«Աշխարհում չկա քաղաքակիրթ մի երկիր, ուր ավտոբուսային փոխադրումները կազմեն հիմնական փոխադրումների 15-20 տոկոսը: Շատ երկրներում միկրոավտոբուսներ ընդհանրապես չկան: Երեւանում հակառակ պատկերն է», այսպես սկսեց լրագրողների հետ ճեպազրույցը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Տիգրան Ղազարյանը:
Թիվ 1 եւ 3 երթուղիներում այսօր լրիվ բեռնվածությամբ աշխատում են «Ռենո» մակնիշի մեծ տարողությամբ ավտոբուսներ: Տրանսպորտային ամենօրյա տանջանքների սովոր ուղեւորը սիրով է ընդունում դրանց մուտքը: Բայց քաղաքը կրկին բեռնավորել ավտոբուսներով, քաղաքապետարանն ի վիճակի չէ: Չկան հովանավորներ, որոնք ցանկություն կհայտնեն ավտոբուսներ ներկրել կամ փող տրամադրել այս ասպարեզին: Համենայն դեպս, Տիգրան Ղազարյանի հաղորդմամբ, Երեւանի բանկիրների հետ քաղաքապետի վերջին հանդիպումից եւ վերջիններիս կողմից նրա օգնության խնդրանքը մերժելուց հետո արձագանք եղել է Մոսկվայում գործող ԱՊՀ միջպետական բանկի ղեկավարությունից:
Առաջիկա ակնկալիքները
Անցած ամիս հետազոտական այցեր են եղել ուկրաինական Չերկասի եւ բելառուսական Մինսկ քաղաքներ եւ տեղի տրանսպորտային ընկերությունների հետ պայմանավորվածություններ են եղել 100 «Բոգդան» եւ 15-20 «Մազ» մակնիշի մեքենաների ներկրման համար: Համագործակցությունը շարունակական կլինի, եւ ամենալավատեսական կանխատեսումներով, մինչեւ 2007 թվականը կունենանք 1000 մեծ տարողությամբ ավտոբուսներ:
Չիրականացած ակնկալիքը Լիոնից դեռ սեպտեմբերի 1-ին սպասվող 20 ավտոբուսների եւ 20 տրոլեյբուսների մուտքն է: Տեղի ղեկավարությունն անհասկանալի պատճառաբանություններով ձգձգում է նվերի մատուցումը:
Տիգրան Ղազարյանը համոզված է, որ «գիծ պահելն անցած էտապ է, հիմա դրան ասում ենՙ տնտեսվարող սուբյեկտ»: Բայց որ կեղեւը փոխելուց այս ասպարեզում զբաղվածները բովանդակությունը չեն փոխել, զգում ենք ամեն օր: Ոչ միայն առավոտյան, այլեւ ավելի շատ երեկոյան ժամերին անհնար է դարձել գործից տուն դառնալը: Անկախ օբյեկտիվ բոլոր իրողություններից, փոխադրումների վիճակը ծանրացնում են այլ հանգամանքներ եւս: Վարորդներից շատերը երեկոյան ժամը 7-ից, 8-ից հետո երթուղի դուրս չեն գալիս, որովհետեւ: Ի վերջո, անհնար է աշխատել 12 ժամ անընդմեջ: Փողոցում մնացած ուղեւորների մասին ոչ գծի տերերը, ոչ էլ վաղուց ժամանակավրեպ դարձած չվացուցակը փոխելուն կոչված պաշտոնատարները չեն մտածում: Եթե վարորդը հոգնել է, կարելի է մտածել հերթափոխային աշխատանք կազմակերպելու մասին, ի վերջո մրցույթում շահած տնտեսվարող սուբյեկտը հաղթել է նորմալ սպասարկում ապահովելու պայմանով: Ինչ վերաբերում է 4 տարին մեկ կազմվող չվացուցակին, հարկ չկա 1 տարի եւս ուղեւորներին տանջահար անել` համոզվելու, որ 2001 թ. կազմված չվացուցակն ուղեւորահոսքի ու կյանքի փոխված պայմաններին չի համապատասխանում այլեւս:
Չօգտագործված ռեզերվ
Երեւանում այսօր պետական ենթակայության տաքսիներ չկան, մասնավորների ճշգրիտ քանակը հայտնի չէ: Մոտավոր հաշվարկներով, Երեւանում այսօր 3 հզ. մասնավոր տաքսիներ կան, որոնց տերերը ոչ մի կոպեկ չեն մուծում քաղաքապետարանին: «Եթե դրանք բոլորը հարկային դաշտ մտնեն, ամեն ամիս քաղաքապետարանի բյուջե 120 մլն դրամ կմտնի, դա նշանակում է, որ ամեն ամիս գոնե 3 ավտոբուս գնելու հնարավորություն կունենանք», այսպիսի հաշվարկներ են անում այսօր Երեւանի քաղաքապետարանում: Այս կարեւոր իրողությունը նկատի առնելով քաղաքապետարանը որոշել է միկրոավտոբուսների նման վերահսկել տաքսի ծառայությունների աշխատանքը, որոնք այսօր գործում են նրա իրավասություններից դուրս:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ