Քաղծառայողների բազային աշխատավարձը ըստ բյուջեի նախագծի կմնա անփոփոխ
Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը 2005 թ. պետք է կազմի 8 տոկոս 2004 թ. 1,8 տրիլիոն դրամի դիմաց կազմելով 2 տրիլիոն դրամ: Ներկայացնելով երեկ կառավարության հաստատած եկող տարվա բյուջեի նախագիծը, այդ մասին հայտնեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը: Սղաճը կկազմի 3 տոկոս: Դրամի փոխարժեքը հաշվարկվում է 1 դոլարի դիմաց 535 դրամ: 2005 թ. պետբյուջեի եկամուտները նախատեսվում են գրեթե 328 մլրդ դրամ այս տարվա 280 մլրդ դրամի դիմաց: Դեֆիցիտը կկազմի 47,5 մլրդ դրամ այս տարվա 51,2 մլրդ դրամի փոխարեն: Այսինքն կնվազի: Ծախսերը համապատասխանաբար կկազմեն 375,5 մլրդ դրամ:
Ընդհանուր եկամուտներից հարկային մուտքերը եւ պետական տուրքերը պետք է կազմեն 307 մլրդ դրամ: Այս գումարից մոտ 15 մլրդ դրամը կավելանա ստվերային տնտեսության հարկային դաշտ բերելուց: Այս մասին փոխնախարարը հայտնեց պատասխանելով «Ազգի» հարցին: Այնուհետեւ նա անդրադարձավ պետբյուջեի սոցիալական ուղղվածության ծախսերին եւ նախատեսվող փոփոխություններին: Մասնավորապես ուսուցիչների միջին աշխատավարձը կկազմի 50 հազար դրամ ներկայիս 30 հազար 500 դրամի փոխարեն, դպրոցների վարչական աշխատողների միջին աշխատավարձըՙ 51 հազար դրամ 31 հազարի դիմաց:
Առողջապահության բնագավառում հիվանդանոցում բուժվող 1 հիվանդի բուժմանը տրամադրվող գումարը 8 հազար 300 դրամից կդառնա 8 հազար 700 դրամ: Բժիշկների միջին աշխատավարձը 33 հազարի դիմաց կդառնա 37 հազար 500 դրամ: Առաջնային բուժօգնությունը պոլիկլինիկաներում տրվելու է անվճար: 100 մլն դրամով ավելանալու է անվճար տրվող դեղերի գումարը:
Կենսաթոշակի միջին չափը այս տարվա 8350 դրամի փոխարեն կկազմի 9700 դրամ: Ինչպես տեղեկացրեց Պավել Սաֆարյանը, բազային կենսաթոշակի չափը եկող տարվա ապրիլի 1-ից կդառնա 4000 դրամ, ներկայիս 3000 դրամի փոխարեն: 139 հազար ընտանիք օգտվելու է նպաստից, որի միջին չափը 9650 դրամի փոխարեն 2005 թ-ին նախատեսված է 12 հազար դրամ:
Մշակույթի ոլորտի աշխատակիցների միջին աշխատավարձը բարձրանալու է մոտ 50 տոկոսով: Այս տարի այն կազմել է 16 հազար դրամ, իսկ եկող տարի կկազմի 23 հազար դրամ:
Պավել Սաֆարյանն, անդրադառնալով եկող տարվա սոցիալական ծախսերին եւ ընդհանրապես բյուջեի մյուս բոլոր ցուցանիշներին, տեղեկացրեց, որ այդ բոլորը նախատեսված են եղել կառավարության հաստատած պետական միջնաժամկետ ծրագրում:
Անդրադառնալով քաղծառայողների աշխատավարձերին, ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարարը մեզ համար անսովոր տեղեկություն հայտնեց, ասելով, որ կառավարությունը որոշել է չբարձրացնել այս ոլորտի աշխատակիցների բազային աշխատավարձը 20 հազար դրամից մինչեւ նախատեսվող 30 հազար դրամ: Այդ նպատակով նախատեսված գումարըՙ մոտ 2,5 մլրդ դրամ, կուղղվի կապիտալ ծախսերին: Այդուհանդերձ, որոշակի բարձրացում քաղծառայողների առանց այն էլ Հայաստանի համար բարձր համարվող աշխատավարձին կլինի: Այս տարվա 84 հազար դրամ միջին աշխատավարձի փոխարեն կկազմի 90 հազար դրամ, ինչը պայմանավորված է քաղծառայողների աշխատանքային ստաժի ավելացմամբ: Եվ վերջապես, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը չեն բարձրանալու: Հիշեցնենք, որ վերոնշյալ անձանց աշխատավարձերի աննախադեպ բարձրացումը երկու տարի առաջ մեծ դժգոհություններ էր առաջացրել եւ երկար ժամանակ նոր բարձրացման մասին անգամ ակնարկելու բարոյական իրավունք կառավարությունը չունի: Ի դեպ, տեղեկացվեց, որ ծառայողական մեքենաների թիվը ոչ միայն չի ավելանալու, այլեւ նվազելու է:
Մեկ այլ հարցի պատասխանելով, Պավել Սաֆարյանը հայտնեց, որ հանրային ծառայությունների (ջուր, գազ, էլեկտրաէներգիա) սակագների բարձրացումներ եկող տարվա բյուջեում նախատեսված չեն: Ինչ վերաբերում է պաշտպանության, ոստիկանության եւ ազգային անվտանգության ընթացիկ ծախսերին, ապա դրանց համար համապատասխանաբար նախատեսված են 48 մլրդ, 10 մլրդ եւ 6,3 մլրդ դրամ:
2005 թ. արտաքին պարտքի մարմանն ուղղվելու է 8,5 մլրդ դրամ, իսկ նոր ստացվելիք նպատակային վարկերը կկազմեն մոտ 50 մլրդ դրամ: Դրանից մոտ 10 մլրդ դրամը հատկացված է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի ֆինանսավորմանը:
Երեկ ներկայացվածը, բնականաբար, պետական բյուջեի նախագծի ոչ բոլոր մանրամասներն էին, որոնց դեռ բազմիցս առիթ կլինի անդրադառնալ, երբ այս փաստաթուղթը քննարկվի խորհրդարանում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ