«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2004-11-02 | #195, 2004-11-03 | #196, 2004-11-04


ԻՆՏԵՐՆԵՏ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԿՈՒՄԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ

IP ցանցով կարելի է փոխանցել միայն տվյալներ

Ինտերնետ կամ IP հեռախոսակապի մատակարար ընկերությունների ներկայացուցիչներն այն կարծիքին են, որ այս ոլորտի հանձնումը «Արմենտելին» որպես բացառիկ իրավունք, նախ եւ առաջ բացասական սոցիալական հետեւանքներ կունենա մեր բնակչության համար: Մեր զրույցի ժամանակ այդ համոզմունքը հայտնեցին Ինտերնետ հեռախոսակապի ընկերությունների միության կազմկոմիտեի անդամներ Արտյոմ Խաչատրյանը եւ Արմեն Խաչատրյանը: Ինչպես հայտնի է, կառավարությունը երեկ վերջնական որոշում ընդունեց այդ առթիվ:

IP հեռախոսակապի ընկերությունների փակմամբ, մեր զրուցակիցների հավաստմամբ, սոցիալական խնդիրներ կառաջանան ոչ միայն այդ 250 կազմակերպություններում աշխատող 2-3 հազար մարդկանց, այլեւ այն հարյուր հազարավոր մեր հայրենակիցների համար, որոնց համար Հայաստանում եւ արտերկրում միմյանց հետ շփման ամենահարմար եւ էժան կապը ինտերնետ հեռախոսակապն է: Նրանք կապի այդ տեսակից օգտվելու համար վճարում են միջինը 80 դրամ 1 րոպեի համար: Քանի որ Հայաստանում գտնվող մեր հայրենակիցները հիմնականում խոսում են ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում գտնվող իրենց հայրենակիցների հետ, ապա նրանք ստիպված կլինեն վճարել 8-9 անգամ ավելի գումար: «Արմենտելի» մատուցած միջազգային հեռախոսակապի գինն այս երկրների համար կազմում է մոտ 600 դրամ: Ճիշտ է, լիցենզիայի նոր տարբերակում նախատեսվում է, որ «Արմենտելը» պետք է մատակարարի նաեւ IP ծառայությունը, որի սակագները որոշելու է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, սակայն Արմենակ եւ Արտյոմ Խաչատրյանների համոզմամբ, ոչ մի երաշխիք չկա դրա որակի եւ գնի վերաբերյալ: Փաստորեն, «Արմենտելն» այս ոլորտում կմնա առանց մրցակցության եւ նկատի ունենալով ընկերության մինչ այժմ իրականացրած գործունեությունը կարելի է ենթադրել, թե ինչ որակի ծառայություններ կմատուցի:

Ինտերնետ հեռախոսակապը որպես ձայն, թե որպես տվյալ հիմք ընդունելու մասին հակադիր մոտեցումների եւ մասնավորապես երկու միջազգային կազմակերպությունների կողմից դա որպես ձայն ընդունելու հարցի վերաբերյալ Արմեն Խաչատրյանը միանշանակ համոզմունք հայտնեց, որ IP ցանցը նախատեսված է բացառապես տվյալներ փոխանցելու համար: Տվյալը փոխարկվում եւ դառնում է ձայն հետեւյալ կերպՙ կապի երկու կետերից մեկում IP ցանցը ձայնը վերցնում է եւ ձեւափոխում տվյալի, ուղարկում մյուս կետ, որտեղ միացված համակարգչում առկա ծրագրի շնորհիվ այդ տվյալը դարձյալ դառնում է ձայն: Այսինքն, սովորական հեռախոսակապից սա տարբերվում է IP ցանցով, որը հնարավորություն է տալիս համակարգչում դնել համապատասխան ծրագրեր, որոնք կփոխակերպեն ձայնը տվյալի եւ կփոխանցեն: Իսկ «Արմենտելն», ըստ Արտյոմ Խաչատրյանի, պարզապես շփոթության մեջ է գցում տեխնիկական մանրամասներից անտեղյակ մարդկանց, հայտարարելով, որ IP ընկերությունները իրենից կապ են գողանում: Ի վերջո, այդ ընկերությունները, գոնե նրանցից 50-ը, որոնց ներկայացնում է ստեղծված կազմկոմիտեն, օրինականորեն գործող կազմակերպություններ են եւ ունեն համապատասխան լիցենզիաներ: «Ինչո՞ւ «Արմենտելը» պետք է շարունակի գործել, իսկ մենքՙ ոչ», իր վրդովմունքն է հայտնում Արտյոմ Խաչատրյանը:

Մեր հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում այն մեղադրանքներին, որ ինտերնետ հեռախոսակապի ընկերությունների մեծ մասն ապօրինի գործունեություն է ծավալում ու դուրս է հարկման դաշտից, մեր զրուցակիցները պատասխանեցին, որ դա հարկային ծառայության եւ սոցիալական հիմնադրամի խնդիրն է եւ որեւէ կերպ չի առնչվում այս ոլորտում «Արմենտելին» մենաշնորհ տրամադրելուն:

Այդուհանդերձ, կառավարության երեկվա որոշմամբ IP հեռախոսակապի ծառայություններ մատուցելու իրավունքից վերոնշյալ ընկերությունները կզրկվեն: Դատելով արդարադատության նախարարի խոսքից, նրանք կարող են այլ ծառայություններ առաջարկել, որոնք կհամարվեն տվյալների փոխանակում: Սակայն նախարարի այդ առաջարկը դժվար թե բավարարի IP հեռախոսակապ մատակարարողներին, քանի որ վերջիններս զրկվում են իրենց գործունեության հիմնական եւ առավել տարածված ուղղությունից:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4