Այս հարցի պատասխանը հնարավոր է տրվի առաջնության ավարտական տուրում նշված թիմերի միջեւ վաղը կայանալիք վճռորոշ խաղում: Երկու թիմերն էլ վաստակել են 42 միավոր: Բրոնզե մեդալներին տիրելու համար «Արարատին» միմիայն հաղթանակ է անհրաժեշտ, մինչդեռ «Բանանցին» բավարարում է նույնիսկ ոչ-ոքի արդյունքը: Նշենք, որ եթե «Արարատն» այդ հանդիպումով ավարտում է իր ելույթներն առաջնությունում, ապա «Բանանցը» դեռեւս մեկ հանդիպում էլ պետք է անցկացնի արծաթե մրցանակակիր «Միկայի» հետ: Բացառված չէ, որ «Արարատն» ու «Բանանցը» վաստակեն հավասար միավորներ: Այդ դեպքում մրցակարգի համաձայն նախապատվությունը կտրվի այն թիմին, որն անձնական հանդիպումներում ավելի շատ միավոր է վաստակել, այնուհետեւ այդ խաղերում ունի խփած եւ բաց թողած գնդակների լավագույն տարբերություն: Այդ ցուցանիշների հավասարության դեպքում հաշվի կառնվեն առաջնությունում տոնած հաղթանակների քանակը, իսկ հարկ եղած դեպքումՙ նաեւ բոլոր հանդիպումներում խփած եւ բաց թողած գնդակների տարբերությունը: Եթե վերը նշված բոլոր ցուցանիշները հավասար լինեն, ապա բրոնզե մեդալների բախտը կվճռի վիճակահանությունը:
Սակայն կարծում ենք գործը վիճակահանությանը չի հասնի: Նախ նշենք, որ «Արարատի» եւ «Բանանցի» միջեւ կայացած 3 հանդիպումներից մեկում հաղթել են արարատցիները (1-0), 2-ն ավարտվել է մրցակցի հաղթանակով (3-2, 2-1): Այսպիսով, գնդակների տարբերությունը (5-4) «Բանանցի» օգտին է: Եվ այսպես, եթե խաղն ավարտվի ոչ-ոքի, ապա անկախ «Միկա»-«Բանանց» հանդիպման ելքից, «Բանանցը» կնվաճի բրոնզե մեդալները, քանի որ արարատցիների հետ խաղերում տոնել է ավելի շատ հաղթանակ: Բրոնզե մրցանակակիր դառնալու համար «Արարատին» անհրաժեշտ է հաղթել «Բանանցին» առնվազն 2 գնդակի տարբերությամբ: Այդ դեպքում արարատցիներն առավելության կհասնեն շնորհիվ «Բանանցի» հետ խաղերում գնդակների +1 տարբերության: Եթե «Արարատը» հաղթի մեկ գնդակի տարբերությամբ, այդ դեպքում «Բանանցին» հարկ կլինի «Միկային» հաղթել 5 գնդակի տարբերությամբ, ինչը կարծում ենք իրական չէ: Այնպես որ կարելի է վստահորեն փաստել, որ վաղվա խաղում հաղթանակն «Արարատին» բրոնզե մրցանակակիր կդարձնի:
Բավական խճճված իրավիճակ է աղյուսակի ստորին հորիզոնականներում, որտեղ 3 թիմեր կատաղի պայքար են մղում բարձրագույն խմբում իրենց տեղը պահպանելու համար: Այդ պայքարում վճռորոշ նշանակություն կունենա վաղը կայանալիք «Կոտայք»-«Շիրակ» հանդիպման ելքը (խաղը կկայանա «Նաիրի» մարզադաշտում): «Կոտայքը» 18 միավորով եզրափակում է աղյուսակը: «Շիրակն» ունի 21, «Կիլիկիան»ՙ 22 միավոր: Սակայն «Կոտայքն» ու «Կիլիկիան» մեկական հետաձգված հանդիպում պետք է անցկացնեն համապատասխանաբար «Դինամո-Զենիթի» եւ «Փյունիկի» հետ: Իսկ «Շիրակն» ավարտում է առաջնությունը: Եթե շիրակցիները պարտվեն, ապա ամենայն հավանականությամբ հրաժեշտ կտան բարձրագույն խմբին: Ոչ-ոքի արդյունքի դեպքում, եթե նույնիսկ «Կոտայքը» հետաձգված խաղում հաղթի «Դինամո-Զենիթին», «Շիրակը» կպահպանի իր տեղը բարձրագույն խմբում շնորհիվ աբովյանցիների հետ անձնական հանդիպումներում ունեցած արդյունքի (1 հաղթանակ, 3 ոչ-ոքի): Ճիշտ է, դրա համար նաեւ անհրաժեշտ է, որ «Կիլիկիան» փյունիկցիների հետ մնացած 2 հանդիպումներում գոնե 1 միավոր վաստակի: Այդ դեպքում ուժեղագույնների խմբին հրաժեշտ կտա «Կոտայքը»: Բացառված չէ նաեւ, որ երեք թիմերն էլ վաստակեն հավասարՙ 22-ական միավոր: Այդ ժամանակ հաշվի կառնվի միմյանց միջեւ հանդիպումներում վաստակած միավորների քանակը: Այս ցուցանիշով առավելություն կստանա «Կոտայքը» (12 միավոր), իսկ 10-ական միավոր ունեցող «Շիրակի» եւ «Կիլիկիայի» միջեւ տեղերի բաշխման գործում վճռորոշ կլինի անձնական հանդիպումների արդյունքը, որը դրական է «Կիլիկիայի» համար (2 հաղթանակ, մեկական ոչ-ոքի եւ պարտություն): Եվ կրկին «Շիրակը» հրաժեշտ կտա բարձրագույն խմբին: Այնպես որ «Շիրակի» միակ փրկությունը «Կոտայքի» նկատմամբ հաղթանակ տոնելն է, կամ էլ ոչ-ոքի արդյունքը այն պայմանով, որ «Կիլիկիան» գոնե մեկ միավոր կվաստակի: Ահա այսպիսի թվաբանական բարդ հաշվարկներով վերջաբան է սպասում ՀՀ 13-րդ առաջնությանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ