալով նրանց դիրքորոշումը: Մեզ պատասխանեցին, թե նպատակահարմար չեն գտնում թույլատրել երթի անցկացումը, որովհետեւ Մաշտոցի, Սայաթ-Նովայի փողոցները եւ Բաղրամյան պողոտան մայրաքաղաքի գերծանրաբեռնված հանգույցներից են, որտեղ խիտ երթեւեկության պատճառով առանց այդ էլ հաճախակի են տրանսպորտային խցանումները: Մերժման հիմքն այդ պատասխանն է»:
Գագիկ Բաղդասարյանը հիշեցրեց, որ նման մասնագիտական պատասխաններ ստանալու համար հարցում արվում է ոչ միայն քաղաքական, այլեւ մշակութային, կրթական եւ այլ բնույթի համանման միջոցառումների վերաբերյալ, եւ նոր միայն վերջնական եզրահանգում է լինում: Ի դեպ, վերջին 10 օրվա ընթացքում այդպիսի եւս 4-5 հայտ է քննարկվել, որոնցից 2-ը Եհովայի վկաների գրանցման դեմ միջոցառումներ են ենթադրում, դրանց շարքում է նաեւ «Քուրդիստան» կազմակերպության հայտը:
Այնուամենայնիվ, քաղաքապետի ներկայացուցիչը ընդդիմության երթի կազմակերպիչներին առաջարկել է փոքր խմբով, 10-15 հոգի, իրականացնել հիշատակի տուրքի մատուցումը: Նկատենք, որ հայտի հեղինակները իբրեւ երթի մասնակիցների հավանական թիվ նշել էին 10-15 հազարը:
Իսկ մասնակիցների ի՞նչ թիվ պիտի նշվեր, որպեսզի թույլտվությունը հավանական լիներ, այսինքն տրանսպորտի աշխատանքն էլ չխափանվեր, հայտատուներն էլ սիրտն ուզած ժամանակ խաղաղ երթ ու ցույց անեն:
Այս հարցը պետավտոտեսչության որեւէ պաշտոնյայի ուղղելու հարկ չկա: Առանց մարդկանց ներկայության էլ Երեւանի փողոցները (ոչ միայն կենտրոնում) գերհագեցած են այնքան, որ փոխադրամիջոցներն իրենք կուտակումների ու հասարակական կարգի խախտումների պատճառ են դառնում: Այնպես որ, եթե տվյալ փաստարկի վրա հենվենք, Երեւանում երբեւէ արտոնված ցույց անել հնարավոր չէ, անկախ նրանից, ինչպիսին են դրա շարժառիթները:
Նույն տրամաբանությանը եթե հետեւենք, պետավտոտեսչությունը պիտի մերժի նաեւ զանգվածային տոնակատարությունների անցկացումը, որոնց ընթացքում տրանսպորտի աշխատանքի խաթարումները դարձյալ իրական են: Հենց վերջին, Էրեբունի-Երեւան տոնակատարության ժամանակ, 1,5 ժամով փակվեցին Հանրապետության հրապարակը եւ հարակից փողոցները:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ