Ռեպորտաժ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ «Ավստրիական ավիաուղիների» աջակցությամբ
Զարմանալի զուգադիպությամբ Կալվիայի օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի հավաքականները հանդիպեցին նույն մրցակիցների հետ, ինչ նախորդՙ Բլեդի օլիմպիադայի եզրափակիչ օրը: Տղամարդկանց թիմի հակառակորդներն էին Վրաստանի, կանանց թիմիՙ Ադրբեջանի շախմատիստները: Երկու տարի առաջ վերջին ակորդը կարեւոր էր հատկապես մեր տղաների համար: Նրանք 3-1 հաշվով փայլուն հաղթանակ տարան վրացիների նկատմամբ եւ նվաճեցին օլիմպիադայի բրոնզե մեդալները: Այս անգամ եւս Վրաստանի հավաքականի հետ հանդիպման ելքը վճռական էր մեր թիմի համար, որը ավարտական տուրից առաջ ընթանում էր 3-րդ տեղումՙ կես միավորով հետ մնալով Ռուսաստանի հավաքականից եւ կես միավորով գերազանցելով Իսրայելի շախմատիստներին:
Ինչպես եւ երկու տարի առաջ, այս անգամ էլ հայ շախմատիստները հիանալի անցկացրին ավարտական պարտիանՙ 3,5-0,5 հաշվով հաղթելով վրացիներին: Մեր թիմից հաղթանակներ տոնեցին Վլադիմիր Հակոբյանը, Ռաֆայել Վահանյանն ու Սմբատ Լպուտյանը, որոնք առավելության հասան համապատասխանաբար Զվիադ Իզորիայի, Մերաբ Գագունաշվիլու եւ Թամազ Գելաշվիլու նկատմամբ: Միակ կես միավորն իր թիմին բերեց Բայանդուր Ջոբավանՙ խաղաղ դաշն կնքելով Լեւոն Արոնյանի հետ:
Ռուսաստանի հավաքականը 3-1 հաշվով պարտության մատնեց Չինաստանի ընտրանուն: Նույն հաշվով նախորդ տուրում արդեն չեմպիոնի կոչումը նվաճած ուկրաինացիները հաղթեցին ֆրանսիացիներին: Իսրայել-Կուբա հանդիպումն ավարտվեց ոչ-ոքիՙ 2-2: Այսպիսով, առաջին տեղում 39,5 միավորով ուկրաինացիներն են, 2-3-րդ տեղերը բաժանում են Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականները (36,5-ական), 4-րդ տեղում ԱՄՆ-ի ընտրանին է (35 միավոր): Միայն լրացուցիչ գործակիցների հաշվարկումից հետո պարզ կլինի, թե ո՞ր հավաքականն է դարձել արծաթե, ո՞րըՙ բրոնզե մեդալակիր:
Կանանց մրցաշարում օլիմպիական չեմպիոնը (Չինաստանի հավաքականը) որոշվել էր նախորդ տուրում: Հայ շախմատիստուհիները նախավերջին տուրում վստահորեն հաղթեցին մոլդովացիներինՙ 2,5-0,5 եւ բաժանում էին 12-19-րդ տեղերը: Ավարտական տուրում մեր աղջիկները 2-1 հաշվով հաղթեցին Ադրբեջանի ընտրանուն: Լիլիթ Մկրտչյանը հաղթեց Փիրուզա Վելիկհանլիին, Սիրանուշ Անդրեասյանը պարտության մատնեց Մեյհրիբան Շուկուրովային, իսկ ահա Էլինա Դանիելյանը պարտվեց Մամեդյարովային: Մեր հավաքականը վաստակեց 24,5 միավոր:
ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Կալվիա
Հ.Գ. Ուշ երեկոյան հրապարակվեցին պաշտոնական տվյալներըՙ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3-րդն է։