Արցախում հուշարձանների պահպանության դրվածքը չի կարելի բավարար համարել
ԼՂՀ հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման վարչության պետ Սլավա Սարգսյանի կարծիքովՙ այսօր հուշարձանների պահպանության դրվածքն Արցախում բավարար համարել չի կարելի: Ս. Սարգսյանը դա պատճառաբանում է այն հանգամանքով, որ այդ գործի իրականացման սկզբունքներն ու մեխանիզմները չեն համապատասխանում առնվազն ԱՊՀ երկրներում, այդ թվումՙ Հայաստանում առկա դրվածքին: Մասնավորապես, նրա խոսքերով, Արցախում չի գործում կենտրոնացված այն ձեւը, որը գոյություն ունի, ասենք, Հայաստանում: Ավելի կոնկրետ, նշված ծառայության աշխատողները շրջաններում ենթարկվում են շրջվարչակազմերին, այլ ոչ թե իրենց վարչությանը: Իրենց ազդեցությունից դուրս գտնվելու պատճառով էլ նրանք չեն կարողանում արդյունավետ իրականացնել հուշարձանների պահպանման ու ուսումնասիրման գործը եւ հաճախ վարչակազմի շահերից ելնելովՙ անհրաժեշտ հավաստի տվյալներ չեն տալիս վարչությանը: Ստացվում է, որ սպասարկման բավականին ընդարձակ այդ տարածքում աշխատանքներն իրականացնում են միայն վարչության երեք աշխատողները: Վարչության պետն այս խնդրին հավելում է նաեւ պետությունից հատկացված նյութական սուղ հնարավորությունները:
Արցախում, ըստ Սլավա Սարգսյանի, կան շուրջ 10 հազար պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձաններ, որոնց վերջնական հաշվառման եւ վկայագրման համար դեռ երկար տարիներ են պետք: Նրա հեղինակած քարտեզում, որը լույս է տեսել ընթացիկ տարում, զետեղված են սոսկ կարեւոր հուշարձանները: Միեւնույն ժամանակ, Ս. Սարգսյանի խոստովանությամբ, շատ հուշարձաններ չեն կարողանում լիարժեք ուսումնասիրելՙ հեռու տարածքներում գտնվելու պատճառով:
Հուշարձանների ոչնչացումը հիմնականում բնական գործընթացի հետեւանք է: Ժամանակի ընթացքում եւ ավերվելովՙ այդ հուշարձանները կորցնում են նախնական տեսքը կամ ընդհանրապես ոչնչանում: Վերականգնման համար զգալի ֆինանսական միջոցներ են պետք, ինչից զուրկ է վարչությունը: 1988 թվականից առ այսօր Արցախում ամբողջական տեսքով եւ մասնակի նորոգվել են շուրջ երկու տասնյակ հուշարձաններ: Դրանց գերակշիռ մասը նորոգել է ՀԱԵ Արցախի թեմը: Ս. Սարգսյանը գոհ չէ նաեւ նորոգման մակարդակից: Նրա համոզմամբ, ճիշտ կլինի դրանք կատարել մասնակի, որովհետեւ ամբողջական նորոգման համար թե՛ ֆինանսական միջոցներն են բացակայում եւ թե՛ չկան համապատասխան մասնագետներ: Հաճախ նորոգումներից փոփոխվում է հուշարձանի արտաքին տեսքըՙ խաթարելով դրա պատմականորեն ձեւավորված կերպարը: Իսկ երբեմն էլ այդ հուշարձաններն ուղղակի իմաստով եվրոնորոգված տեսք են ստանում:
Եթե Ղարաբաղիՙ Ադրբեջանի ենթակայության տակ գտնվելու մոտ 70 տարում պատմական հուշարձանները ոչնչացվել են ադրբեջանցիների խտրական քաղաքականության հետեւանքով, ապա ներկայումս քիչ չեն դեպքերը, երբ դրանք ավերվում են հենց մեր ձեռքով: Մասնավորեցնելով այս մտահոգությունը, Ս. Սարգսյանը «Ազգի» թղթակցի հետ զրույցի ժամանակ ասաց, որ այսպիսի ոչնչացումները հիմնականում տեղի են ունենում շինարարական եւ ճանապարհային աշխատանքների ժամանակ: Օրենքով այդ շինարարությունն իրականացնողը պարտավոր է որեւէ հուշարձանի հանդիպելիս կանգնեցնել աշխատանքները եւ այդ մասին իրազեկել համապատասխան կառույցներին: Դարձյալ նրանց պարտականությունների մեջ է մտնում նույն տեղանքում կատարվող պատմամշակութային բնույթի ուսումնասիրությունների համար ֆինանսավորումը: Ուսումնասիրություններն ավարտելուց հետո նոր միայն շինարարական կազմակերպությունը կարող է շարունակել իր աշխատանքները: Այս մասին թե՛ ճանապարհաշինարարները եւ թե՛, առհասարակ, որեւէ շինարարություն իրականացնողները կամ չգիտեն, կամ էլ չեն ուզում կասեցնել իրենց աշխատանքը, առավել եւսՙ լրացուցիչ միջոցներ ծախսել տեղանքում պատմագիտական հետազոտություններ կատարելու վրա: Նրանց համար թերեւս ձեռնտու է հողին հավասարեցնել կամ էլ հողածածկել այդ հուշարձանը: Ցավով նշելով այս մասին, Ս. Սարգսյանը նաեւ ասաց, որ հաճախ հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման գծով իրենց ներկայացուցիչները զլանում են այս մասին հայտնել վարչությանը: Անշուշտ, կան նաեւ բարեխիղճ շինարարներ, որոնք իրենց պարտքն են համարում գտածոյի մասին տեղեկացնել համապատասխան մարմիններին: Օրինակ, վերջերս Մարտակերտի շրջանի բնակավայրերից մեկում աշխատանքներ կատարելու ժամանակ մ.թ.ա. II-I հազարամյակների դագաղ է հայտնաբերվել: Վարչությունն այդտեղ հետազոտություններ է կատարել, իսկ դագաղը տրամադրվել է Մարտակերտի թանգարանին:
Պատմամշակութային հուշարձանը նաեւ քաղաքական զորեղ կռվան է Արցախի պատմական պատկանելության վերաբերյալ բանավեճերում: Ս. Սարգսյանը դժգոհություն հայտնեց նաեւ, որ այս ուղղությամբ քարոզչական աշխատանքներ քիչ են տարվում: Ադրբեջանը, նրա կարծիքով, միջազգային տարբեր ատյաններում հաջողությամբ է շահարկում Արցախի մշակութային ժառանգությունները, մինչդեռ մեր շատ կազմակերպություններ, որոնք առաքելությամբ կոչված են հենց դրան, պասսիվ վերաբերմունք են դրսեւորում: Իբրեւ ասվածի օրինակ, նա հատկանշեց վերջերս հրատարակված Արցախի հուշարձանների քարտեզը, որը կարելի է թարգմանաբար եւ մեծ տպաքանակով տարածել շատ երկրներում, ինչը, ցավոք, համարյա չի արվում:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ