«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2004-11-03 | #196, 2004-11-04 | #197, 2004-11-05


ՄԵՏԱՂԱԿԱՆ ԻՐԵՐԸ ԵՎՍ ԱԼԵՐԳԻԱՅԻ ԽԹԱՆԻՉՆԵՐ ԵՆ ԴԱՐՁԵԼ

Քաղցկեղային, սիրտ-անոթային, նյարդային հիվանդությունների հետ ալերգիան եւս դարձել է մեր ժամանակների ամենատարածված ախտը:

Օրգանիզմի զգայունակության վրա բացասական ազդեցություն է գործում ոչ միայն աղտոտված օդը: Չափազանց ակտիվ ալերգեններ են դարձել անմիջականորեն մարդու մաշկի հետ շփման մեջ գտնվող հագուստը, կոշկեղենը, նույնիսկ զարդերն ու հարդարանքի այլ մանրամասները: «Վերջին տարիներին կոնտակտային ալերգիայի առաջացման խթան է դարձել մետաղական զարդեղենը: Սովորական ժամացույցը, ականջօղերը, ոսկյա ու արծաթյա ապարանջանները, նիկելապատ մատանիները: Այսպիսի երեւույթ առաջներում էլ եղել է, բայց հազվադեպ», ասում է ճանաչված մաշկաբան Սերգեյ Գեդոյանը: Որպես կանոն, ամեն օր նրա այցելուներից 2-3-ը ալերգիայից բողոքող հիվանդներ են:

Կեղծ արտադրանքը թափանցել է նաեւ ոսկեղենի ու ակնեղենի շուկա: Քանի որ վերահսկողական որեւէ կառույց չկա, կեղծարարների ձեռքերն ազատ են նաեւ այս ասպարեզում: Այնպես որ, սովորական գնորդը երբեք չի կարող համոզված լինելՙ ոսկի է գնում, թե դրա նվազ պարունակությամբ, մետաղական այլազան խառնուրդներով հագեցած համաձուլվածք: Այդ կասկածելի արտադրանքն առատորեն առկա է ոչ միայն տեղական, այլեւ դրսից էժան գներով բերվող զարդերի մեջ:

Հաճախադեպ են դարձել ոտքի մաշկի ալերգիաները: Դրանց խթանիչն էլ հիմնականում արեւելյան երկրներից բերվող էժանագին հողաթափերն են, որոնց արտադրության ժամանակ հայտնի չէ, թե ինչ նյութեր են օգտագործվել: Համենայն դեպս, այս խնդրի հետազոտմամբ առայժմ ոչ ոք չի զբաղվել: Իհարկե, ալերգիայից խուսափելու ճիշտ ճանապարհը բացառապես բնական մանրաթելերի հագուստից ու բնական կաշվի կոշիկներից օգտվելն է: Նման արտադրանքը մատչելի չէ անգամ միջին սպառողին, եւ ստացվում է, որ անվճարունակ սպառողը դատապարտված է ալերգիայի սպառնալիքին:

Նույնիսկ ամենօրյա սնունդն առատ է ալերգեններով: Դրանք թափառում են մրգի ու բանջարեղենի մեջ, ներթափանցում աղեստամոքսային համակարգ, խանգարում նյութափոխանակությունը, առաջացնում դիզբակտերիոզ: Ալերգիան բազմազան դրսեւորումներ ունի` նեյրոթերմիտներ, էկզեմա, թոքային, բրոնխիալ ասթմա: Իսկ մանկական դիաթեզները սովորական երեւույթ են դարձել:

Թանկ ու էժան զանազան վաֆլիների մեջ պարունակվող հավելանյութերը` E 320, E 260, որոնց մասին նույնիսկ մակնշումներ կան պիտակների վրա, արհեստական գունանյութերով ներկված քաղցրավենիքն ու երշիկեղենը, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներով սնունդը, որի մասին տեղյակ չեն մեզանում, բայց որի դեմ ամենաբուռն պայքար են սկսել Եվրոպայում, մաշկաբանի համոզմամբ, դասվում են մեր ժամանակների ակտիվ ալերգենների շարքին:

Խորհրդային տարիներին սպառողը հիմնականում օգտագործում էր կոսմետիկայի ֆրանսիական հանրահայտ ֆիրմաների արտադրանքը: Ներկրումների աշխուժացման հետ այսօր օծանելիքի տեսականու մեջ գերակշռող է դարձել թուրքական, պարսկական, լեհական արտադրանքները, որոնք անկասկած, հարուստ են քիմիական միջամտություններով:

«Կան մարդիկ, որոնց օրգանիզմի զգայունակությունը, ի ծնե, անկախ նշված պատճառներից, բարձր է, եւ նրանք շատ հեշտությամբ ենթարկվում են վնասակար ազդեցությունների: Հատկապես նրանք ծայրահեղ զգույշ պետք է լինեն: Ալերգիկ հակվածության մարդկանց խորհուրդ եմ տալիս ընդհանրապես հրաժարվել դեզոդորանտներից, դուխիներից, ասում է Սերգեյ Գեդոյանը, այս դեպքում բարձր որակն էլ որոշիչ լինել չի կարող, քանի որ նույնիսկ հանրահայտ ֆիրմաների արտադրանքի մեջ քիմիական խառնուրդներ, թեեւ նվազ քանակով, բայց կան»:

Բնական, անխաթար միջավայրում ապրելը դարձել է ժամանակակից մարդու անիրական երազանքը: Բնական սնունդ, բնական հագուստ ու կոշիկ, ազնիվ մետաղներից զարդեղեն, արտանետումներից մաքուր օդ, այս ամենն անմատչելի արժեքներ են դարձել ժամանակակից հայ սպառողի համար: Բավարարվելով ցածրորակ, արհեստական արտադրանքով, նա էժան գնով մաս-մաս զոհաբերում է սեփական առողջությունը:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4