«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2004-10-29 | #193, 2004-10-30 | #194, 2004-11-02


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՎԱՃՈՒՄԸ

ԵՎ այսպես, ավարտվեց շախմատի համաշխարհային 36-րդ օլիմպիադան, որը երկու շաբաթ շարունակ շախմատասերների ուշադրության կենտրոնում էր: Ինչպես եւ երկու տարի առաջ Բլեդում, այս անգամ էլ Հայաստանի տղամարդկանց հավաքականը գերազանց հանդես եկավՙ արժանանալով օլիմպիադայի բրոնզե պարգեւներին: Ավելին, մեր շախմատիստները հավակնում էին արծաթե մեդալներինՙ հավասար միավորներ վաստակելով Ռուսաստանի հավաքականի հետ, սակայն ռուսներին զիջեցին միայն լրացուցիչ գործակիցներով: Բրոնզե մեդալներին արժանանալն էլ մեծ նվաճում է: Չէ՞ որ օլիմպիական պարգեւների համար մրցավեճի էին բռնվել աշխարհի 126 երկրների 128 հավաքականներ (Իսպանիան որպես կազմակերպիչ ներկայացված էր 3 թիմով): Հայ գրոսմայստերների հրաշալի 6-յակը վստահ ու վերելքով անցկացրեց ողջ մրցաշարը: Անցկացրած 14 հանդիպումներում մեր թիմը տոնեց 8 հաղթանակ, 4-ն ավարտեց ոչ-ոքի եւ միայն 2-ում զիջեց մրցակիցներին: Հավաքականի բոլոր վեց անդամներն էլ իրենց ներդրումն ունեցան թիմային հաջողությունում: Այնուամենայնիվ, պետք է առանձնացնել հավաքականի ամենափորձառու եւ տարիքով մասնակցինՙ 53-ամյա Ռաֆայել Վահանյանին, որը փայլուն արդյունքի հասավՙ 12 պարտիաներում վաստակելով 9,5 միավոր: Նրանից հետ չմնացին Լեւոն Արոնյանն ու Սմբատ Լպուտյանը (12-իցՙ 8 միավոր): Հատկապես ուրախացնում է Լպուտյանի բարձր արդյունքը: Վերջին տարիներին նա զբաղված լինելով իր իսկ հիմնադրած շախմատային ակադեմիայի աշխատանքներով, փաստորեն զրկվել է գործնական շախմատից եւ շատ քիչ մրցաշարերի է մասնակցում: Սակայն նրա հսկայական փորձն ու վարպետությունն իրենց դերը խաղացին:

Առաջին խաղատախտակի վրա հանդես եկած Վլադիմիր Հակոբյանը, որը Բրիսագոյում օգնում էր Պետեր Լեկոյին, թեեւ բավական հոգնած էր ժամանել մրցավայր, սակայն ուժերի ներածի չափով նպաստեց ընդհանուր հաջողությանը: Նա 8 պարտիաներում վաստակեց 4 միավոր: Գաբրիել Սարգսյանը 8 հնարավորից թիմին բերեց 5,5 միավոր, իսկ ՀՀ այս տարվա չեմպիոն Արտաշես Մինասյանի արդյունքն է 1,5 միավոր 4 հնարավորից:

Վատ հանդես չեկան մեր աղջիկները, որոնք 24,5 միավորով գրավեցին 11-րդ տեղը, ընդ որում, միայն լրացուցիչ գործակիցներով զիջեցին նույնպիսի արդյունքով լավագույն տասնյակում տեղ զբաղեցրած Հնդկաստանի եւ Լեհաստանի հավաքականներին: Հատկապես գերազանց ելույթ ունեցավ 2-րդ խաղատախտակի վրա հանդես եկած Լիլիթ Մկրտչյանը: Նա 13 պարտիաներում վաստակեց 9 միավորՙ կրելով միայն մեկ պարտություն: Առաջին խաղատախտակի վրա Էլինա Դանիելյանը 12 հնարավորից վաստակեց 7 միավոր: Օլիմպիական թիմում մեր նորեկըՙ Սիրանուշ Անդրեասյանը բավականին լավ արդյունք ունի (5,5 միավորՙ 9 հնարավորից): Նելլի Աղինյանն իր թիմին բերել է 3 միավոր (7 հնարավորից):

Այս օլիմպիադան հատկանշական էր նրանով, որ 1992 թ. սկսած առաջին անգամ Ռուսաստանի տղամարդկանց հավաքականը մնաց առանց ոսկե մեդալների: Իսկ ահա ուկրաինացիներն առաջին անգամ նվաճեցին օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը: Մինչ այդ նրանք 1996 թ. դարձել էին արծաթե մրցանակակիր, իսկ 1998 եւ 2000 թթ. արժանացել էին բրոնզե մեդալների: Հայաստանի շախմատիստները 3-րդ անգամ դարձան բրոնզե մեդալակիրներ: Նրանց առաջին հաջողությունը գրանցվել էր 1992 թ. Մանիլայի օլիմպիադայում:

Կանանց մրցաշարում գլխավոր մրցանակը վերջին չորս օլիմպիադաներում 3-րդ անգամ բաժին ընկավ Չինաստանի ընտրանուն, որը նախորդ օլիմպիադայում 3-րդն էրՙ առաջ թողնելով Վրաստանի եւ Ուկրաինայի շախմատիստուհիներին: Իսկ 1998 եւ 2000 թթ. չին շախմատիստուհիներն ուժեղագույնն էին ճանաչվել օլիմպիադայում: 2-րդ տեղը զբաղեցրած ԱՄՆ-ի շախմատիստուհիներն առաջին անգամ դարձան օլիմպիադայի մրցանակակիրներ: 3-րդ տեղը զբաղեցրած ռուսները կրկնեցին 1996 եւ 2000 թթ. իրենց արդյունքը:

Տեղեկացնենք, որ համաշխարհային 37-րդ օլիմպիադան կկայանա 2006 թ. Թուրինում, իսկ հաջորդ օլիմպիադայի մայրաքաղաք ընտրվեց Դրեզդենը, որը հաղթող ճանաչվեց Տալլինի հետ մրցապայքարում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4