Ինչ ենք ստանում եւ ինչ զիջում
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Արմենտելի» շուրջ Հայաստանի կառավարության եւ հունական ՕՏԵ ընկերության բանակցություններն ավարտվեցին: Հիմնական խնդիրների (բջջային կապ, տվյալների փոխանակում, րոպեավճար, ինտերնետ հեռախոսակապ եւ այլն) վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին անդրադարձել ենք մեր երեկվա համարում: Այդ համաձայնագիրը կառավարության կողմից հաստատելու կամ մերժելու համար 7-8 օր է մնացել:
Գնահատելու համար, թե ինչպիսին է համաձայնագիրը, պետք է ելնել մի շարք հանգամանքներից, որոնք կապված են ՀՀ կառավարություն-ՕՏԵ միջազգային պայմանագրի, «Արմենտելին» տրված թ.60 լիցենզիայի դրույթների, երկու կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման կամ չկատարման եւ մի շարք այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների հետ: Հասկանալի է նաեւ, որ եթե խոսքը բանակցային գործընթացի եւ դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է, ապա դրանք պետք է լինեն փոխզիջումային: Հակառակ դեպքում պետք է գործի դատական կարգով հարցի լուծման ճանապարհը: Բնականաբար, որքան էլ Հայաստանի կառավարության անդամները տարակարծություններ ունենան ձեռք բերված արդյունքները միանշանակ դրական կամ բացասական ներկայացնելու, միեւնույն է, երկու տեսակետն էլ կլինի սուբյեկտիվ: Պարզ է, որ եթե դրանք բավարարեին միայն հայկական կողմին, ապա հունական կողմը չէր համաձայնի եւ հակառակը: Հետեւաբար, այս համաձայնագիրը գնահատելու համար հարկ է արձանագրել, որ այն մեզ, այսինքն «Արմենտելի» մատուցած ծառայությունները սպառողների համար ունի ինչպես ընդունելի, այնպես էլ ոչ շահավետ կողմեր:
Եվ այսպես, որոնք են համաձայնագրի մեզ համար դրական կողմերը: Դա նախեւառաջ րոպեավճարի առնչությամբ ձեռք բերված համաձայնությունն է, ըստ որի անվճար խոսակցության ժամանակը մնում է անփոփոխՙ 360 րոպե, իսկ րոպեավճարը 4 դրամից 8 դրամ է դառնում միայն 2250 րոպե (օրական 1 ժամ 15 րոպե) խոսելուց հետո: Փաստորեն, լիցենզիայի այն պահանջը, որ ենթադրում էր 120 րոպե անվճար խոսակցություն, որից հետո 1 րոպեն 8 դրամ րոպեավճար, չի իրականացվի, իսկ սակագնի հետագա փոփոխությունները 2006 թ-ից կկատարի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Հաջորդը մենաշնորհի վերացումն է բջջային կապի ոլորտում: Ճիշտ է, ինչպես բազմիցս ենք նշել, այս դեպքում խոսքն ընդամենը երկրորդ օպերատորի շուկա մուտք գործելու մասին է, ինչը ոչ մի երաշխիք չի տալիս, որ այս ոլորտում չեն լինի հակամրցակցային պայմանավորվածություններ, սակայն դրականն այստեղ այն է, որ լիակատար ապամենաշնորհացման առաջին քայլն արված է:
Դրական կարելի է համարել 800 գյուղերի թվայնացման պահանջի հստակեցումը: Ըստ լիցենզիայի նոր տարբերակի, մինչեւ 2005 թ. ավարտը դրանք պետք է ապահովվեն հեռախոսակապով, իսկ մինչեւ 2006 թ. ավարտըՙ թվային հեռախոսակապով: Չնայած դժվար ենթադրելի է, որ «Արմենտելը» կկատարի այս պարտավորությունը նշված ժամկետում:
Միջազգային հեռախոսակապի սակագների իջեցման մասին պայմանավորվածությունը նույնպես մեզ համար ընդունելի ձեռքբերումներից կարելի էր համար, եթե այն չկանգներ րոպեն 80 ցենտ սակագնի վրա, որ դեռեւս շատ թանկ է:
Միաժամանակ չենք կարող չնշել, որ ակնկալիքները բանակցություններից մի շարք հարցերում այլ էին: Եթե մեր կառավարության դիրքերն իսկապես այնքան ամուր էին, որ կարելի էր «Արմենտելին» զրկել մենաշնորհից, ինչի անհրաժեշտության մասին բազմիցս հայտարարել են մեր նախարարները, ապա, օրինակ, տվյալների փոխանակման (միջազգային ելք) ոլորտում գոնե պետք է ձգտեին հասնել դրան: Մինչդեռ այս, առավել քան ինտերնետ հեռախոսակապը, կարեւորագույն ոլորտում դա չի իրականացել: «Արմենտելի» առջեւ դրվել են որոշակի պարտավորություններ եւ հստակեցվել են մյուսները, բայց մենաշնորհը պահպանվել է: Նկատի ունենալով նման դեպքերում «Արմենտելի» արդեն կանխատեսելի քաղաքականությունը, կարելի է եզրակացնել, որ մեր տնտեսության գերակա ճյուղ համարվող տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման խոչընդոտներն ամբողջովին չեն վերանա:
Եվ վերջապես, բախման գլխավոր կետը ինտերնետ հեռախոսակապի /IP/ նկատմամբ «Արմենտելի» բացառիկ իրավունքների, բանակցող կողմի կարծիքով վերահաստատումը, նրա ընդդիմախոսների կարծիքով տրամադրումն էր: Ըստ էության, հեռախոսակապի այս ծառայությունները մատուցող ընկերությունները օգտվում են «Արմենտելի» ցանցից, բայց վերջինս չի վերահսկում այդ գործընթացը: Թե ո՞ր կողմի հիմնավորումն է առավել իրավական, ոչ մասնագետների համար դժվար է գնահատել: Այս դեպքում գլխավոր բացասական հետեւանքը ինտերնետ հեռախոսակապ մատուցող ընկերությունների դուրս մղվելն է, ինչը սակայն չի նշանակում, որ կապի այս տեսակը չի մատուցվելու: Այն մատուցվելու է «Արմենտելի» կողմից եւ դարձյալ կարգավորող մարմնի (լինի դա տրանսպորտի եւ կապի նախարարությունը, թե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը) կողմից որոշվող սակագներով: Անցանկալին այս շուկայում «Արմենտելի» առանց մրցակցության մնալը եւ իբրեւ դրա հետեւանք, մատուցվելիք ծառայության ենթադրաբար ցածր որակը կլինի: Ի վերջո, «Արմենտելը» չի կարող ի վնաս իր մյուս, ավելի բարձր սակագներով մատուցվող միջազգային հեռախոսակապի զարգացնել ինտերնետ հեռախոսակապը:
Ինչ կարող ենք ասել ամփոփելով վերոնշյալը: Անիմաստ է պնդել, թե ընդհանուր առմամբ որն է գերակշռում մեզ համարՙ դրակա՞նը, թե՞ բացասականը: Միայն ժամանակը դա ցույց կտա: Ժամանակը ցույց կտա, թե որքանով էին արդարացված «Արմենտելին» արված զիջումների գնով րոպեավճարի առժամանակ պահպանումը, բջջային կապի ապամենաշնորհացումը կամ այլ, մեր ստացած տեսանելի կամ առայժմ անտեսանելի զիջումները: Դա այն դեպքում, եթե կառավարությունը հաստատի այս համաձայնագիրը: Սակայն եթե չհաստատվի, ապա հարցականները ոչ թե կվերանան, այլ միայն կավելանան: Մասնավորապես, ի՞նչ հետագա ընթացք կունենա ՀՀ կառավարություն-ՕՏԵ վեճը, ինչպիսի՞ լուծում կստանա միջազգային արբիտրաժում, ինչպե՞ս այդ ամենը կանդրադառնա մեր կապի եւ հեռահաղորդակցության հետագա վիճակի վրա: Բացառված չէ այնպիսի իրավիճակը, երբ այս պայմանավորվածությունները հիշենք որպես ձեռքից բաց թողած հնարավորություն: Հետեւաբար, հարկ է մի կողմ դնել անձնական շահերն ու հավակնությունները, ապա նոր միայն վերջնական որոշում ընդունել: Ինչը, դժբախտաբար, մեր կառավարության որոշ անդամներից չենք կարող ակնկալել: