«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2004-10-28 | #192, 2004-10-29 | #193, 2004-10-30


ՍԵՎ ՊԱՏԱՐԱԳ ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃՈՒՄ

Հայաստանում առաջին ցմահ ազատազրկումը ստացել են սատանայապաշտներըՙ մարդու զոհաբերության համար

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

2 օր անց, հոկտեմբերի 31-ին սատանայական պաշտամունքի հայ հետեւորդները Հրազդանի կիրճում, Սուրբ Սարգիս եկեղեցու մերձակայքում նշելու են իրենց գլխավոր տոնը` հելոինը: Այս տարվա արարողությունը նախորդներից տարբերվում է նրանով, որ սատանայի սպասավորները նշելու են նաեւ Հայաստանում աղանդի հիմնադրման 13-ամյակը: Եվ քանի որ 13-ը սատանայական թիվ է համարվում, կարելի է ենթադրել, որ սատանայապաշտների խրախճանքն այս տարի առանձնապես բուռն է լինելու: Ի՞նչ է այս աղանդը, եւ եհովականների գրանցման փաստից վրդովված հայ հասարակության համար դրա վտանգը նույնչափ մեծ չէ՞ արդյոք:

«Ազգը» դիմել է Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության ու վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանին:

- Հելոինը սատանայապաշտների ուրախության, սեւ հումորի օրն է, իրենց հավատքի համաձայն այդ օրը միանում են մահացածների եւ կենդանի մարդկանց հոգիները: Այդ ծեսը հիշողության վերարթնացում է վամպիրների, մարդագայլերի, ուրվականների մասին: Սատանայական սեւ պատարագի անհրաժեշտ մասը մարդկանց զոհաբերությունն է: Մարդկանց փոխարեն նրանք նաեւ կենդանիներ են զոհաբերում, կարեւորը, որ արյուն հեղվի եւ այն խառնելով իրենց արյան հետ խմեն եւ ուժ ստանան: Ողջ ծիսակատարության իմաստն այդ ուժն ստանալն է, մանավանդ եթե զոհը անմեղ մարդ է, նախընտրելի է` անմեղ երեխա:

- Իրենց գոյության մասին առ այսօր որեւէ կերպ զգացնել տվե՞լ են:

- Առաջին լուրջ նախազգուշացումը նրանց գործունեության վտանգի մասին եղել է անցած տարի, հուլիսի 5-6-ին, երբ իրենց ծեսի ժամանակ իբրեւ զոհաբերություն նրանք սպանեցին մասնագիտությամբ ոսկերիչ, Շենգավիթ համայնքի մի բնակչի: Մարդասպաններից դատվեցին 2 հոգի, որոնցից մեկը սատանայապաշտական խմբի ղեկավարն էր: Դաժան սպանությունն իրականացվել է ծեսի բոլոր պատվիրանների համաձայն, գիշերվա ժամը 24-ից մինչեւ 4-ը: Դանակի 20 հարված հասցնելուց հետո նրան դնում են բազմոցի վրա ու այրում: Զոհաբերվածն ինքն աղանդի անդամ չէր, ընդամենը աղանդավորներից մեկի հոր ընկերն է եղել եւ հայտնվելով այս միջավայրում չի իմացել գլխին գալիքը:

- Ոսկերիչի սպանությունը միակ օրինա՞կն է:

- Չեմ կարող ասել, որովհետեւ առ այսօր ոչ ոք նման հարցերով լրջորեն չի զբաղվել: Այս մեկն էլ պատահաբար բացահայտվեց: Մեզ մոտ ընդհանրապես նման դեպքերը չեն բացահայտվում բացառապես այն պատճառով, որ մինչ այսօր չունենք ոչ կրոնական հոգեբանության, ոչ էլ կրոնական փորձագիտության մասնագետներ, ոչ էլ որեւէ մեթոդաբանություն կա: Եթե երեխան կախվի, ոչ ոք չի կարող ասելՙ ինքնասպանությու՞ն է գործել, թե՞ սատանայական ծեսի ժամանակ են կախել նրան: Խոսքս վերաբերում է ընդհանրապես ինքնասպանություններին, որոնց մասին ավելի ու ավելի հաճախ ենք լսում: Աշխարհում սատանայապաշտների տարբեր աղանդների համար բացի մարդկանց ծիսական զոհաբերումից հատկանշական են նաեւ ինքնասպանությունը, առեւանգումները, կենդանիների խոշտանգումները, տաճարների ու գերեզմանների պղծումը, թմրադեղերի օգտագործման ու տարածման հարկադրումը, հոմոսեքսուալիզմին դրդելը:

Մեր հասարակության մեջ այս վտանգի առկայությանը ոչ ոք լրջորեն չի վերաբերվում: Եթե մամուլում մեկ-մեկ հրապարակումներ լինում են, ապա միայն սենսացիոն նպատակներով: Մինչդեռ Հայաստանում ծնելիության կրճատումները կարելի է բացատրել նաեւ հոմոսեքսուալիզմի աճով:

- Այս ծիսակատարության ընթացքում հավանակա՞ն են նման սարսափելի իրողություններ:

- Ինչո՞ւ ոչ, 13-ը սատանայի թիվն է: Առավել սարսափելի է այն փաստը, որ հելոինի տոնակատարությունը մինչեւ անցած տարի նշվում էր նաեւ հանրապետության որոշ դպրոցներում: Մեզ հաջողվեց հասնել նրան, որ կառավարությունը հատուկ շրջաբերականով արգելեց այս տոնի նշումը դպրոցներում, չնայած անցած տարի էլի նշեցին:

Բնականաբար, դպրոցում նշվածն ու մոլեռանդների համոզմունքները նույնը լինել չեն կարող:

Սակայն հիմքում նույն գաղափարներն են: Նաեւ այլ անվանումներով հայտնի հելոինը (սանհեյն, կելտական նոր տարի եւ այլն), արմատներով գալիս է գազանաբարո ծեսերով սատանայապաշտական ուղղվածության աղանդներից: Դրանց բոլորի նպատակը մասնակիցների էմոցիոնալ կայունության ջախջախումն է, լիակատար ազատության հասնելը, հասարակական օրենքների ու կանոնների ժխտումը: Հենց դա էլ հավանաբար հրապուրում է նոր անդամների մուտքը: Սատանայապաշտները, ում հետ ինձ հաջողվել է խոսել, հիմնականում նույնն են նշում` ազատություն, ազատ սեքս, պաշտոնյաների կամայականություններից ձերբազատում:

- Ինչպե՞ս է հայտնվել Հայաստանում:

- Հավանաբար ամերիկյան կողմնորոշումների հետեւանք է: Ամերիկայում այս աղանդը գրանցված է, սատանայի եկեղեցին էլ օրինական է գործում, ազատ տոնակատարություններ ու ծեսեր են անցկացնում: «Լայն բացված աչքերով» ամերիկյան հայտնի ֆիլմում, Նիկոլ Քիդմանի եւ Թոմ Կրուզի գլխավոր դերակատարումներով, հենց այսպիսի սատանայական ծես է պատկերվում:

- Հայտնի՞ է, թե ինչքան հետեւորդներ ունեն սատանայապաշտները Հայաստանում:

- Դժվար է ասել, հայտնի է միայն, որ գործում են 20-25 հոգանոց խմբերով: Թերթերից մեկում անցած տարի գրվել էր Դավիթաշենում գործող մի այդպիսի խմբի մասին, որի ղեկավարը դպրոցի ուսուցիչ էր: Խմբի 22 անդամներից 18-ը բարձրագույն կրթություն ունեին: Իսկ ընդհանրապես այս առթիվ որեւէ վիճակագրություն չկա: Հայտնի է միայն, որ Հայաստանում եւս գործող «Պրոքտեր էնդ գեմբլ» ֆիրմայի ղեկավարը սատանիստ է, կամ «Հերբոլայֆը», որ մինչեւ վերջին տարիները բավական աշխույժ աշխատում էր մեզ մոտ:

- Այս աղանդն իր հետեւորդներին նյութական օգնություն ցուցաբերո՞ւմ է:

- Չէ, դա ավելի շատ բնորոշ է քրիստոնեական աղանդներին: Բայց, այնուամենայնիվ, միայն ներսի մարդը կարող է հստակ պնդել: Ընդհանրապես, միայն այս աղանդը չէ, որ անթույլատրելի օրենքներ ու ծեսեր ունի: Ինչո՞վ են պակաս, օրինակ,«Աստծո որդիները», որոնք ազգականների ազատ սեռական հարաբերություններ են քարոզում: Հայաստանում գործում է մուննիստների աղանդը, որ ներխուժում է մարդկանց մասնավոր կյանքը, կամ Քանաքեռի Հղիների հովանավորման կենտրոնը, ուր ոտք դնելու պահից կինը հոգեբանական ակտիվ մշակման է ենթարկվում: Մեր դիտարկումներով, ընդհանրապես ամենատարբեր աղանդներում ներգրավված մարդկանց թիվը հանրապետությունում հասնում է 350 հազարիՙ 16-ից մինչեւ 60 տարեկան մարդիկ:

- Այս աղանդը չգրանցված 13 տարի գործում է Հայաստանում: Հնարավո՞ր է, որ եհովականների նման ի վերջո գրանցվի:

- Ինչո՞ւ ոչ: Կարող են 200 հոգի հավաքել ու գրանցվել: Չեն կարող չգրանցել, Ռուսաստանում էլ այս աղանդը գրանցված է: Եվ միմյանց հետ ամուր համագործակցություն են պահպանում: Անցած տարի Բելառուսում կայացավ սատանայապաշտների միջազգային համագումարը: Եվրոպայում սատանայապաշտներն օրենքով ընդունված են, բայց նրանց գործունեության ուժեղ հսկողություն էլ է իրականացվում: Ֆրանսիայում գործում է կրոնական ոստիկանությունը, եւ ամեն ինչ արվում է հետեւորդների քանակը նվազեցնելու համար: Միջամտում են, եթե գտնում են, որ մարդու իրավունքների ոտնահարման որեւէ քայլ է անում, օրինակ, հոգեորսություն: Մեզ մոտ մինչ այսօր չկա նույնիսկ հոգեորսություն հասկացության սահմանումը: 90-ական թթ. մեր ազգային անվտանգության վարչությունը վերահսկողական այդպիսի կառույց ուներ, բայց անկախացումից հետո դա վերացավ:

Հ.Գ. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նոր նախագիծը քննարկելիս քաղաքական տարբեր ուժերը մի հարցում գոնե համակարծիք էին` առանց արդար, օրինավոր ընտրությունների Հայաստանի ապագան միշտ էլ սպառնալիքի տակ է լինելու: Եթե իսկապես աղանդավորները մեր բնակչության մոտ 35 տոկոսն են կազմում, ապա հասարակությունը լրջորեն պառակտվել է նաեւ այս առումով եւ նորմալ ընտրությունների մասին խոսք լինել չի կարող: Աղանդավորները դավանում են արժեքային այլ համակարգեր, նրանք շփման եզրեր չունեն մեզ հետ: Սատանային զոհաբերված իրենց էությամբ ու ընդունակություններով չեն կարող ծառայել այն խնդիրներին, որոնք այսօր փորձում ենք դնել մեր առջեւ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4