Ինչպես հայտնի է, շախմատի աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար Կասպարով-Կասիմջանով կիսաեզրափակիչ մրցախաղը պետք է անցկացվի 2005 թ. հունվարի 7-24-ը Դուբայում: Սակայն բացառված չէ, որ մրցախաղը չկայանա: Մրցախաղի կազմակերպման վերաբերյալ ՖԻԴԵ-ին ուղղված բաց նամակում իր անհանգստությունն է հայտնել Գարի Կասպարովը: Նա պահանջել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովից եւ մրցաշարի կազմակերպիչներից անհապաղ մրցանակային հիմնադրամի ապահովման երաշխիքներ ներկայացնել, այլապես ինքը կհրաժարվի մրցամարտից: Ինչպես հայտնի է, Դուբայի մրցաշարի կազմակերպիչները պարտավորվել են ապահովել 1 մլն դոլարի մրցանակային հիմնադրամ: Սակայն մինչ օրս ոչ ՖԻԴԵ-ի նախագահից, ոչ էլ կազմակերպիչներից այդ մասին պաշտոնական պատասխան չի ստացվել:
Կասպարովը նաեւ տեղեկացրել է, որ մրցաշարը կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել Թուրքիայի շախմատի ֆեդերացիան, որը պատրաստ է 1 մլն դոլար մրցանակային հիմնադրամ տրամադրել: Աշխարհի նախկին չեմպիոնը հայտարարել է, որ եթե մինչեւ նոյեմբերի 10-ը բանկային հաշվին չփոխանցվի 1 մլն դոլարը, ապա ինքը կհրաժարվի Ռուստամ Կասիմջանովի հետ մրցախաղ անցկացնելուց:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ