«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2004-11-03 | #196, 2004-11-04 | #197, 2004-11-05


2004 Թ. «ՏՈՒՐԻԶՄԻ ԹԱԳՈՒՀԻ» Է ՀՌՉԱԿՎԵԼ ՀԱՅ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ

Առաջին անգամ գեղեցկության համաշխարհային մրցույթում հաղթում է հայուհին: Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտի միջազգային ժուռնալիստիկայի բաժնի ուսանողուհիՙ 19-ամյա Անուշ Գրիգորյանը հաղթել է Չինաստանում տեղի ունեցած «Տուրիզմի թագուհի» մրցույթում` արժանանալով «Տուրիզմի թագուհի-2004» տիտղոսին: Մրցույթը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին, մասնակցել են 32 երկրների ներկայացուցիչներ: «Մրցույթի նպատակը տուրիզմի զարգացումն է: Մրցույթի ժամանակ հաշվի էին առնում մասնակցի գեղեցկությունը, հաղորդակցվելու ընդունակությունը եւ թե որքանով է իր երկիրը տուրիզմի համար գրավիչ ներկայացնում: Հայաստանը ներկայացնելիս ես շեշտը դնում էի այն փաստի վրա, որ մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը, բոլոր մասնակիցներին նվիրել եմ փոքրիկ խաչքարեր: Ցավալի էր, սակայն մասնակիցներից շատերը չէին էլ լսել Հայաստանի մասին: Այնինչ համոզված եմ, որ մեր երկիրը արտերկրում լավ պրոպագանդելու դեպքում կարող է դառնալ զբոսաշրջության կենտրոն», պատմում է Անուշ Գրիգորյանը:

Առաջին տեղը գրավելու համար գեղեցկուհին արժանացել է դրամական պարգեւիՙ 10.000 ամերիկյան դոլարի: Դեռեւս չի որոշել, թե ինչպես է ծախսելու այդ գումարը: Ապագայում տուրիզմի կամ մոդելային բիզնեսում գործունեություն չի ծավալելու: «Ցանկությունս է դառնալ լրագրող», նշում է Անուշը: Նա արդեն տիրապետում է 5 լեզուների, «Ատեքս» նորաձեւության կենտրոնի մոդելն է եւ հասցրել է մասնակցել մի շարք հեղինակավոր մրցույթների, նաեւ «Միսս Եվրոպա 2003»-ին:

«Տուրիզմի թագուհի» մրցույթն անցավ բարձր մակարդակով: Ազգային տարազներով այցելել ենք Չինաստանի տեսարժան վայրերը: Սա եւս մեր երկիրը պրոպագանդելու մի յուրահատուկ ձեւ էր», ասում է Անուշը: Մրցույթն անցկացվում էր 11-րդ անգամ: Հաջորդ տարի կրկին անցկացվելու է Չինաստանում եւ Անուշը պետք է մեկնիՙ թագը հանձնելու տուրիզմի նոր թագուհուն: «Իսկ մինչ այդ, ասում է գեղեցկուհին, նոր գիտելիքներ ձեռք կբերեմ մեր երկրում զբոսաշրջության զարգացման մասին, որպեսզի մեկ անգամ եւս բարձր մակարդակով ներկայացնեմ Հայաստանը»:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4