«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2004-10-29 | #193, 2004-10-30 | #194, 2004-11-02


ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒ ԱՂԱՍԻՆ ԶԻՋԵՑԻՆ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ

Բազելում անցկացված թենիսի միջազգային մրցաշարում բավական հաջող մրցելույթներ ունեցավ արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը: Քառորդ եզրափակիչում նա պարտության մատնեց գերմանացի Ռայներ Շուտլերին (4-6, 7-6, 6-3): Կիսաեզրափակիչում նրա մրցակիցն Աթենքի օլիմպիադայի չեմպիոն չիլիացի Նիկոլաս Մասուն էր: Նալբանդյանից երկու խաղափուլ պահանջվեց մրցակցի նկատմամբ իր առավելությունը հաստատելու համար (6-3, 6-4): Եզրափակիչում գլխավոր մրցանակի համար Դավիթը մրցավեճի բռնվեց չեխ Իրժի Նովակի հետ, որը նախորդ փուլում պարտության էր մատնել ավստրիացի Շտեֆան Կուբեկին (6-4, 6-0): Եզրափակիչ հանդիպումը չափազանց համառ ու անզիջում բնույթ կրեց: Հաղթողին ի հայտ բերելու համար պահանջվեց 5 խաղափուլ: Նալբանդյանը հաջող սկսեց մրցամարտըՙ շահելով առաջին խաղափուլը (7-5): Այնուհետեւ չեխ թենիսիստը տիրեց նախաձեռնությանը եւ մեկը մյուսի հետեւից երկու խաղափուլում հաղթեց (6-3, 6-4): Հաջորդ խաղափուլում Դավիթին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը (6-1), սակայն 5-րդ խաղափուլն ավարտվեց Նովակի հաղթանակով (6-2), որն էլ շահեց հանդիպումը:

Բավական հաջող էր նաեւ Անդրե Աղասու ելույթը, որը եւս մտավ եզրափակիչ, սակայն նրան էլ չհաջողվեց հաղթող ճանաչվել: Աղասին Ստոկհոլմի մրցաշարի եզրափակիչ խաղում 3 խաղափուլում զիջեց շվեդ Թոմաս Յոհանսոնին (6-3, 3-6, 6-7):

Սանկտ Պետերբուրգում ավարտված 1 մլն դոլար ընդհանուր մրցանակային հիմնադրամով մրցաշարում հաղթողի կոչումը վիճարկեցին ռուսաստանցի թենիսիստ Միխայիլ Յուժնին եւ սլովակ Կարոլ Բեկը: Յուժնին կիսաեզրափակիչում պարտության էր մատնել 31-ամյա բրիտանացի Գրեգ Ռուսեցկուն (3-6, 6-3, 6-4): Իսկ Բեկը հաղթել էր ֆրանսիացի Միքայել Լլոդրային (6-4, 2-6, 6-1): Եզրափակիչում հաջողությունն ուղեկցեց Միխայիլ Յուժնուն (6-2, 6-2):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4